Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արդեն ազատամարտիկներ են այս թեմաների մեջ խառնվում… երբ որ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին». Մարուքյան

Մայիս 13,2020 13:08

Քաղաքական մեծամասնությունը դուք եք: Մեծամասնությունը ե՛ւ թվակազմով է շատ, ե՛ւ օրակարգ թելադրող պիտի լինի, բայց ստացվում է, որ քաղաքական փոքրամասնության թելադրած օրակարգի հետեւից դուրս է գալիս քաղաքական հարթությունից եւ իջնում ինչ-որ ուրիշ մակարդակի օրակարգ: Դուք պատրաստվո՞ւմ եք վերախմբագրել ձեր վարքագիծը ու չտրվել այդ ուրիշ օրակարգերին: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս հարցերն ուղղեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Խոսքը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին էր: Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Որպեսզի չստացվի, որ քաղաքական մեծամասնությունը տրվում է քաղաքական փոքրամասնության օրակարգին, ես կանեմ առաջին քայլը եւ չեմ պատասխանի ձեր հարցին»:

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը , ամփոփելով կատարվածը, հիշեցրեց, որ ինքը քաղաքական հետեւանքներ է ակնկալել միջադեպից հետո, բայց Նիկոլ Փաշինյանի ելույթը լեգիտիմացրեց խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը եւ ավելին՝ սկսեց մի արշավ, որը միտված է բռնության զոհին դարձնել հիմնական մեղավոր. «Այդ արշավն այսօր էլ թափ է հավաքում: Խորհրդարանում հնչած այլընտրանքային, ընդդիմադիր, սուր խոսքը որակում են որպես սադրանք ու ասում են՝ այդ ժամանակ կարելի է բռնություն կիրառել ու երրորդը՝ այդ բռնությունն արդարացված է»: Ըստ Մարուքյանի, սա ազդելու է բոլոր ոլորտների, ընդդիմադր խոսքի վրա. «Մեզ ամեն ինչ արել են, փորձ են արել, որ տեղափոխեն այն դաշտը, որը մերը չի՝ սպառնալիքներ, ինչ-որ իրավիճակներ, որոնք փորձ կանեն մեզ դուրս դնել օրենքից: Մենք չենք մտնելու այդ դաշտ: Բնականաբար, միս ու արյունից մարդիկ ենք եւ տարբեր իրավիճակներում մեր նյարդերն են տեղի տալիս, համբերության բաժակ է լցվում, տարբեր տեղերում մեզ թույլ ենք տվել որոշակի վրիպակներ, որի համար մենք էլ ենք ցավում: Բայց հարցը քաղաքական է, հարցի հիմքը քաղաքական է»:

Ըստ Մարուքյանի, քաղաքական հարցի տիրույթ են ներմուծվել անձնական բնույթի հարցեր ու խորհրդարանի ամբիոնից փորձել են շահարկել անձնական բնույթի հարցեր ու սրբություններ ու դրանով փորձ է արվում բուն իրողությունը քողարկել ու արդարացնել տեղի ունեցածը. «Որեւէ մեկի սրբությանն ուղղված որեւէ ոտնձգություն մեր կողմից չկա: Եթե մեր կամ մեր հետեւորդների հայտարարություններից որեւէ մեկը նման կերպ է դիտարկվել, ես ներողություն եմ խնդրում»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Մարուքյանն ասաց. «Պարոն վարչապետ, որ ելույթ էիք ունենում, դատապարտեցի՞ք, օրինակ, մեջքից, թիկունքից խփողներին: Ոչ: Օրեր են անցնում, քանի գնում, թեժանում են, արդեն զինված սպառնալիքներ: Ո՞ւր է վարչապետը, դատապարտե՞լ է, ինչ-որ բան արե՞լ է այդ ուղղությամբ: Շարունակում է չանել ու այդ ամեն ինչը սրվում է: Արդեն ազատամարտիկներ են այս թեմաների մեջ խառնվում: Մտովի հետ եմ գնում 2008-2009 թթ., երբ որ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին: Նրանք այսօր պաշտպանում են Սասուն Միքայելյանին, որը պաշտպանության կարիք չունի, այդ թվում՝ մեզանից»:

Մարուքյանը հայտարարեց, որ ամեն ինչ արվելու է, որ մանիպուլացնեն ժողովրդին, ջուրը պղտորեն, որ մոռացվի «խուլիգանական պահվածքը» իրենց նկատմամբ, բայց իրենք դա թույլ չեն տալու:

Լրագրողները Մարուքյանին փոխանցեցին Ռուբեն Ռուբինյանի խոսքերը, որ «Լուսավոր Հայաստանը» նախկինների հետ նույն համատեքստում է գործում: Մարուքյանը պատասխանեց, որ իրենք ոչ մի կապ չունեն նախկինների հետ ու իր պնդումները հավաստող որեւէ ապացույց Ռուբինյանը չներկայացրեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031