Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը պետք է հետեւություն անի, որ երկիրը ցնցումների է տանում». ցուցարարները կրկին ԿԲ-ի դիմաց էին

Մայիս 13,2020 12:24

ՀՀ կենտրոնական բանկի դիմաց այսօր «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության մասնակիցները շարունակեցին բողոքի ցույցը: Ընդդեմ վարկային կազմակերպությունների ու բանկերի աշխատաոճի հանդես եկող քաղաքացիները նշեցին, որ իրենց միանում են այլ քաղաքացիներ եւ իրավաբանների թիմեր:

«Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ժամանակն է դուրս գալ թալանչի բանկային համակարգից եւ ապրել բարեկեցիկ: Նրանք բանկային համակարգի այլընտրանք եւ ցածր տոկոսներ պետք է ունենան, իսկ դրան հասնելու համար իրավաբանորեն դիմելու ենք: Մեր խնդիրը ԿԲ-ի հետ է, նրա ղեկավար կազմի: Մենք խնդիր չունենք ԿԲ աշխատողների կամ ոստիկանների հետ: Պաշտոնյաները պետք է միանան քաղաքացիների պահանջին ու ստիպեն, որ ԿԲ-ն ծառայի հասարակ քաղաքացուն»,-լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ով քաղաքական շահարկում կանի, սրա հետ կապ չունի. «Մեր պայքարը քաղաքացու իրավունքների պաշտպանության համար է»:

Մանուկյանը հավելեց. «Մեր պահանջն է, որ բանկային համակարգում փաստացի տոկոսը դառնա 10: Արտագաղթը տեղի է ունենում ԿԲ-ի սահմանած բարձր տոկոսների հետեւանքով: Եթե մեր պահանջները չիրականացվեն, իշխանությունը պետք է հետեւություն անի, որ երկիրը ցնցումների է տանում, իսկ քաղաքացին չի կարողանում բանկային ճահճից դուրս գալ»:

Ինչ վերաբերում է ԿԲ ներկայացուցիչների հետ հանդիպելու հավանականությանը, Մանուկյանը շեշտեց. «Արդեն ցանկություն չունենք հանդիպելու: Երեւի երեկ եղել է առաջարկ հանդիպելու, բայց նրանք խաբում են: Մտնում ենք ներս, մոտենում աշխատակցին, ասում մեզ հուզող հարցերը, բայց աշխատակիցն ասում է, որ իրավասու չէ: Իսկ իրավասուն այդպես էլ չի գալիս: Որեւէ հանդիպում տեղի չի ունեցել: Մենք հանրային հանդիպում ենք ուզում՝ ԶԼՄ-ների ներկայությամբ: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ոտքի կանգնելու»:

Հիշեցնենք, որ երեկ ցույցի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել, բերման ենթարկվածներն ավելի ուշ բաց էին թողնվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031