Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսի հետ առնվազն 1 տարի պետք է ապրենք, պետք է այնպես ապրենք, որ ոչ թե տառապենք, ճգնաժամերի մեջ լինենք, այլ ապրենք». Փաշինյան

Մայիս 13,2020 16:26

«Մենք խնդիր ունենք հակահամաճարակային կանոնները պահելու, բայց առաջին հերթին գաղափարական խնդիր եմ տեսնում, մարդկանց շրջանում տարածված է՝ սուտ է, ստից սարքած է, անիմաստ աղմուկ է եւ այլն: Այսպիսի հայտարարություններով ֆոն է ստեղծվում, որպեսզի մարդիկ զգոնությունը կորցնեն»,-այսպիսի եզրահանգման էր եկել վարչապետ Փաշինյանն այն բանից հետո, երբ այսօր ժամեր առաջ շրջել էր Երեւանի կենտրոնում եւ շփվել քաղաքացիների հետ:

Մինչ կվերադառնար կառավարության իր նստավայրը, ճանապարհին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով ասաց՝ «Քաղաքացիների մի մասը պահանջում է, որ արտակարգ դրության կանոնները խստացվեն, առանց դիմակ փողոց դուրս գալու համար տուգանեն, մյուս մասը՝ հակառակը, պահանջում է հասարակական տրանսպորտը գործի եւ, ընդհանրապես, ոչ մի սահմանափակում չլինի»:

Փաշինյանի կարծիքով, այդ հարցում բանաձեւեր չկան. «Եթե դուք տեսնեք աշխարհի մյուս երկրներում ինչ է կատարվում, կտեսնեք, որ բոլոր երկրերում էլ նույն խնդիրը կա, եւ շփոթվածություն կա՝ ո՛ր միջոցառումն է, որ պետք է մինչեւ վերջ շարունակել եւ դա բավականին բարդ թեմա է, որովհետեւ ունի սոցիալական, տնտեսական բաղադրիչ քաղաքական բաղադրիչ եւ դա, բավականին խնդրահարույց է: Մենք, ցավոք սրտի, չենք կարող այս պահին արտակարգ դրությունը վերացնել, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխվի: Հիմա մեր ռազմավարությունը պետք է լինի, որ մարդիկ ոչ թե տներում փակվեն, այլ իրենց առօրյա կյանքում պահեն հակահամաճարակային կանոնները: Եվ մենք պետք է վարչական լծակներ օգտագործենք, որպեսզի մարդիկ պահեն այդ կանոնները, որպեսզի նաեւ տնտեսությունն աշխատի, մարդիկ աշխատեն»:

Վարչապետի խոսքով, դեպքեր են եղել, երբ մի տան մեջ մեկը վարակվել է, մյուսները չեն վարակվել, որովհետեւ այդ մեկ հոգին իր կարգապահությամբ կարողացել է պահել այդ հեռավորությունը. «Իրար հետ խոսելիս, եթե մոտիկ եք շփվում՝ չի կարելի առանց դիմակի խոսել: Չախտահանած ձեռքերով չդիպչել դեմքին, հատկապես աչքերին, քթին, բերանին: Չօգտվել այնպիսի սպասքից, որի ստերիլությունն առնվազն կասկածելի է: Իմ կոչն է՝ այդ իրավիճակի լուծումը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես: Այս կորոնավիրուսի հետ առնվազն մեկ տարի պետք է ապրենք, պետք է այնպես ապրենք, որ ոչ թե տառապենք, գոյատեւենք, ճգնաժամերի մեջ լինենք, այլ ապրենք»:

Փաշինյանն ասաց, որ բոլոր հարցերից, որոնց մասին գրվում է, բարձրաձայնվում է՝ հասարակական տրանսպորտ եւ այլն, տեղյակ են եւ կառավարության օրակարգում է:

Այդ ընթացքում, երբ վարչապետն ուղիղ եթերում էր, նրան փորձում էին մոտենալ քաղաքացիներ: Փաշինյանը բարեւում, սակայն թույլ չէր տալիս իրեն մոտենալ՝ ասելով, որ պետք է պահել սոցիալական հեռավորությունը. «Կարող է ես վարակված լինեմ, քեզ վարակեմ, հետո դու հայրիկին վարակես, հայրիկը տատիկին վարակի ու տատիկը հիվանդանոց ընկնի»,-ասաց Փաշինյանը իրեն մոտենալ ցանկացող երեխային, ապա, նրան հարցուփորձ արեց. «Տանը խոսո՞ւմ են կորոնավիրուսի մասին, հայրիկը մայրիկն ասո՞ւմ են, որ սա ստից բան է»: Ի պատասխան փոքրիկն ասաց՝ չէ, չեն ասում: Վարչապետի եւ երեխայի խոսակցությանը միջամտեց հայրը՝ եթե ասեինք, պարոն Փաշինյան, հիմա մենք դիմակով չէինք ման գա: Փաշինյանը երեխայի հորն էլ հորդորեց հեռու կանգնել կողքի տղամարդուց: Ի պատասխան քաղաքացին ասաց, որ եղբայրներ են: «Ցավոք սրտի, տենց բան չկա, որ եղբորից եղբորը չի անցնում: Ամեն դեպքում զգուշությունը չի խանգարում»,-ասաց վարչապետը:

Ասաց, որ այսօր խորհրդակցություն են անցկացրել եւ որոշել, որ պետք է խստացնեն պայմանները կորոնավիրուսի պայմաններում ապրելու. «Եթե պարզվի, որ դիմակ կրելը նաեւ փակ տարածքներում պետք է պարտադիր լինի, ապա պիտի կրենք, բայց չենք կարող կիսատ կյանքով ապրենք, պետք է լիարժեք կյանքով ապրենք, ինչը չի նշանակում, որ պետք է վարակվենք եւ վարակենք ուրիշներին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031