Ազգային ժողովում վերջին վայրագությունների ֆոնին համացանցում կարծես խլացավ Վատիկանում նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությունների թեման, որտեղ նա պատմում էր, թե ինչպես է 2019-ի փետրվարին՝ այն ժամանակ դեռ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպել իրեն Հռոմում եւ գործարք առաջարկել։ Գործարքը հետեւյալն էր՝ Մինասյանը պետք է վճարեր սիմվոլիկ գումար իքս հիմնադրամին, որից հետո կդադարեցվեին նրա եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ քրեական հետապնդումները, Մինասյանն էլ առժամանակ պետք է հեռանար քաղաքականությունից։ Միքայել Մինասյանը, սակայն, մերժել է առաջարկը։ Փաշինյանի կողմից այդպես էլ որեւէ արձագանք չեղավ նախկին դեսպանի հայտարարություններին, որ իմանայինք՝ իսկապես գործարքի առաջարկ եղե՞լ է նրան, թե՞ ոչ։ Փորձեցինք այս հարցի պատասխանը ստանալ Փաշինյանի թիմի առանցքային անդամներից մեկից՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից։
– Պարոն Հարությունյան, Ձեր թիմակիցները համառորեն չեն ուզում պատասխանել Միքայել Մինասյանի հայտարարություններին։ Կասե՞ք՝ ինչ գործարք եք առաջարկել նրան, եւ որքա՞ն պետք է լիներ այդ «սիմվոլիկ» գումարը։
– Ինձ թվում է՝ իր հայտարարություններով կզբաղվեն համապատասխան մարմինները, եւ դրանից հետո նոր կմեկնաբանենք։
– Իսկ կարո՞ղ է այնպես ստացվել, որ այդ մարմինները սկսեն զբաղվել, եւ դուք՝ ձեր թիմակիցները նույնպես հայտնվեք իրավապահների ուշադրության կենտրոնում։
Կարդացեք նաև
– Կարծում եմ՝ մենք մաքսիմալ բաց ենք եղել մեր գործունեության մեջ եւ գործել ենք օրենքի սահմաններում, միշտ։
– Հիմա Միքայել Մինասյանն իրավական առումով խնդիրներ հարուցող հայտարարություննե՞ր է արել, որ պետք է իրավապահները զբաղվեն։
– Կարծում եմ, որ էնտեղ կան որոշակի հանգամանքներ, որ պետք է ճշտել։
– Հիմա Դուք վստահեցնում եք, որ Միքայել Մինասյանին Փաշինյանի կողմից որեւէ գործարքի առաջարկ չի՞ արվել։
– Իրավապահները թող ստուգեն եւ եզրակացություններ անեն։
– Պարոն Հարությունյան, մի հարց եւս՝ ճաքեր չկա՞ն ձեր թիմում։
– Ճաքե՞ր։ Եթե նույնիսկ լինում են, սվաղում ենք էդ ճաքերը։
– Պարզապես մամուլը գրում է ՔՊ-ի ներսում առկա լարվածության, խնդիրների մասին, որ թեժ են անցնում ՔՊ-ի նիստերը, որոշ պատգամավորների պարտադրում են վայր դնել մանդատները։
– ՔՊ-ի նիստերը ստեղծման օրվանից շատ թեժ են անցել միշտ, եւ էդ թեժության պատճառով է, որ ՔՊ-ն հաջողել է եւ 2018 թվականին իրականացրել է հեղափոխություն։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: