Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Կորոնավիրուսի համաճարակը ծավալվում է ամբողջ թափով, եթե այսպես շարունակվի՝ խիստ սահմանափակումների կգնանք»

Մայիս 13,2020 11:41

Կորոնավիրուսի համաճարակը ծավալվում է ամբողջ թափով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց՝ կարծես թե կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնում եւ մենք խնդիրների առաջ ենք կանգնում: Փաշինյանը հիշեցրեց՝ արդեն մի քանի օր է, ինչ է նոր կորոնավիրուսի վարակվածության հարյուրից ավելի դեպքեր են արձանագրվում.«Ինչը նշանակում է, որ մեր երկրում հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում: Ըստ էության, մենք հաշվի առնելով երկրում առկա սոցիալական եւ տնտեսական իրավիճակը, հաշվի առնելով նաեւ այն, որ կորոնավիրուսը դեռ երկար շարունակելու է մնալ մեր կյանքում, որոշեցինք գնալ սահմանափակումների փուլային նվազեցմանը, հիմա էլ այդ ճանապարհով ենք գնում»:

Վարչապետը նշեց՝ այս ընթացքում բացվել են տնտեսական գործունեության բոլոր ձեւերը, որոնք էլ չեն բացվել, պատրաստվում են շուտով բացել. «Բայց մենք ասում էինք, որ այս ամենը արդյունավետ կլինի, եթե մենք անցնենք կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն մարտավարության: Սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշակի կանոններ պահպանելու պատասխանատվություն ստանձնի: Ես այսօր տեսնում եմ իրար ձեռքով բարեւող մարդկանց, իրար շատ մոտ (չեմ ուզում ասել իրար քիթ մտած) մարդկանց, եւ սա մեծ խնդիր է: Այս տեմպերով մենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կարող ենք կանգնել»:

Փաշինյանը կոչ արեց պահպանել կանոնները, նշեց՝ մեզանից յուրաքանչյուրն ունի հնարավորություն չվարակվելու եւ ուրիշներին չվարակելու՝ այդ կանոնները պահպանելով: Ապա վարչապետը նշեց այդ կանոնները՝ պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակներ, չախտահանված սպասքից չօգտվել, չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել, որովհետեւ սա վարակի փոխանցման ամենատարածված ձեւերից է: Վարչապետը հիշեցրեց՝ կորոնավիրուսից մահվան 48 դեպք է արձանագրվել, իհարկե, բուժվածներ էլ կան:

«Մեր մարտավարությունը հետեւյալն է՝ նոր կորոնավիրուսը մեկ տարի նվազագույնը մեր կողքին է լինելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ, բայց դա չի նշանակում առանց կաշկանդվածության վարակվել ու վարակել, եւ առանց կաշկանդվածության այսպիսի ճգնաժամ ստեղծել: Եթե այս տեմպերով գնանք եւ նոր հիվանդացության դեպքերը այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների: Եվ դրա նպատակն այն է լինելու, որ հանկարծ չունենանք այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց դրա: Անհատական պատասխանատվությամբ բոլորս կարող ենք այս իրավիճակից խուսափել:

Ապրիլի 4-ից հետո սահմանափակումների թուլացումը տնտեսությանը թույլ է տվել վերականգնման որոշակի միտումներ ցուցաբերի, ինչը դրական ազդեցություն կունենա սոցիալական վիճակի վրա, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու նորից գնալ սահմանափակումների, ինչը խիստ անցանկալի միջոցառում է մեզ համար, ձեզ համար, այսինքն, մեր ու ձերը ո՞րն է»:

Վարչապետն ասաց, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրերից օգտվել է 1 միլիոն 100 հազար քաղաքացի, բաշխվել է 73 միլիարդ դրամ:

«Այսօր կորոնավիրուսի համաճարակը ծավալվում է ամբողջ թափով, եւ ես ձեզ խնդրում եմ պահպանել հակահամաճարակային կանոնները»,-ասաց վարչապետը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031