Լրահոս
Օրվա լրահոսը

COVID-19-ով պայմանավորված սահմանափակումներին դեմ հայտարարություններ անող մարդիկ հանրությանը տանում են դեպի մահ. Արա Բաբլոյան

Մայիս 13,2020 14:52

«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ միայն COVID-19-ից մահացությունը կազմում է 2-5 տոկոս: Այսինքն, եթե նույնիսկ Հայաստանի համար դիտարկենք նվազագույն ցուցանիշը` 2 տոկոսը, ապա 3 միլիոն բնակչության վարակվածությունը կբերի 60.000 մահվան դեպքերի: Սա այն պարագայում, երբ բնական մահով Հայաստանն ունի տարեկան 25-30 հազար մահվան դեպք»,- Aravot.am-ի հետ զրույցում նման վերլուծություն ներկայացրեց առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը:

Հարցն այn է, որ COVID-19-ի հետ կապված շրջանառվում են տարբեր կարծիքներ` արդյոք կարիք կա՞ պայքարելու, միջոցառումներ ձեռնարկելու, կարանտին հայտարարելու, եթե պիտի հայտարարվեր կարանտին եւ կամաց-կամաց ամեն ինչ բացվեր, ապա ինչի՞ համար էր կարանտինը եւ այլն: Նույնիսկ կտրուկ հայտարարություններ եղան, այդ թվում նաեւ տարբեր բժիշկների կողմից, որ ինչքան շատ մարդ վարակվի COVID-19-ով, այնքան շուտ իմունիտետ կզարգանա հիվանդության նկատմամբ, հետեւաբար, հետո ավելի քիչ կվարակվեն մարդիկ այդ վարակով:

«Կարանտինը նրա համար էր, որպեսզի կարողանայինք մարդկանց դաստիարակել, կրթել, սովորեցնել, որ իրենք իրենց վարքագիծը պետք է ձեւավորեն վիրուսի նկատմամբ: Օրինակ, մարդիկ կարողանային սոցիալական հեռավորություն պահպանել, ձեռքերով չշփվել, աշխատանքը ճիշտ կազմակերպել, տրանսպորտային միջոցներից ճիշտ օգտվել: Այս կարանտինի ողջ ընթացքում մենք պետք է նշված գործողություններն անեինք, կարգապահ հասարակություն ձեւավորեինք, քանի որ COVID-19-ի հետ դեռ ամիսներ շարունակ պետք է համատեղ ապրենք»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այսօր հնչեցնել հայտարարություններ, թե սահմանափակումներ պետք չեն, կարելի է հանգիստ շփվել եւ այլն, նշանակում է թյուրիմացության մեջ գցել բնակչությանը: «Ես տեսնում եմ, մտահոգվում եմ, որ այսօր բնակչությունն արդեն չի պահպանում անհրաժեշտ կանոնները, իսկ այն հայտարարությունները, որոնք թվացյալ կերպով բերում են կյանքի հեշտացման, հետո կբերեն ավելի բարդ արդյունքների: Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար, այն մարդի՞կ, ովքեր նման հայտարարություններ են անում»,- իր վրդովմունքն արտահայտեց Արա Բաբլոյանը՝ կրկին դիմելով հանրությանը եւ հորդորով` չլսել եւ անտեսել նման կարծիքները:

Անդրադառնալով այս օրերին հնչած այն տեսակետներին, որ COVID-19-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից «ավանտյուրա է» եւ, որ այս ընթացքում կոնկրետ մարդիկ գումարներ են աշխատում, մեր զրուցակիցը հայտարարում է. «Ես՝ Արա Բաբլոյանս, այս թեմայով որեւէ անձնական շահագրգռվածություն չունեմ, միակ շահագրգռվածությունս այն է, որ մեր բնակչությունը, երեխաները քիչ հիվանդանան եւ մահացության արդյունքների բարձրացում չլինի: Այս մարդիկ`սահմանափակումներին դեմ հայտարարություններով եւ գործողություներով, մեր հանրությանը տանում են դեպի մահ»:

Դիտարկմանը, որ վերջին շրջանում վարակվածության դեպքերի կտրուկ աճ է գրանցվում, մեր զրուցակիցը արձագանքեց. «Վերջին շրջանում վարակվածության դեպքերի կտրուկ աճ է գրանցվում միայն այն պատճառով, որ սկսեցին հայտարարություններ, թե պետք չեն սահմանափակումներ, կարելի է անարգել շփվել: Բնակչությունը լսում եւ հավատում է այս ամենին, որովհետեւ կյանքն այդպես ավելի հեշտ է»:

Արա Բաբլոյանը քննադատություններին, այդ թվում նաեւ իշխանության գործողություններին ուղղված, դեմ չէ. «Քննադատելը յուրաքանչյուրի իրավունքն է, սակայն չի կարելի քննադատելուց օգտագործել եւ այնպիսի հայտարարություններ անել, որոնք վնաս են տալու մեր ժողովրդին: Կան հայտնի բաներ, որոնք պետք է բերեին COVID-19-ի հաղթմանը, եթե ձեր կարծիքներն այլ են, ապա գոնե քննադատելուց մի օգտագործեք այն ամենն, ինչը կբերի մեր ժողովրդին վտանգելուն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031