Ինչո՞վ են զբաղված քաղաքական հակումներ ունեցող իմ համաքաղաքացիներն ու հայրենակիցները: Նրանք կարդում են ֆեյսբուքյան նյութեր, լսում են նորություններ, նայում են յութուբյան տեսագրություններ հատուկ նպատակով.
1/ հաստատելու իրենց նախօրոք ձեւավորված տեսակետները,
2/ իրենց ցասումն ու ատելությունն արտահայտելու այն անձանց հանդեպ, որոնց նրանք թշնամաբար են տրամադրված:
Իմ մոտեցումն այլ է, եւ, բնականաբար, չի կարող արժանանալ մեծամասնության հավանությանը: Ես նախ՝ փորձում եմ մարդկանց եւ երեւույթների մեջ տեսնել առաջին հերթին դրականը, կառուցողականը, եւ ապա՝ չմոտենալ որեւէ մարդու, քաղաքական գործչի կամ ուժի՝ մեկընդմիշտ ձեւավորված դրական կամ բացասական նախապաշարումներով: Ըստ այդմ, ես չեմ կարող պնդել, որ ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, «Իմ քայլը» կամ որեւէ այլ քաղաքական ուժ մի՛շտ ճիշտ էին կամ մի՛շտ սխալ, չեմ կարող առաջնորդվել հուզական մակարդակում ձեւավորված իմ զգացական ընկալումներով կամ, առավել եւս, հասարակության մեջ տիրող կարծրատիպերով: Եթե որեւէ մեկն արել է կամ անում է ինչ-որ մի բան, որը համապատասխանում է իմ արժեքային համակարգին, ես դա արձանագրում եմ՝ առանց հրճվանքի արցունքներ թափելու: Եթե դրան հակառակ բանն է արվում, դա էլ եմ արձանագրում` առանց փրփրելու:
Կարդացեք նաև
Այդ տեսանկյունից անդրադառնամ այս շաբաթ խորհրդարանում քննարկվող երկու օրինագծերին: Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումն, իմ կարծով, ճիշտ էր. երեխաներին պետք է պաշտպանել մանկապիղծներից, այդ թվում՝ թվային հարթակներում գործող, եւ դրա համար անհրաժեշտ են իրավապահների, կրթական համակարգի եւ ծնողների ջանքերը: Չգիտեմ, թե ո՞ր բորբոքված ուղեղում է ծնվել այս խնդիրը միասեռականության հետ կապելու գաղափարը, բայց նրանք, ովքեր շատ լավ հասկանում են, որ նման կապ գոյություն չունի, բայց հանդես են գալիս քննադատությամբ, պարզապես զբաղված են քարոզչական աշխատանքով:
Դատական բարեփոխումների հարցն ավելի բազմաշերտ է: Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորներին բարոյական տեռորի ենթարկելը, նրանց վրա «կոմպրոմատ պեղելը», այդ առիթով դատարանները շրջափակելը, նմանատիպ պատճառով ՍԴ-ին պատերազմ հայտարարելը եւ հանրաքվե նախաձեռնելը՝ խիստ հակասում է պետական մշակույթի մասին իմ պատկերացումներին: Բայց այս շաբաթ իշխանությունը որոշ չափով հետքայլ է կատարել եւ հրաժարվել է «վեթինգով» բոլոր ինքնուրույն դատավորների «գլուխը թռցնելու» հեղափոխական գաղափարից: Դատավորների բարեվարքությունը ստուգելու կառավարության կողմից առաջարկված մեխանիզմները չափավոր են՝ գուցե նաեւ այն պատճառով, որ ոչ մի դատավոր այլեւս չի համարձակվի հակադրվել գործադիրի կամքին: Բայց բոլոր դեպքերում գերադասելի է գնալ «չափավորության» ճանապարհով:
Այնպես որ՝ այս երկու դեպքերում «Իմ քայլը» չի սխալվում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ա Պատկերացնենք, Թագավորի աչքի առաջ նրա ծառաները քաշքշուկ են կազմակերպում, դա ամենաքիչը անհարգալից վերաբերմունք է Թագավորի նկատմամբ, դրա համար ինքնահրաժարականից առաջ ես օրինակ ներողություն կխնդրեի ժողովրդից, անկախ ո՞վ է ճիշտ թե սխալ, իսկ նրանք, ովքեր այդպես էլ չհասկացան, որ պետք է ներողություն խնդրել ժողովրդից ու ինքնահրաժարական տան, դրանք ի՞նչ ծառա, ժողովուրդին են սրանք ծառա ընկալում, ինչպես նախորդ իշխանություններն էին, իսկ Թագավոր ընկալում դրսի իրենց ղեկավարներին:
Բ Էդ արտասահմանյան շատ քաղաքակիրթ օրենքները, որոնք բերվում են մեր խորհրդարան, նման է նրան, որ մենք դեռ ծառերի վրա ենք եւ եթե այդ քաղաքակիրթ ազգերը մեզ քաղաքակրթական օրենքներ չհրամցնեն, մենք այդպես էլ վայրենի վայրենի կմնանք ծառերի վրա: Իսկ ո՞ւր է մեր պատգամավորների մշակած նման օրենքը, ինչո՞ւ մենք չենք հարստացնում համաշխարհային քաղաքակրթությունը մեր բուն հայ քաղաքակիրթ օրենքներով, թե՞ սրանք էլ նախորդների նման պլոճիկի խնդիր ունեն՝ խելքի հարցում խնդիր չունենք ու չենք էլ ունեցել:
Գ Ժողովուրդը Համակարգ է փոխել, լավ թե վատ Համակարգի պատասխանատուն նրա տերն է՝ ժողովուրդը եւ եթե ձեր սառնարանը փչացած է, դրա համար տերն է պատասխանատու եւ ոչ թե փչացած սառնարանի միջի բորբոսը: Կարճ ասած՝ ով ինչ եղել չի եղել, հիմա օրենք ենք ընդունում, որ ով պետական ծառայության մեջ է ուզում ընգրկվել ու կամ արդեն ընդգրկված է՝ լինի պատգամավոր, զինվոր թե ուսուցիչ, պետք է ընդունի մեղավորության կանխավարկածը եւ ամեն տարի դատարանի առջեւ կանգնի ու հաստատի իր անմեղությունը, ի տարբերություն ժողովրդի, որի համար գործում է անմեղության կանխավարկածը: Բայց դե դրա համար մեր Հայ դատն է պետք, էդ քաղաքակիրթները կամ պատժում են, կամ էլ լավագույն դեպքում՝ բաց թողնում, իսկ Հայ դատով ոչ միայն մարդկանց ճիշտ ուղու վրա պետք է դնենք, այլեւ խրախուսենք լավագույններին, որոնք պետք է դառնան ժողովրդի ու հատկապես մանկական ու երիտասարդ տարիքի ներկայացուցիչների համար ուղենիշ: Պատիժը ընդհանրապես դատական համակարգից պետք է արմատախիլ անել, դա է վայրենությունը, ժողովուրդն ինքն իրեն պետք է պատժի մեղավորի փոխարեն դրամի տեսքով թե այլ տեսքով, իսկ մեղավորին ստիպողաբար ճիշտ ուղու վրա դնի: