Aravot.am-ը բազմաթիվ նամակներ է ստանում, թե ինչպես է եւ երբվանից է աշխատելու օրենքը մագիստրատուրայում սովորող աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկից փոխհատուցելու մասին:
Aravot.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը նշեց, որ օրենքը կգործի սեպտեմբերի 1-ից, իսկ մինչեւ հունիս ամսվա առաջին տասնօրյակը դեռ պետք է ցանկ հաստատվի, որովհետեւ ոչ բոլոր մասնագիտությունների վրա է այն տարածվելու: Կառավարությունը պետք է հաստատի այն մասնագիտությունների ցանկը, որոնց դեպքում օգտվելու են եկամտահարկով փոխհատուցումից:
Ռոբերտ Սուքիասյանն ասաց, որ այս պահին դեռ աշխատում են: Նաեւ ընդգծեց, որ օրենքի դրույթը տարածվելու է միայն հավատարմագրված բուհերի վրա՝ առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ կլինիկական օրդինատուրայում սովորող եւ միաժամանակ վարձու աշխատող համարվող անձանց վրա:
«Ինչպես արդեն նշեցի՝ օրենքն ընդունվել է, եւ եռամսյա ժամկետում կառավարությունը պետք է հաստատի մասնագիտությունների ցանկը: Այս պահին աշխատում ենք համապատասխան գերատեսչությունների հետ, ճշգրտում ենք՝ ըստ գերակայությունների ուղղությունները, կարծիքները վերջնական ամփոփելուց հետո կուղարկենք կառավարություն: Ըստ օրենքի՝ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը կհաշվարկվի 2020-ի սեպտեմբերի 1-ից: Օրենքի դրույթը տարածվելու է նաեւ հավատարմագրում անցած ոչ պետական բուհերի վրա»,-ասաց ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ