Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դրությունը կերկարացվի, դիմակ կրելն էլ, անգամ փողոցում, հնարավոր է` դարձնեն պարտադիր. Փաշինյանը շրջեց կենտրոնում

Մայիս 13,2020 15:06

«Հնարավոր է՝ դիմակ չկրելու համար էլ տուգանեն: Մտածում ենք՝ խստացնենք, որ փողոցում առանց դիմակի թույլ չտան»,-այսօր Երեւանի կենտրոնում, շրջայցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քաղաքացիների հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ արտակարգ դրությունը կերկարացվի, բայց սահմանափակումներ, հավանաբար չեն կիրառվի:

Վարչապետին հարցրին՝ այդ ինչպե՞ս է լինելու, եթե արտակարգ դրությունը շարունակվելու է, աշխատատեղերը բացվելու են, բայց հասարակական տրանսպորտը չի գործում: Նիկոլ Փաշինյանն ասաց. «Արտակարգ դրությունը պետք է, որ Աստված չանի, այս փուլում կոնկրետ բնակավայր պետք լինի փակել, կարողանանք փակել, որովհետեւ առանց արտակարգ դրության չենք կարող փակել: Հանուն ձեր ու ձեր ծնողների անվտանգության համար ենք գնում այս քայլին: Երեխաների հետ կապված, փառք Աստծո, խնդիր չկա, միջին տարիքի հետ կապված խնդիր չկա, խոցելի խմբում են մեծահասակները, մեր ծնողները, եթե մի բան լինի, հետո սրտներիս դարդ է լինելու»:

Փաշինյանը իրեն շրջապատած քաղաքացիներին հարցրեց՝ դուք էլ չեք հավատո՞ւմ, որ կորոնավիրուսն իրական է, ի պատասխան, հավաքվածներից մեկն ասաց՝ հավատում ենք, Ռուսաստանում բարեկամ ունենք, որ վարակվել է:

Վարչապետին շրջապատած քաղաքացիները պահանջեցին խստացնել արտակարգ դրության պահանջները, սակայն նրանցից գրեթե ոչ մեկը դիմակով չէր: Փաշինյանն ասաց, հիմա, եթե դիմակ չկրելու համար նրանց տուգանեին, որպես վարչապետ իրեն կհայհոյեին: Հավաքվածներն ի պատասխան հայտնեցին, որ այո «լիքը մարդ կհայհոյի, քանի որ կասի՝ եթե պահանջում եք, պիտի դիմակ բաժանեք»: Փաշինյանն ասաց, որ 15 օր առաջ չէին կարող պահանջել, քանի որ դեֆիցիտ էր, հիմա դիմակի խնդիր չի լինի, քանի որ Հայաստանում արդեն արտադրություն կա, չնայած մի փոքր թանկ է:

Վարչապետը ոտքով հասավ Շահումյանի հրապարակ, ապա Խորենացի փողոցով դուրս եկավ Ամիրյան փողոց: Այդ ճանապարհին հանդիպեց Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ցույց անող «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներին: Մինչ նրանք կփորձեին Փաշինյանին ներկայացնել՝ ինչից են բողոքում, վարչապետը հարցրեց՝ ինչո՞ւ դիմակով չեք. «Արտակարգ դրության ժամանակ բոլորդ հավաքվել եք, հիմա եթե վիրուս լինի, բոլորդ ձեր ընտանիքի անդամներին կվարակեք»: Նախաձեռնության անդամներից մեկը հակադարձեց՝ իսկ ճի՞շտ է, որ արտակարգ դրության ժամանակ բանկերը զանգում՝ փող են ուզում, ասում են՝ եթե չբերեք ավտոդ, տունդ ձեռքից վերցնելու ենք: Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում 500 հազար մարդու վարկային արձակուրդ է տրվել: Հավաքվածները պնդեցին, որ իրենք բանկերի հետ խնդիր ունեն:

Վարչապետը հինգ կոնկրետ օրինակ ուզեց եւ խոստացավ անձամբ կարդալ ու զբաղվել դրանով. «Կզբաղվեմ, ուրիշ հինգ օրինակ կուզեմ՝ կզբաղվեմ, հետո ուրիշ 50 օրինակ կուզեմ: Բայց սա անընդունելի է, որ այսպես մոտ-մոտ կանգնել եք»:

Փաշինյանին հիշեցրին, որ պատգամավոր եղած ժամանակ խոստացել են, որ բանկերը պետք է տոկոսներն իջեցնեն, Փաշինյանն ասաց՝ իջեցրել են: «Չեն իջեցրել»,- հակադարձեց նախաձեռնության անդամը՝ նշելով, որ 24 տոկոսով վարկ են տալիս: Վարչապետն ի պատասխան ասաց. «2018 թվականին օրենք է ընդունվել, որով տույժ տուգանքները ներվել են, 120 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է եւ 13 միլիարդ դրամի տույժ-տուգանք է ներվել»:

Վարչապետի հետեւից ձայն տվեց մի քաղաքացի՝ ներկայանալով, որ ինքն այն ինքնահրկիզվող անձն է, որը ներողություն է խնդրում, ասաց, որ տասը տարի է տուժած է դատաիրավական համակարգից, սակայն հիմա շնորհակալ է, որ իր գործը վերանայվում է:

Վարչապետին մոտեցավ մի կին՝ հիշեցնելով, որ Արցախում են հանդիպել: Փաշինյանը հարցրեց՝ ինչի՞ եք առանց դիմակի, կինը պատասխանեց՝ ես առողջ եմ:
«Բայց կվարակվեք չէ՞»,-նկատեց Փաշինյանը: «Ճիշտ եք, ճիշտ եք»,-արձագանքեց տարեց կինը, ապա ասաց, որ իր գործում հայտնի մարդիկ են խառնված: Կինը պատմեց, որ իր երկու տունը դրել են գրավ եւ փախել Ամերիկա:

Վարչապետից հետաքրքրվեցին՝ տրանսպորտի առնչությամբ ի՞նչ են որոշելու, քաղաքացիները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատանքի հասնել, ասաց՝ որոշում կլինի կասի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031