«Ելնելով արտակարգ դրության վիճակից, ընդառաջելով եւ պահպանելով ՀՀ օրենսդրությունը՝ պատրաստակամ ենք այս գրությունները փոխանցել ԿԲ-ին՝ ի շահ այն քաղաքացիների, որոնք մեզ դիմել են»,-այսօր հայտարարեցին ՀՀ կենտրոնական բանկի դիմաց ցույց անող քաղաքացիները: «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները համաձայնեցին կատարել ոստիկանության պահանջն ու հեռանալ: «Գրությունները հանձնում ենք առանց բախումների՝ ակնկալելով պատասխաններ ստանալ, որոնք էլ կտրամադրենք ԶԼՄ-ներին»,-նշեցին նրանք:
Տեղեկացնենք, որ ցույցի ժամանակ ոստիկանները հավաքված քաղաքացիներին ու լրագրողներին հորդորում էին սոցիալական հեռավորություն պահպանել:
Ոստիկանությունը հայտարարեց, որ առանց այդ էլ հանդուրժողականություն են դրսեւորում, իսկ ԶԼՄ-ները չեն կարող ցուցարարների հետ ներս մտնել: Թույլատրեցին ԿԲ մուտքին մոտենալ միայն երկու ցուցարարի՝ արտակարգ դրության պայմաններում կուտակումներից խուսափելու նպատակով: «Արդեն հավաքի եք վերածում: Երեկվանից կոչ ես անում հավաքվել ԿԲ-ի մոտ եւ փաստացի պատասխանատվություն վերցնում: Ես ժամանակ եմ տվել, բարի կամք եմ դրսեւորում: Որեւէ կոչ ու սպառնալիք չլինի, սպասեք, որ իջնեն վերցնեն: Իրարից մեկ մետր հեռու կանգնեք»,-ասաց ոստիկանը ցուցարար Մանուել Մանուկյանին:
Լրագրողների հարցին՝ «այսպիսով ավարտելո՞ւ եք ցույցը», կազմակերպիչներից մեկը պատասխանեց. «Եթե ոստիկանությունը պահանջ է ներկայացնում, որն օրինաչափ է, մենք էլ իրավաչափ վարքագծով մարդիկ ենք… Որպեսզի այս ամենն այլ զարգացումներ չստանա, ընդառաջում ենք եւ ցանկություն չունենք կարգը խանգարելու: Միեւնույնն է, արտակարգ դրությունն ի վերջո ավարտվելու է, ժողովուրդն էլ էլի գալու է»:
Կարդացեք նաև
Մանուել Մանուկյանն էլ հայտարարեց՝ միտված չեն խնդիրներ առաջացնելու, մինչդեռ ոստիկանությունը մտադիր է իրենց բերման ենթարկել. «Երբ արտակարգ դրությունն անցնի, այստեղ հազարավոր քաղաքացիներ են հավաքվելու: Ժողովուրդ ջան, չվախենաք վարկային կազմակերպությունների սպառնալիքներից»:
Ապա ներկայացավ ԿԲ աշխատակիցներից մեկը, որին ցուցարարները փոխանցեցին պահանջ-գրությունները՝ կապված բանկային համակարգի բարձր տոկոսադրույքների հետ:
Գրությունների մանրամասները նրանք պատրաստվում են առաջիկայում ներկայացնել մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկ ցույցի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել, բերման ենթարկվածներն ավելի ուշ բաց էին թողնվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ