«Սա լուրջ նահանջ է հեղափոխական օրակարգից: Սա շատ անպատասխանատու քայլ է, որը գին ունի անպայման, և դա քաղաքական պատասխանատվությունն է իշխանությունների վարքագծի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում վեթինգի իրականացման ծրագրին և նաև վերջին օրերին այդ առիթով քննարկումներին, կարծիք հայտնեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի զրույցի ընթացքում վեթինգի իրականացման ծրագրի առնչությամբ հնչած դիտարկումները լուրջ մտահոգություններ են առաջացրել:
Մեր դիտարկմանը՝ շատերը տպավորություն ունեն, որ Ռուստամ Բադասյանը վարչապետին փորձում էր համոզել, որ վեթինգ չի լինելու, տապալել են գործընթացը և հարցին՝ ի՞նքն էլ նման տպավորություն ունի, Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Երևի ոչ միայն փորձում էր, այլ համոզել էր, բայց կարծում եմ՝ պիտի հանրությունն իր ճնշումը բանեցնի, որ հեղափոխական օրակարգից այդ տեսակ խայտառակ շրջադարձ չլինի»:
Լևոն Բարսեղյանի փաստմամբ՝ հանրությունը այդ ճնշումը պետք է գործադրի բոլոր օրինական և բարոյական միջոցներով՝ հրապարակային խոսք, նամակներ, հանրահավաք: Հետո շարունակեց. «Կազդվե՞ն՝ կազդվեն, չէ՞, հանրությունը կսկսի իր կարծիքն ըստ այդմ վերակառուցել: Այս արտակարգ դրության ավարտվելուց հետո մտածում ենք համախոհներով մի հանրահավաք կազմակերպել: Այն, ինչ նախարարը դեմ է տալիս, դա վեթինգ չէ: Ոչ թե թույլ վեթինգ է կամ փափուկ, այլ դա ընդհանրապես վեթինգի հետ կապ չունի: Եթե հանկարծ դա փորձեն կյանքի կոչել, կստացվի այսպես. դատավորներ, որոնք քաղբանտարկյալներ են սարքել անմեղ քաղաքացիներից, հեռուստաալիքներ են եթերազրկել, «Ա1+», «Գալա» փակել են, որոնք ունեզրկել են մարդկանց և բազմաթիվ գործերով իրենց վճիռները քննություն չեն բռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այդ դատավորները կշարունակեն պաշտոնավարել, քանի որ իրենց հայտարարագրերում որևէ խոցելի բան չի լինի, այն էլ 2017-ից հետո հայտարարագրերի: Իսկ այն դատավորը, որը նման հանցագործությունների մեջ խառնված չէ, բայց մոռացել է «գարաժը» հայտարարագրել, նա կարող է զրկվել պաշտոնից: Այս տեսակ այլանդակություն»:
Կարդացեք նաև
Լևոն Բարսեղյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի 2019-ի մայիսի 20-ի ելույթը, որով նա հինգ կետեր առաջ քաշեց, ու հայտարարեց՝ անխուսափելի է և խիստ անհրաժեշտ դատական համակարգի վեթինգը և արմատական բարեփոխումը: Այս առիթով մանրամասնեց. «Դրա երկրորդ կետում ասում է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանում քարուքանդ եղած վճիռների տեր եղած դատավորները պետք է զրկվեն այդ պաշտոններից: Հրաժարականների կոչեր կան, բայց վերջը իշխանությունն իրենք են և ունեին բոլոր գործիքները՝ օրենսդիր գործիքները, եթե պետք էր սահմանադրական փոփոխության հարցը, բայց դրա կարիքը չկար. մեխանիզմներ կարող էին գտնել և պիտի անեին: Եվ, ի դեպ, մեկ տարի առաջ Փաշինյանը դատարանների դռները փակելու ակցիայի ժամանակ այդ ելույթի մեջ ասում էր, որ առաջիկա մեկ-երկու ամսում պիտի այս խնդիրները սկսեն կարգավորվել»:
Իսկ թե հիմա ինչ է տեղի ունենում, Լևոն Բարսեղյանն այսպես նկարագրեց. «Անցել է մեկ տարի. նախարարը բերում է ջրալի մի բան, որի անունը դնում է վեթինգ, որը բոլորովին վեթինգ չէ, ինչն ահագին մարդկանց զայրացրել է: Հիացրել է, իհարկե, դատավորներին և դրանց մերձավորներին, մեղադրյալների մի ամբողջ խմբի է ուրախացրել, քանի որ իրենց դատելու են մարդիկ, որոնց իրենք ժամանակին նշանակել են, ջանուղուրբան են եղել իրար հետ»:
Հարցին՝ ի՞նչը խանգարեց Նիկոլ Փաշինյանին, Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել. մնում է առեղծված: Խնդրում եմ օգտագործել որևէ ասուլիսի առիթ և ուղիղ Փաշինյանին հարցնել այդ մասին: Պետք է ասել՝ այս հինգ կետերը Դուք եք կարդացել, վստահ ենք՝ Դուք որևէ ճնշման տակ չեք եղել, զենք քաշած չեն եղել Ձեզ վրա, երբ կարդացել եք: Այդ հարցը պիտի տրվի այդ մարդուն, որը ստանձնել է պատասխանատվությունը, մենք էլ հանգիստ խղճով տվել ենք մանդատը իշխանության և օրակարգն էլ ինքը հայտարարել է: Այդ օրակարգից նա նահանջում է: Թե նախարարն է համոզել, չի համոզել, մոլորակներն են այդպես դասավորվել և այլն, ինքը պետք է բացատրի: Ինձ համար սա իսկապես առեղծված է»:
Լևոն Բարսեղյանի համար կատարվածը առեղծվածային է հատկապես այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է անցել դատաիրավական համակարգի՝ իր ձևակերպմամբ բոլոր այլանդակությունների միջով: Նա հիշեցրեց կեղծ մեղադրանքները, «7-ի գործով» դատը, Նիկոլ Փաշինյանի ազատազրկումը, բանտում նրա նկատմամբ բռնությունը, ավտոմեքենայի հրկիզումը, թերթի վրա իբր զրպարտությունը, վիրավորանքի հայցերը, 18 մլն դրամի փոխհատուցումը և այլն:
Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ այն, որ Ռուստամ Բադասյանը երիտասարդ է, անփորձ, կրակների մեջ չի եղել, դատական համակարգի այլանդակություններն իր մաշկի վրա չի զգացել, կարելի է այդպես մեկնաբանել նրա հանդուրժողականությունը, սերը, հաշտվողականությունը:
Խոսելով դատավորներին ինքնամաքրման մեխանիզմներ առաջարկելու հայտարարությունների մասին՝ նա ասաց. «Ինքնամաքրման մեխանիզմներ են առաջարկում: Ձե՞ռ եք առել, տղե′րք: Այս այլանդականոցն ինքնամաքրման ռեսուրս ունի՞: Դատավորները, որոնք քսան տարուց ավելի հրամաններ են կատարել Բաղրամյան 26-ից, ունեն ինքնագիտակցություն, բայց դա բավարար չէ ինքնամաքրման համար: Նրանք կաշկանդված են իրենց անօրինական վճիռներով: Ինչքան էլ ուզում է լավը լինեն, լավագույն ելքը հրաժարականն է: Վաղը, մյուս օրը ո՞նց է այդ դատավորն այն օֆշորիստներին դատելու, որոնց ձեռքով ինքը դատավոր էր դարձել: Դատարանում նայելու են իրար աչքերի մեջ, ինքն ասելու է՝ հորս արև, չէի ուզում քեզ դատել, բայց դե, որ հեղափոխություն է եղել, քեզ պիտի դատե՞մ: Չի լինելու: Սա շատ մեծ միամտություն է՝ մեղմ ասած: Դիտավորության մասին հայտարարելու հիմքեր առայժմ չունեմ: Բայց սա լուրջ նահանջ է հեղափոխական օրակարգից»:
Մեր հիշեցմանը՝ շատերը նաև փաստում են, որ արդարադատության նախարարի հրաժարականի պահանջ չկա, նկատողություն չկա, ուստի Նիկոլ Փաշինյա՞նն էլ է գոհ, Լևոն Բարսեղյանն այսպես արձագանքեց. «Դե, ստացվում է՝ այդպես է: Ասացի՝ տպավորություն ունեմ, որ համոզել են, գումարած դատավորների աշխատավարձը բարձրացնել: Անեկդոտ է: Ամենագեշ երազում չէինք կարող տեսնել: Սերժիկի ժամանակներն էլ էին այդ դատավորները, բայց առանց աշխատավարձի բարձրացման: Թեպետ բարձր է եղել, բայց հիմա հեղափոխությունից հետո ստացվում է, որ այդ հանցագործ դատավորները մնալու են իրենց պաշտոնին, մի հատ էլ աշխատավարձն է բարձրանալու»:
Զրույցի վերջում հարցրինք՝ ո՞ւր ենք այսպես գնում, Լևոն Բարսեղյանն ասաց. «Միշտ առաջ ենք գնում, հեչ չխեղճանաք, չզիջեք, չնահանջեք: Մի փորձություն էլ սա է: Ցեղասպանություն, Սերժիկ, Ռոբիկ, երկրաշարժ տեսած ժողովուրդ ենք, այդ էլ պիտի հաղթահարեք: Վեթինգ լինելու է, գեշ է լինելու: Այս իշխանությունը կանի, կանի, չի անի, հաջորդը կանի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ