Լրահոս
Օրվա լրահոսը

Աճել են ԱՄՆ-ից դրամական փոխանցումները, այլ երկրներից` կրճատման ֆոնին. ՏԶՆԿ

Մայիս 13,2020 17:19

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ.-ի առաջին եռամսյակում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով  արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումներին:

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 9.68%-ով` կազմելով 353.56 մլն ԱՄՆ դոլար (տե՛ս գծապատկեր 1): 2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 15.98%-ով` կազմելով 164.37 մլն ԱՄՆ դոլար, ինչը հիմնականում բացատրվում է մարտ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ստացվող դրամական փոխանցումների ծավալների 28.15% կրճատմամբ: Դիտարկվող ժամանակահատվածում կրճատվել են նաև այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումները` 8.80%, մինչդեռ ԱՄՆ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը 9.66% աճ է գրանցել: Հարկ է նշել, որ 2020թ.-ի առաջին եռամսյակի դրամական փոխանցումների կառուցվածքում ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումներին բաժին է ընկել ընդհանուր ծավալի 46.49%-ը, ծավալի կրճատումը հիմնականում պայմանավորված է ՌԴ տնտեսությունում գրանցված զարգացումներով (նավթի գների անկում և դրա հետևանքով ՌԴ ռուբլու արժեզրկում), քանի որ արտագնա աշխատանքի չմեկնելու հետ կապված դրամական փոխանցումների կրճատումը հիմնականում կարտացոլվի 2-4 եռամսյակների տվյալներում:

Գծապատկեր 1. ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած փոխանցումները 2019-2020թթ.-ի առաջին եռամսյակում (ԱՄՆ դոլար)

Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա 2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարած փոխանցումների ծավալը կրճատվել է 7.13%-ով` կազմելով 266.18 մլն ԱՄՆ դոլար: Հետաքրքրական է նկատել, որ արտահոսքի դեպքում 2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն եռամսյակի համեմատ 26.86%-ով ավելացել է արտահոսքը դեպի այլ երկրներ` հիմնականում պայմանավորված է 2020թ.-ի հունվար-փետրվար ամիսներին 2019թ.-ի նույն ամիսների համեմատ արտահոսքի ծավալների 52.06% աճով: Սա կարելի է բացատրել մի քանի հանգամանքով` ֆիզիկական անձանց կողմից արտերկրից պատվիրվող ապրանքների ծավալների աճով (տեխնիկա, հագուստ, կոսմետիկա և այլն), ինչպես նաև գույքի վաճառքից ստացված գումարների ծավալների աճով, որոնք փոխանցվել են այլ երկրներ և այլն: 2020թ.-ի մարտ ամսին 2019թ.-ի նույն ամսի համեմատ արտահոսքի ծավալները դեպի ԱՄՆ և այլ երկրներ անկում են գրանցել, մինչդեռ դեպի ՌԴ դրամական փոխանցումներն աճել են 32.06%-ով` կազմելով 36.04 մլն ԱՄՆ դոլար:

2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված և արտերկիր կատարած դրամական փոխանցումների ծավալների կրճատումը հանգեցրել է զուտ ներհոսքի ծավալների շուրջ 17% կրճատմանը` կազմելով 87.38 մլն ԱՄՆ դոլար:

Այսպիսով`դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է ինչպես ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված, այնպես էլ արտերկիր կատարած դրամական փոխանցումների ծավալների կրճատում: Ինչ վերաբերում է 2020թ.-ի տարեկան ցուցանիշներին, ապա ներհոսքի ծավաների կրճատումը պայմանավորված է լինելու համաշխարհային ճգնաժամով և ուղևորափոխադրումների հետ կապված սահմանափակումների վերացման ժամկետներով, իսկ արտահոսքի դեպքում` ՀՀ տնային տնտեսությունների իրական եկամուտների կրճատմամբ և մեքենաների ներմուծման բումի ավարտով:

ՏԶՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031