Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ է, որ մենք ճանապարհ, որպես այդպիսին, իրար հետ չենք անցել». Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Մարուքյանին, թե իրար հետ հաց ենք կերել, ճանապարհ անցել

Մայիս 13,2020 14:32

«Ես ընդունում եմ պարոն Մարուքյանի՝ անձնական բնույթի վիրավորանքների հետ կապված ներողությունը եւ կոչ եմ անում իրենց վերադառնալ նիստերի դահլիճ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Լրագրողները փոխանցեցին Մարուքյանի մերժողական պատասխանը եւ այն, որ քանի դեռ իշխանությունը բռնությունը չի դատապարտում, որեւէ երաշխիք չկա, որ նորից բռնության չեն ենթարկվի՝ նիստերին գալով:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ բռնությունը ամենաբարձր մակարդակով դատապարտվել է. «Կոչ եմ անում, որ որեւէ տեղ սադրանքներ չանի՝ դահլիճում կամ այլ տեղ: Օրինակ` իր վերջին live-ը, որտեղ ինքը էլի կոնկրետ սադրում էր, ասում էր բա ո՞ւր եք, չեք գալիս, բա եկեք»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, երբ որ «Լուսավոր Հայաստանի» անդամներն ասում են՝ «բա իրեր հետ ճանապարհ ենք անցել», դա կլիներ ճանապարհ այն ժամանակ, երբ փորձություն անցնելիս կողքինն իրեն ճիշտ դրսեւորեր. «Մենք հասկացանք, որ, օրինակ, հեղափոխության օրերին պարոն Մարուքյանը նույն ձեւ բղավում էր եւ ասում էր, որ կա երրորդ ճանապարհ, հարցազրույցներ էր տալիս մեր դեմ: Պարզ է, որ մենք ճանապարհ, որպես այդպիսին, իրար հետ չենք անցել»:

Ինչ վերաբերում է անձնական դաշտ տեղափոխելուն, թե «իրար հետ հաց ենք կերել», «ձեր մոր ձեռքերը համբուրեմ», Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե ինքը իմ հետ հաց էր կերել, ո՞նց էր սեռական բնույթի հայհոյանք անում»:

Մարուքյանը հարցադրում էր հնչեցրել. «Հարց՝ «Լուսավոր Հայաստանո՞ւմ» շատ մարդ կա նախկին իշխանությունների հետ կապված, թե՞ «Իմ քայլը» դաշինքում: «Իմ քայլը» դաշինքի ձեւավորած կառավարությունո՞ւմ կա շատ մարդ նախկին իշխանություններից, թե՞ մեր մոտ: Մեր մոտ ոչ մի հատ չկա, ոչ մի հոգի»: Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ բոլորին շանս են տվել, չէին կարող ամբողջ կառավարող կազմը ջնջել. «Ուղղակի Հայաստանում այդքան մարդ չի մնա»:

Վերջում Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց, որ «Լուսավոր Հայաստանի» սադրանքին տրվել են ու խոստացավ. «Հաջորդ անգամ չենք տրվելու սադրանքի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031