Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին լրագրողները հարցրեցին՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վարչապետը, Մակունցը հայտարարեցին, որ դա սադրանք էր ու նախկինների հետ համագործակցության արդյունք, դուք ի՞նչ հիմքեր ու փաստեր ունեք, որ «Լուսավոր Հայաստանը» համագործակցում է նախկին իշխանությունների հետ: Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Կա քաղաքական համատեքստ, որը ծնունդ է առել այս գումարման ԱԺ-ի ստեղծման առաջին օրվանից սկսած ու դա հետեւյալն է՝ ստեղծել տպավորություն, որ ԱԺ-ն պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, այստեղ ամբողջ օրը ինչ-որ անիմաստ խոսակցությունով են զբաղված, չեն տարբերվում նախկին պատգամավորներից, որ նրանք բռնության են գնում: Ու հասկանալի է, թե այս համատեքստը ում էր ձեռնտու՝ ստեղծել նման մտայնություն: Նախկին իշխանություններին, որոնք չեն անցել ԱԺ: Իրենք ուզում են ապալեգիտիմացնել այս գումարման ԱԺ-ն տարբեր մեթոդներով, ներառյալ իրենց ԶԼՄ-ների կողմից տարվող տարբեր ագիտացիաներով: Հիմա եթե համադրենք տվյալները, կստացվի, որ «Լուսավոր Հայաստանը» վերջին շրջանում կամա թե ակամա գտնվում է այս համատեքստում, որովհետեւ այլ կերպ, քան ապալեգիտիմացման փորձ՝ հնարավոր չէ անվանել ԼՀԿ առանձին պատգամավորների եւ հատկապես խմբակցության ղեկավարի պահվածքը: Մի օր ԱԺ-ում են հայհոյում, մի օր ԱԺ-ից դուրս են հայհոյում, մի օր ԱԺ-ից դուրս է ծեծկռտուք լինում, մյուս օրը՝ ԱԺ-ում: Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները եւ դրանց զարգացումը՝ ժամանակն է վերջ տալ այս թեմայի քննարկումը, որովհետեւ մեր հանրությունը արժանի է ավելի բովանդակային ու ավելի քաղաքական քննարկումների»:
Հետո Ռուբինյանը մանրամասնեց նախկինների մտայնությունը. «Ժողովուրդ ջան, մենք թալանչի էինք, անտաշ էինք, ունեինք անտաշ պատգամավորներ, բայց այս նոր ԱԺ-ն էլ է նույնը: «Լուսավոր Հայաստանի» գործունեությունը տեղավորվում է այս համատեքստի մեջ»: Ռուբինյանն ասաց, որ համագործակցություն ասելով՝ պարտադիր չէ անպայման իրար հանդիպեն ու ձեռք սեղմեն, որ փաստեր լինեն, եթե երկու կողմն էլ նույնն են ուզում, հանդիպելու ու ձեռք սեղմելու կարիք բոլորովին չկա:
Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, եթե երկու տարբեր ուժերի տեսակետներ կարող են համընկնել, ուրեմն նրանցից մեկին կարելի է համարել մյուսի խորհրդարանական սպասարկո՞ւն: Ռուբինյանը պատասխանեց. «Այդ ուժերը վերջին շրջանում գործում են նույն տրամաբանության մեջ: Օրինակ, «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը: Շատ հայտնի է, որ կոնկրետ ընդդիմություն է առաջացրել՝ նախկին իշխանությունների հետ կապված շրջանակների հետ: Բանը նրան է հասել, որ երբ ՀՀ նախագահը ստորագրեց այդ օրենքը, իր դեմ, իր ընտանիքի անդամների դեմ անձնական հարձակում սկսվեց: «Լուսավոր Հայաստանն» ինչպե՞ս է քվեարկել այդ օրենքին՝ «դեմ», լավ՝ «ձեռնպահ»: Քաղաքական ուժի պահվածքը ինչով են գնահատում՝ պահվածքով, փաստերով: Հիմա ձեզ ասում եմ փաստ՝ «կողմ» չեն քվեարկել դրան: Ու սա կոնկրետ օրակարգ է, որը կապված է նախկին իշխանությունների գործունեության հետ»:
Ռուբինյանն ասաց, որ երբ այս միջադեպը չկար, վարչապետը խոսում էր նախկինների այդ մտադրության մասին՝ այնպիսի տպավորություն ստեղծել, թե երկրում քաոս է:
Կարդացեք նաև
Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Էդմոն Մարուքյանը ունի հնարավորություն հաջորդ քառօրյային ապացուցելու, որ այդպես չէ. «Նախ՝ սկսի չհայհոյել, երկրորդը՝ լինելով բովանդակային ընդդիմություն ու խոսելով ոչ թե միջադեպերի մասին, այլ խոսելով քաղաքականության մասին: Որպեսզի ԱԺ-ում չլինեն այնպիսի միջադեպեր, ինչպիսին եղել են, պարզ կանոններ կան, ընդամենը պիտի չհայհոյել, չվիրավորել, այդքան բան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ