Լրահոս
Օրվա լրահոսը

Հոդվածը երբևէ այնպիսի փոփոխությունների չի ենթարկվել, որոնք կհանգեցնեին արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի փոփոխման. ԱՆ պարզաբանումը

Մայիս 13,2020 15:13

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանվում են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնության հետ կապված հանցագործությունները:

Մասնավորապես, այս հոդվածի 1-ին մասի «ա» կետը նախատեսում է, որ յուրաքանչյուր Կողմ քրեականացնում է դիտավորությամբ կատարված այն երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, որը, ազգային իրավունքի համապատասխան դրույթների համաձայն, չի հասել սեքսուալ բնույթի գործողությունների համար օրենքով սահմանված տարիքին։

Կարևոր է արձանագրել, որ վերը նշված 1-ին պարբերության նպատակներով յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում այն տարիքը, որից ցածր տարիքի դեպքում արգելվում է երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողություններում ներգրավվելը՝ անկախ փոխադարձ համաձայնության առկայությանը:

Թեև 18-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է, որ «ա» կետի դրույթները նախատեսված չեն անչափահասների միջև փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ բնույթի գործողությունները քրեականացնելու համար, սակայն նշենք, որ ըստ Կոնվենցիայի՝ յուրաքանչյուր պետության ներպետական իրավունքով է որոշվում, թե որն է օրենքով սահմանված այն տարիքը՝ այդպիսի գործողություններով զբաղվելու համար։

Այնուհետ, Կոնվենցիայի բացատրական զեկույցի 129-րդ կետում նշվում է, որ Կոնվենցիան նպատակ չունի քրեական պատասխանատվություն սահմանելու անչափահասների միջև փոխհամաձայնեցված սեռական բնույթի գործողությունների համար, եթե նույնիսկ նրանք չեն հասել ներպետական իրավունքով սեռական բնույթի գործողությունների համար սահմանված տարիքին: Ընդ որում, պետությունների հայեցողությանն է թողնված որոշելու, թե ազգային օրենսդրության համաձայն ո՞ր տարիքի երեխան է համարվում «անչափահաս»:

Ամփոփելով, պետք է ասել, որ Կոնվենցիան միացող որևէ պետության չի սահմանափակում որոշելու այն նվազագույն տարիքը, որից ցածրի դեպքում, անգամ փոխհամաձայնությամբ, անձանց միջև սեռական բնույթի գործողությունները կունենան քրեաիրավական բնույթ։

Ինչ վերաբերում է նկարագրված դեպքին (18 տարին չլրացած անձի կողմից 12 տարեկան անձի հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունենալու հանցակազմը «հեռանկարային» փոփոխությունների արդյունքում վերացնելուն), ապա հարկ է նշել, որ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով։ Սույն հոդվածը երբևէ այնպիսի փոփոխությունների չի ենթարկվել, որոնք կհանգեցնեին քննարկվող արարքը կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի՝ 18 տարեկանի փոփոխման։

Պարոն Դանիելյանը, թերևս, նկատի է ունեցել 1961 թվականի ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածը, ըստ որի, ազատազրկում էր նախատեսված տասնվեց տարեկան չդարձած կամ արբունքի չհասած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար: 1961 թվականի ՀԽՍՀ քրեական օրենսգիրքն ուժը կորցրած է ճանաչվել 2003 թվականին, որից 4 տարի անց է ընդունվել Կոնվենցիան։

Ստորագրման և Վավերացման մասին

Նախ պետք է նշել, որ պետությունների համար նախատեսված չէ միջազգային իրավունքից բխող միջազգային պայմանագրերը ստորագրելու, ապա վավերացնելու պարտավորություն։ Միջազգային պայմանագիրը ստորագրելչստորագրելու, վավերացնելչվավերացնելու վերաբերյալ որոշումները պետության ինքնիշխանությունից բխող գործողություններ են, որոնց կայացմամբ արտացոլվում է թե՛ փաստաթղթի իրավական գնահատականը և թե՛ բազմաթիվ այլ շահեր՝ քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական, սոցիալական և այլն։

Այդուհանդերձ, «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները, որոնք ստորագրել են միջազգային պայմանագիրը, պարտավոր են «խուսափել այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են պայմանագրի առարկայի և նպատակների հետ»: Իսկ ստորագրման պահին ակնհայտ էր, որ Կոնվենցիան ենթադրում է վավերացում։

Կարևոր է արձանագրել, որ Կոնվենցիան ՀՀ կողմից ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերին՝ առանց որևէ վերապահման։ Այդ ժամանակ գործող «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կոնվենցիայի ստորագրման համար իրականացված ներպետական համաձայնեցման գործընթացում ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ կարծիք է ներկայացվել ժամանակի թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (05.10.2009թ.), և թե Արդարադատության նախարարությունների (19.06.2010թ.) կողմից։

Ուստի, այսօր անկեղծ շնորհակալություն ենք հայտնում նաև այդ օրերի Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարներին Կոնվենցիայի վավերացման գործընթացի սկիզբը դնելու համար։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031