Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Մայիս 13,2020 17:29
kentronakan bank

2020 թ. ապրիլի 28-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն

2020 թվականի ապրիլի 28-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Մարտին Գալստյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը:

Խորհրդի նիստը սկսվեց ապրիլի 28-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները` աշխարհում դեռևս պահպանվող համավարակի, դրա կանխման ու հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև տնտեսության վերականգնման նպատակով իրականացվող ծրագրերի ազդեցությունների գնահատման համատեքստում:

Արձանագրվեց, որ 2020 թվականի մարտին գրանցվել է 0.5% գնաճ, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է, սակայն դեռևս մնում է բավականին ցածր՝ ամսվա վերջին կազմելով -0.1%: Ամսվա ընթացքում հիմնականում աճել են «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գները. մասնավորապես դիտվել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.4% և 6.4% աճ, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է 0.6 տոկոսային կետ: Մարտին այս ապրանքախմբում նվազում է արձանագրվել ձվի և մսամթերքի գների մասով՝ համապատասխանաբար 7.5% և 1.2%: Մարտին ոչ պարենային ապրանքների գները մնացել են անփոփոխ, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.1%-ով: Մարտին 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 0.5%:

Խորհուրդը քննարկեց ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումները, որոնց համաձայն 2020 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը դեռևս պահպանվել է դրական մակարդակում՝ կազմելով 4.0%, ի հաշիվ հունվար և փետրվար ամիսներին արձանագրված բարձր ցուցանիշների: Մարտին արդեն, պայմանավորված կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հետևանքներով, տնտեսության բոլոր ճյուղերում նկատվել է ակտիվության անկում, բացառությամբ գյուղատնտեսության ճյուղի, որը համեմատաբար ավելի քիչ է տուժել՝ պահպանելով հունվար-փետրվար ամիսների դրական միտումները: Համավարակից առավել տուժած ոլորտներն են շինարարությունը, կացություն և հանրային սնունդը, տրանսպորտը, տուրիստական գործակալությունները և սպասարկման այլ ծառայությունները: Առաջին եռամսյակի փաստացի զարգացումները վկայում են այն մասին, որ տնտեսական աճը բավականին ցածր կլինի Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի բազային սցենարով նախանշված ցուցանիշից՝ առավելապես պայմանավորված շինարարության ճյուղի՝ սպասվածի համեմատ ավելի մեծ անկմամբ: Նշենք նաև, որ տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցությունները պայմանավորված են թե՛ առաջարկի և թե՛ պահանջարկի գործոններով, ինչի հետևանքով առաջիկա ամիսներին ակնկալվում է զգալի տնտեսական անկում: Տարվա երկրորդ կեսին տնտեսական աճն աստիճանաբար կսկսի վերականգնվել, սակայն համախառն պահանջարկը, անգամ պետբյուջեի փոփոխված ծրագրով նախատեսված հարկաբյուջետային զգալի խթանման պարագայում, դեռևս թույլ կմնա:

Խորհուրդն անդրադարձավ արտաքին հատվածի զարգացումներին և ներկայիս առողջապահական ճգնաժամի հետևանքով պահպանվող անորոշություններին, որոնց պարագայում համաշխարհային տնտեսության վերաբերյալ կանխատեսումները՝ Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի համեմատ շատ ավելի վատատեսական են։ Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Համաշխարհային տնտեսության հեռանկարների ապրիլյան զեկույցի` 2020 թ-ի համար կանխատեսվում է համաշխարհային տնտեսական աճի -3.0% մակարդակ, սակայն հաշվի առնելով այն հիմնական ենթադրությունը, որ համավարակը 2020 թ-ի երկրորդ կեսի ընթացքում կսկսի չեզոքանալ, ակնկալվում է, որ արդեն 2021 թ-ին համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի և աճը կկազմի 5.8%։ Ընդ որում, ՀՀ գործընկեր երկրներում նույնպես սպասվում է, որ 2020 թվականին կգրանցվի խորը տնտեսական անկում՝ նույն վերականգնման հետագծով: Մակրոտնտեսական ստեղծված իրավիճակում միջազգային ապրանքահումքային շուկաներում պահպանվում են անորոշություններն ու ռիսկերը, որոնց պայմաններում, գների տատանողականությունը հարթելու և տնտեսական աճի վերականգնմանը նպաստելու համար, աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակում են իրականացնել խթանողական դրամավարկային քաղաքականություն։

Խորհուրդը ԿԲ ակտիվ գործողությունների ազդեցությունը ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումների վրա գնահատեց բավականին արդյունավետ, քանի որ դրանց շնորհիվ հաջողվել է չեզոքացնել շուկայի տարբեր հատվածներում մարտի կեսից դիտված լարվածությունն ու ճնշումները: Այդ նպատակով ԿԲ-ն իր հիմնական գործիքի միջոցով ամբողջությամբ բավարարել է ֆինանսական շուկայում դրամային իրացվելիության աճող պահանջարկը, ինչի արդյունքում սկզբնական շրջանում աճ արձանագրած եկամտաբերությունը վերադարձել է հին դիրքին և կայունացել:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդը միակարծիք էր, որ թե՛ ամբողջ աշխարհում և թե՛ Հայաստանում մեծ են անորոշությունները կորոնավիրուսի համավարակի տարածման և դրա կանխմանն ուղղված արտակարգ իրավիճակի պահպանման տևողության առումով: Նման իրավիճակն իր հերթին բացասաբար է անդրադառնում տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման գործընթացի վրա: Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները և կարճաժամկետ հատվածում թույլ համախառն պահանջարկի պահպանման գնահատականները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով: Խորհուրդը նաև գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, գնաճը կանխատեսվող հորիզոնում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն դրա վերջում:

Խորհուրդը քննարկեց նաև առկա գնաճային ռիսկերն ու տնտեսական զարգացման անորոշությունները, որոնք գնահատվում են բավականին բարձր: Սակայն  գերակշռում են կանխատեսված հետագծից գնաճի շեղման ներքևի ուղղությամբ ռիսկերը՝ պայմանավորված թե՛ արտաքին, և թե՛ ներքին գործոններով: Ռիսկերի ցանկացած դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է ըստ անհրաժեշտության համապատասխանորեն ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը, որ կցվում է:

       ԿՈԴ

050.0056 Լ. 28.04.20

28 ապրիլի 2020 թվականի թիվ  56 Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ
սահմանման ՄԱՍԻՆ

            Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «գ» և «ե» կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել 5.0%:
  2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել 6.5%:
  3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը սահմանել 3.5%:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային տնային էջում հրապարակման օրվան հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝                                              Արթուր Ջավադյան

2020 թ. ապրիլի 28

Երևան

2020 թվականի ապրիլի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․0%:

2020թ. մարտին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կրճատվել է և կազմել 0.1%:

Կորոնավիրուսի տարածումը և վերջինիս կանխարգելման առողջապահական միջոցառումները մեծ բացասական ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության, այդ թվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսական աճի վրա և մեծացրել են հումքային ու պարենային գների տատանողականությունը: Չնայած  առաջատար երկրների կենտրոնական բանկերի համատեղ ջանքերի շնորհիվ ֆինանսական շուկաների տատանողականությունը թուլացավ, սակայն անորոշություններն ու ռիսկերը դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում: Գնահատվում է, որ այս ամենը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն։

ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության հետևանքով 2020թ-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտվել է տնտեսական ակտիվության կրճատում: ԿԲ գնահատականների համաձայն երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի կրճատմամբ: Գնահատվում է, որ համախառն պահանջարկը հետագայում նույնպես կմնա թույլ, ինչը որոշ չափով կմեղմվի Կառավարության կողմից իրականացվող համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների խթանող ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են նաև համավարակի հաղթահարման ժամկետների և տնտեսության վերականգնման հետ կապված անորոշությունները, որոնց նվազումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել ՀՀ տնտեսության կառուցվածքի և հեռանկարների ավելի երկարաժամկետ փոփոխությունները:

Հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը, առկա ցածր գնաճային միջավայրը և ֆինանսական շուկաների կայունացումը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում:

Ներկայումս բավականին բարձր են անորոշությունները կարճաժամկետ և երկարաժամկետ տնտեսական զարգացումների վերաբերյալ, ինչը նույնպես Կենտրոնական բանկը փորձում է հաշվի առնել իր գործողություններում: Միևնույն ժամանակ գնահատվում է, որ կանխատեսված հետագծից գնաճի շեղման ռիսկերը գերակշռում են ներքևի ուղղությամբ՝ պայմանավորված թե՛ արտաքին, և թե՛ ներքին գործոններով: Ռիսկերի ցանկացած դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է ըստ անհրաժեշտության համապատասխանորեն ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031