Ռուսաստանում տարբեր կարգավիճակներով ապրող մի խումբ մարդիկ կառավարության շենքի առջեւ կանգնած՝ հույս են փայփայում, որ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է իրենց օգնել Ռուսաստան վերադառնալու համար:
Դավիթ Հարությունյանը, որ ներկայացավ որպես իրավապաշտպան, Aravot.am-ին ասաց, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է եւ օգնում է ռուսներին եւ այն հայ քաղաքացիներին, որոնք Ռուսաստանում ունեն կեցության կամ ժամանակավոր բնակության իրավունք եւ որոնց ընտանիքները ներկայումս Ռուսաստանում են, վերադառնալ Ռուսաստան: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այդպիսիք հիմա շուրջ 300-ն են:
Նա ասաց, թե ցանկանում են, որ իրենց սեփական մեքենաներով՝ տրանզիտով, ՄԱԿ-ի կամ ոստիկանության ուղեկցությամբ, հատեն Հայաստան-Վրաստան եւ որ ամենակարեւորն է՝ Վրաստան-Ռուսաստան սահմանը:
Մեր հարցին, թե չե՞ն ուզում, որ ավելի շուտ իրենց ընտանիքները վերադառնան Հայաստան, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մենք հայրենիք եկել էինք երկիրը զարգացնելու նպատակով: Բայց արտակարգ դրության պատճառով այստեղ հնարավոր չէ ոչ աշխատել, ոչ որեւէ գործունեություն իրականացնել: Հետեւաբար, մարդիկ, ցավոք, ստիպված են հեռանալ: Կառավարությունը պետք է մարդկանց հասկանա եւ այս հարցում աջակցի»:
Կարդացեք նաև
Դավիթ Հարությունյանն ասաց նաեւ, որ իրենք դիմել են միջազգային տարբեր կազմակերպություններ, սակայն ոչ մի տեղ իրենց աջակցելու փորձ չեն արել: Իրավապաշտպանը կարծում է, որ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է իրենց խնդիրներին լուծում տալ:
Ռուսաստան վերադառնալ ցանկացող Ռազմիկ Գրիգորյանը հավելեց, որ եթե հնարավոր լինի այստեղ աշխատել, վաստակել այնքան, որ կարելի լինի նորմալ հոգալ ընտանիքի հոգսերը, ոչ միայն ոչ ոք չէր ցանկանա հեռանալ, այլ բոլորը կվերադառնային: «Ես ապրում եւ աշխատում եմ Սամարայում: Մեկնել եմ 90-ականների վերջին՝ ոչ լավ օրից: Տեղավորվել եմ, տուն ստեղծել: Ընտանիքս այնտեղ է, երեխաներս Ռուսաստանի գրանցում ունեն: Բայց ամեն տարի գալիս եմ: Հայաստանը միշտ էլ բոլորիս ձգում է: Բայց այստեղի պայմանները չեն տրամադրում, որ դրսի հայերը գան, ապրեն: Այստեղ ժողովրդին քաղաքականապես ճնշում են: Առանց նեղանալու եմ ասում. Ռուսաստանում օրենք կա: Երբ դիմում ես, քեզ լսում են եւ դու կարողանում ես քո իրավունքները առաջ տանել: Այստեղ կարո՞ղ ես, քեզ ո՞վ կլսի՝ ոչ-ոք: Ոնց ուզենան, այնպես էլ կանեն: Երբ դառնա այնպես, որ այստեղ ժողովուրդը իր ուզածը, իր պահանջածը օրենքով ստանա, ոչ մի հայ Ռուսաստանում չի մնա:
Ես եկել ու մնացել եմ, որովհետեւ ղեկավարությունն ինձ խաբեց: Մայրս այստեղ է ապրում: Նրան տարել էի Ռուսաստան: Ոտքը անդամահատել են: 1,5 տարի թոշակ չէր ստանում: Եկել էի այդ հարցով: Նա Ռուսաստանում ժամանակավոր բնակության կարգավիճակ է ստացել, ինչը այնտեղ թոշակավորվելու իրավունք չի տալիս: Եկանք այստեղ: Ձգձգեցին՝ ասելով, թե թոշակի պահով պիտի հարցում ուղարկեն Ռուսաստան: Եթե չձգձգեին, չխաբեին, մենք գնացած կլինեինք ու կարանտինի տակ չէինք ընկնի: Հիմա մնացել եմ այստեղ, իսկ ընտանիքս Սամարայում է եւ իմ կարիքն ունի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ