Վիճակագիրների համար բարդ խնդիր էր՝ հաշվարկել սպառողական գների ինդեքսը հունվար-ապրիլին: Սպառողական գների հաշվարկի մեջ բավական ապրանքներ են ներառված՝ կահույք, տան նորոգման նյութեր, գորգ ու հեծանիվ, հագուստ ու կոշիկ: Կարճ ասած ապրանքներ, որոնց վերջին մեկուկես ամսվա եզակի գնորդներին (եթե այդպիսիք եղել են) վաճառողները երբեք չեն մոռանա: Որովհետև այդ ապրանքները վաճառող խանութ-սրահների մեծ մասը մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը փակ էին: Այնուամենայնիվ մեր վիճակագիրները պատվով դուրս եկան այդ բարդ իրավիճակից: Դուրս եկան ու հայտարարեցին, որ այս ժամանակահատվածում, այսինքն՝ ապրիլին մարտի համեմատ 0.9 տոկոս գնաճ է եղել: Սա այն դեպքում, երբ մարտը փետրվարի նկատմամբ 0.1 գնանկում էր արձանագրել, իսկ փետրվարը հունվարի նկատմամբ՝ 0.5 տոկոս ու կրկին գնանկում:
Բարդ չէ ենթադրելը, որ առևտրի համարյա բոլոր ոլորտների կրճատման պարագային 0.9 տոկոսանոց գնաճ արձանագրվել է հիմնականում (ավելի ստույգ՝ բացառապես) սննդամթերքի գնաճի հաշվին: Իսկ սննդամթերքի գնաճի մասին մեր նախկին ու ներկա իշխանությունները բավական ինքնատիպ ու միօրինակ մոտեցում ունեն:
Մեկ-երկու տարի առաջ, երբ թանկացել էր մսամթերքը, նախկին ԱԺ մի պատգամավոր խորհուրդ տվեց դրանից ողբերգություն չսարքել: Որովհետև ժողովրդի մեծ մասը ի վիճակի չէ սննդամթերք գնել, ուստի թանկացումը չի նկատի: Իսկ մեկ-երկու շաբաթ առաջ որոշ սննդամթերքների գնաճի առիթով գործող նախարարներից մեկը խորհուրդ տվեց գնել փոխարինիչներ: Այս փոխարինիչներ «սպառելու» առաջարկը, ցավոք, լուրջ հեռանկար է դառնում:
Խմիչքի ու ծխախոտի գնաճը սպասելի էր՝ ակցիզային հարկադրույքի փոփոխությունների պատճառով: Ապրիլ ամսին ալկոհոլը մարտի նկատմամբ թանկացել է 11.8-17.3 տոկոսով, ծխախոտը՝ 9.3: Բայց մի շարք ապրանքատեսակների գնաճը միանշանակ կարելի է բացատրել բնակչության գնողունակության անկմամբ (պարզ ասած՝ աղքատացմամբ): Որովհետև և՛ մարտ ամսվա, և՛ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գնաճ արձանագրվել է խոցելի խմբերի առավել շատ սպառած ապրանքատեսակների գնով: Նախկին պատգամավորի «բացահայտումից» գիտենք, որ մսամթերքն այդպիսի ապրանքատեսակ չէ: Տավարի մսի գինը չի փոփոխվել, իսկ խոզի մսի գինը նույնիսկ նվազել է 5.7 տոկոսով: Մարտ ամսվա համեմատ: Նույն մարտի համեմատ աճել են հացաբուլկեղենի գները՝ 3.2 տոկոս, բրնձինը՝ 6.2, ալյուր-ձավարեղենինը՝ 8.4, մակարոնեղենինը՝ 8.1 տոկոս: Այսինքն` աճել են խոցելի կամ ավելի անկեղծ բնութագրմամբ՝ աղքատ խավի սպառած հիմնական սննդամթերքների գները:
Կարդացեք նաև
Պատկերն ավելի ամբողջացնելու համար կարելի է բերել նաև հետևյալ փաստը՝ կարտոֆիլը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5.7 տոկոս գնաճ ունի: Հասկանալի է, որ առևտրի ծավալների կրճատման ընդհանուր ֆոնին գնաճը ցածր մակարդակում «արձանագրելու» համար օգնության են գալիս մյուս ապրանքատեսակները: Այդ «անշարժ»՝ այսինքն` առքուվաճառք չարձանագրող շուկայում ցանկության դեպքում կարելի է գները կայուն համարել, կարելի է նվազում նկատել: Բայց նաև կարելի է ավելացնել, որպեսզի համեստ, բայց ընդհանուր 0.9 տոկոսանոց գնաճը միայն սննդամթերքի թանկացման հաշվին չարձանագրվի:
Այս պահին, օրինակ, արձանագրվել է, որ կահույքը թանկացել է 3.9 տոկոսով: Բայց դա միևնույնն է, մեղմ ասած, բացատրություն է թղթի վրա: Իսկ թուղթը հայտնի բան է՝ ամեն ինչ հանդուրժում է: Եվ այդ նույն թղթի վրա արձանագրված է, որ միրգը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրել է 23-25 տոկոսանոց գնաճ: Բանջարեղենն ավելի բարձր ցուցանիշներ ունի՝ 20.5-27 տոկոս գնաճ (սննդամթերքի ընդհանուր գնաճը նախորդ տարվա համեմատ 5.7 տոկոս է):
Իհարկե, կարելի միրգ-բանջարեղենի գնաճը բացատրել նրանով, որ համավարակի օրերին բժիշկները խորհուրդ են տալիս վիտամիններով հարուստ սնունդ ներառել սննդակարգ: Բացատրել, իհարկե, կարելի է: Բայց ոչ մի բացատրությամբ դրանք հասանելի չեն դառնա աղքատ ու գնողունակությունը զիջող խավերին:
Արա ԳԱԼՈՅԱՆ
Տնտեսական մեկնաբան