Յութուբում վերջերս գործարկվել է մի ալիք, որը կոչվում է Dr. Armen Sarkissian: Այնտեղ տեղադրված են նախագահ Արմեն Սարգսյանի հեռավար դասախոսությունները, տարբեր վեբինարների տեսագրություններ:
Aravot.am-ի հարցին, թե ինչ նպատակով է այս ալիքը ստեղծված և արդյոք կարելի՞ է պաշտոնական ռեսուրս համարել, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ այդ հարթակում հիմնականում տեղադրվում են ՀՀ նախագահի վիդեոբլոգային ձեւաչափի հանդիպումները, քննարկումները, դասախոսությունները:
«Լինելով գիտնական, դասախոս, միջազգային հեղինակավոր մի շարք կոնֆերանսների, ֆորումների, վերլուծական (think tank) կենտրոնների համահիմնադիր կամ ընդգրկված լինելով դրանց խորհրդի կազմում՝ նախագահ Սարգսյանը նաև մասնակցում է տարբեր քննարկումների, որոնք դուրս են պաշտոնական ձևաչափից, հանդես գալիս որպես գլխավոր բանախոս, ինչպես նաև դասախոսությունների միջոցով ներկայացնում իր տեսլականը համաշխարհային զարգացումների շուրջ»,-հայտնեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պարզեցինք, որ հետագայում նախատեսվում է ավելի ընդլայնել ալիքի ընդգրկումը: Նշենք, որ սա յուրահատուկ և նոր հանդիպող ձեւաչափ է երկրի ղեկավարների համար՝ հաշվի առնելով, որ նախագահ Սարգսյանը հետաքրքրիր վերլուծություններ է անում՝ համադրելով տարբեր ոլորտների իր գիտելիքները, մասնագիտական փորձն ու կյանքի փորձառությունը:
Կարդացեք նաև
Հատկապես հետաքրքիր են Արմեն Սարգսյանի վերլուծությունները՝ գլոբալ աշխարհի ռիսկերի քվանտային վարքագծի մասին , ինչպես նաև առաջարկություններն ու նորարարական մոտեցումները՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Կարևոր դեր ունեն նաև նախագահի երկարամյա անձնական կապերը տարբեր պետությունների առաջնորդների, միջազգային կառույցների, ինչպես նաև խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Արմեն Սարգսյանի վիդեո-բլոգի բովանդակությունը տեղադրվում է եռալեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Յութուբում այն հասանելի է այս հասցեով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ