Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ վեճ՝ ԱԺ միջանցքում. Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոնյանն առերեսվեցին՝ ապացույցներով

Մայիս 13,2020 14:07

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նկարագրելով վերջին քառօրյայում ծեծկռտուքի, միջադեպերի հաջորդականությունը, ասաց, որ ինքը շատ բորբոքվել է նրանից, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ամբիոնի մոտ սուտ է խոսել, ասել է, որ հեղափոխության ժամանակ մարդկանց փողոցում ծեծելիս են եղել, ինքը sms է ուղարկել իրենց ու ԼՀԿ-ից որեւէ մեկը դուրս չի եկել, ինչը սուտ է:

Ասուլիսի սրահից դուրս գալիս Մարուքյանն առերեսվեց Ալեն Սիմոնյանի հետ, որը իր բջջային հեռախոսը պարզած՝ մոտեցավ ու ասաց. «Տեսա՞ր, որ սուտ չի»: Նա ցույց տվեց իր sms-ը, այդ ընթացքում «Լուսավոր Հայաստանից» Արմեն Եղիազարյանը իր հեռախոսով նկարում էր ու հավաքում փաստը: Մարուքյանն արձագանքեց. «Քո ասածը սուտ է: Մենք Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել էինք, որ երբ բռնություն կկիրառվի, մենք դուրս կգանք եւ կաջակցենք: Հիշո՞ւմ եք, որ ես եւ Արամ Զավենի Սարգսյանը գալիս ենք, հիշո՞ւմ եք, սա այդ դրվագն է»: Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց՝ ասելով, որ հեռախոսում փաստացի ապացույցը կա, «Ելք» դաշինքի խումբն է, իրենց գրառումներն են. «Ամսի 16-ին իմ դեմ բռնություն է եղել, ամսի 16-ին մեր վրա գրանատ են շպրտել, ես վիրավորվել եմ: Դուք չեք եկել»: Մարուքյանը ԶԼՄ-ներին հորդորեց այդ օրվա կադրերը հանել:

Ալեն Սիմոնյանը, ցուցադրելով sms-ները, հարցնում էր. «Հիմա ասա՝ սո՞ւտ է, թե՞ սուտ չի»:

Մարուքյանը չընկրկեց՝ պատասխանելով, որ «սուտ է» ու խոստացավ, որ ֆեյսբուքյան իր էջում այդ կադրերը կհրապարակի ու կապացուցի, որ իրենք դուրս են եկել:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ Մարուքյանենք ամեն ինչ արել են, որ իրենց հարվածեն: Սկսեց բանավեճ: Ալեն Սիմոնյանը հորդորեց. «Ցավդ տանեմ, ազատ խոսքն ու վիրավորանքը տարբերի: Ես պատասխանել եմ վիրավորանքների»: Մարուքյանն էլ արձագանքեց. «Ցավս մի տանի, որովհետեւ դուք այսօր ժողովրդի տված քվեն ու ձեր վստահությունը ամեն օր մսխում եք»:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ իրենք «Լուսավոր Հայաստանին» շանս են տվել, բայց այդ շանսը ինչպես հարկն է՝ չի օգտագործվել: Մարուքյանը հակադարձեց. «Հա՜, էն որ խնդրում էիք ձեր հետ մի ցուցակով մասնակցե՞նք, դա՞ էր շանսը»:

Ավելի ուշ լրագրողներին ճեպազրույց տվեց Ալեն Սիմոնյանը՝ մանրամասները՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031