Ինչու է մեր երկրում ավելի մտահոգիչ պատկեր, քան՝ Վրաստանում
Կառավարությունն, ինչպես հայտնի է, մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգեց ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչեւ մայիսի 14-ը, ժամը 17:00-ը:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մայիսի 4-ից Հայաստանում նոր փոփոխություններ տեղի ունեցան արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում: Մասնավորապես՝ մայիսի 4-ից տնից դուրս գալու համար այլեւս չեն պահանջվում տեղաշարժման թերթիկները: Վերաբացվել են հանրային սննդի՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների բացօթյա տարածքները, նաեւ ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկի, պոլիգրաֆիական նյութերի եւ արտադրության այլ տեսակները, շինարարության ավարտական փուլի աշխատանքները:
Պարետի որոշմամբ գործում են նաեւ լվացման, մաքրման եւ չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, մարմնի խնամքի ծառայությունները: Պարետատունը, սակայն, սահմանել է վերաբացված բոլոր ոլորտներում գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը կհանգեցնի օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: «Սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է: Սա փորձ է`ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետեւապես, այս փուլում չափազանց կարեւոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական եւ կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն եւ կարգապահություն դրսեւորել»,- նշել էր Ավինյանը։
Կարդացեք նաև
Մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտում գործում են միայն խանութներն ու կրպակները: Իսկ մոլերը, առեւտրի կենտրոններն ու շուկաները դեռեւս փակ են: Դրանց տարածքում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները: Հասարակական տրանսպորտը եւս առայժմ չի աշխատի:
Պարետը նշել էր, որ վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված, պարետի որոշմամբ կարող են կիրառվել առանձին համայնքների ելումուտի ժամանակավոր սահմանափակումներ: Միաժամանակ նա հայտնել էր, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի:
Դեռեւս մարտի 31-ին, երբ 2 շաբաթ էր գործում արտակարգ դրությունը, լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Ավինյանը նկատել էր՝ «եթե կառավարությունը սահմանափակումներ չիրականացներ, Հայաստանի բնակչության 80 տոկոսն արդեն վարակված կլիներ»:
Անցյալ շաբաթ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի թեմային՝ նշելով. «Այն, որ մենք այսօր կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել, եւ մարդիկ շարունակում են վարակվել, նաեւ մեր սիրելի հայրենակիցների պատճառով է: Իրենք այդ սահմանափակումներին լուրջ չեն վերաբերվում, սա պրոբլեմ է։ Մեր ուզածն այն չէ, որ մարդկանց տուգանենք, մեր խնդիրն այն է, որ մարդիկ չհիվանդանան»։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ մայիսի 10-ին այցելել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որը վերապրոֆիլավորվել է եւ ընդունում է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների: Այստեղ, վերակենդանացման բաժանմունքում գտնվում էին 45 ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ։ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքն ամենամեծն է Հայաստանում, եւ այս պահին ազատ տեղ չկա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արսեն Թորոսյանը։
Ինչ ունենք այսօր՝ արտակարգ դրության կիրառումից երկու ամիս անց: Լինենք անկեղծ, մեր երկրում հասարակության մի զգալի հատված անլուրջ է վերաբերվում կորոնավիրուսին: Ընդամենը օրեր առաջ, երբ Արսեն Թորոսյանը ուղիղ հեռարձակում էր իրականացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, անցնում էր հիվանդասենյակների կողքով՝ հարյուրավոր մարդիկ հենց այդ պահին գրառումներ էին կատարում, նշելով՝ «սուտ է, չենք հավատում», «հեքիաթներ են», «լավ սերիալներ եք նկարում», «սա բիզնես ա…», նմանօրինակ այլ արտահայտություններ եւս՝ «բա ինչո՞ւ չեք հիվանդների խոսեցնում», «բա ինչո՞ւ չեք հիվանդների դեմքը ցույց տալիս»:
Նաեւ արձանագրենք, որ երկամսյա սահմանափակումները մեր երկրում էական արդյունք չտվեցին: Արտակարգ դրությունը, թերեւս, համեմատաբար նկատելի էր առաջին մի քանի օրերին, այն էլ բացառապես Երեւանի կենտրոնում: Բնակվելով մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում՝ կարող եմ փաստել, որ մարտի 16-ից ավտոմեքենաների տեղաշարժը չի դադարել, մարդկանց զբոսանքները, հատկապես տարեցների շրջանում՝ առանց բժշկական դիմակների ու ձեռնոցների՝ նույնպես:
Ոչ ոք չի կարող ասել, որ կարող էինք այնպիսի իրավիճակ ունենալ, որ կորոնավիրուսը չներխուժեր Հայաստան: Մենք բացառություն չէինք, ինչպես աշխարհի այլ պետությունները՝ մեզանից ավելի մեծ ու զարգացած: Խնդիրն այն է, թե որ երկրի իշխանությունը որքան շուտ արձագանքեց իրավիճակին եւ ինչպես է պայքարում կորոնավիրուսի տարածման դեմ:
Նախ, մենք բավական ուշ դադարեցրինք թռիչքները դեպի Հայաստան, որի արդյունքում էլ ունեցանք համավարակի բռնկման առաջին օջախները: Երեւան ժամանող հարյուրավոր ուղեւորներ վայրէջք էին կատարել Երեւանում, միայն ջերմաչափվել ու նրանցից շատերից չէին էլ պահանջել մնալ տներում՝ ինքնամեկուսացած: Մեր պատկան մարմինների առաջին խոշոր սայթաքումը հենց դա էր, որը կարող էր Հայաստանի համավարակի տարածման թվերի վրա էական ազդեցություն ունենալ:
Մարտի 16-ից սահմանվեց արտակարգ դրություն: Մենք մեզ անկեղծորեն հարց տանք՝ այս երկու ամիսներին մենք ապրե՞լ ենք իրապես խստացված ռեժիմում… Ո՛չ:
Մինչդեռ համավարակի նկատմամբ մեր հասարակության թերահավատության պայմաններում, հարկավոր էր պատկան մարմինների կողմից խիստ, շատ խիստ հսկողություն: Այլապես, ստացվում է, մենք մեզ խաբում ենք, որովհետեւ ունեցանք պաշտոնապես հայտարարված արտակարգ դրություն, սակայն իմիտացիոն վերահսկողություն փողոցներում, սննդամթերքի փոքր խանութներում եւ այլուր: Այսինքն, այս երկու ամիսները էականորեն չլուծեցին համավարակի տարածման խնդիրը մեր երկրում:
Երկու ամիս անընդհատ մեր երկրում զուգահեռներ են տարվում Վրաստանում պատկան մարմինների տարած աշխատանքի հետ եւ հարեւան երկրում համավարակի տարածման թվերի հետ: Հայաստանում մի շարք «խելոքներ» անմիջապես բերում են «ջախջախից» հիմնավորում՝ «Վրաստանում, ի համեմատություն Հայաստանի, քիչ թեստեր են իրականացվել»:
Նախ՝ համեմատենք թեստերի տվյալները. Հայաստանում մինչեւ մայիսի 12-ն իրականացվել է 33,313 թեստ, Վրաստանում՝ 29,736, այսինքն՝ խոսքը շուրջ 3500-ով պակաս թվով թեստերի մասին է: Իսկ չէ՞ որ Վրաստանի բնակչության թիվը Հայաստանից ավելի մեծ է: Եվ այստեղ հաշվի առնենք՝ ավելի մեծ բնակչությամբ Վրաստանում եւ Հայաստանում գրանցված մահերի թիվը, որն էլ խոսուն վկայություն է համավարակի դեմ տարած պայքարի հարցում արդյունքի մասին: Մեր երկրում մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 47 մարդ, մինչդեռ Վրաստանում՝ 11 մարդ: Նշենք, որ մայիսի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3538 էր, իսկ Վրաստանում՝ 639:
Հետեւաբար, կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով Վրաստանի իշխանությունները ոչ միայն սահմանել են բավական կոշտ սահմանափակումներ, այլեւ կիրառել են այդ սահմանափակումները՝ խիստ վերահսկողություն իրականացնելով, որի համատեքստում ունեն ի համեմատություն Հայաստանի՝ ավելի դրական պատկեր:
Հարեւան Վրաստանում էլ արդեն սահմանափակումները աստիճանաբար թուլացվել են: Մայիսի 11-ից Վրաստանում մեկնարկեց հակաճգնաժամային ծրագրով սահմանված տնտեսության բացման երրորդ փուլը, որը նախատեսվածից շուտ գործեց երկրում համաճարակային իրավիճակից ելնելով: Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ամբողջությամբ բացվեց մայրաքաղաք Թբիլիսին: Վրաստանի ողջ տարածքում մայիսի 11-ից թույլատրվում է բոլոր տեսակի արտադրությունները, այդ թվում՝ հրատարակչական գործունեությունը: Աշխատանքն են վերսկսել բոլոր տեսակի մանրածախ եւ մեծածախ խանութները, որոնք ունեն մուտք փողոցի կողմից: Վրաստանում դեռեւս փակ են մնում հագուստի եւ կոշիկի խանութները եւ մեծ առեւտրի կենտրոնները: Բացվել են բաց հանգստի վայրերն ու այգիները:
Վրաստանում մինչեւ արտակարգ դրության ավարտը՝ մայիսի 22-ը, ուժի մեջ կմնան մի շարք սահմանափակումներ. պարետային ժամը՝ 21:00-06:00-ը, փակ տարածքներում դիմակներ կրելը, ավտոմեքենայում երեքից ավելի ուղեւոր տեղափոխելու արգելքը: Առայժմ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատանքը: Այսինքն, կորոնավիրուսի տարածման այսօրվա ունեցած պատկերի պայմաններում՝ դեռ այդ երկրում պարետային ժամ է գործում: Սակայն Վրաստանը պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունել՝ չնայած կորոնավիրուսի համավարակին: Հուլիսի 1-ից կբացվեն երկրի սահմանները, Վրաստանը պատրաստ կլինի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկների, այդ թվում՝ Ռուսաստանից:
Մի կողմից Հայաստանում ունենք ոչ գիտակից հասարակության մի մեծ հատված, մյուս կողմից՝ իշխանություն, որն, ինչպես աշխարհի այլ երկրների իշխանությունները, կանգնած են երկիրը տնտեսական տապալումից փրկելու հրամայականի առջեւ: Ի դեպ, այստեղ նույնպես ակնհայտորեն դանդաղում ենք: Բազմաթիվ երկրների կառավարություններ ծրագրեր են մշակում ներքին տուրիզմի զարգացման ուղղությամբ, քանի որ հասարակությունները ամառային սեզոնին իրենց երկրների սահմաններից դուրս գալու ծրագրեր առայժմ չեմ մշակում: Փոքր ու միջին ձեռներեցների գործունեությանը խթանելու ուղղությամբ կառավարություններն արդեն վաղուց սկսել են ծրագրեր մշակել, որպեսզի ոչ միայն փրկեն փոքր ձեռնարկություններին, այլեւ դրանով իսկ՝ երկրների տնտեսությունները:
Բազմիցս ասվել է, որ ամենայն հավանականությամբ, դեռ տեւական ժամանակ աշխարհը ստիպված է լինելու ապրել համավարակի պայմաններում: Այստեղ ոչ միայն տնտեսական գոյատեւման խնդիրն է, որը պետք է լուծեն իշխանությունները՝ աջակցելով տնտեսվարողների գործունեությանը, այլեւ՝ հասարակության գիտակցության մակարդակի բարձրացման խնդիրն է, որի ուղղությամբ եւս պետք էր եւ այժմ էլ պետք է քայլեր ձեռնարկել:
Բարդ փուլում են աշխարհի շատ պետություններ, յուրաքանչյուրը իր պայքարն է մղում ընդդեմ համավարակի ու դուրս կգան այդ փուլից ավելի ուժեղացած, ամրացած: Դեռ ուշ չէ. մենք եւս պետք է այնպես կազմակերպենք մեր առօրյան, որպեսզի կորուստները, բոլոր առումներով, ավելի քիչ լինեն: Մինչ այժմ մենք գնացինք իրադարձությունների ետեւից՝ այն էլ բավական ուշացումով, սակայն խիստ վերահսկողություն չսահմանեցինք, ինչի արդյունքում այսօր ունենք ոչ այնքան սփոփիչ պատկեր:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 13.05.2020