Մայիսի 5-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Ն. Օհանյանը հրապարակեց զինծառայող Վոլոդյա Այվազյանի եւ Արթուր Մուրադյանի` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի գործով դատավճիռը:
Դատարանը վճռեց Վոլոդյա Այվազյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ որպես պատիժ նշանակեց 4 տարի ժամկետով ազատազրկմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության բնակության վայրի ստորաբաժանման վրա:
Արթուր Մուրադյանը ճանաչվեց մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ որպես պատիժ նշանակվեց զինվորական ծառայության մեջ սահմանափակում` 1 տարի ժամկետով` դրամական բավարարման գումարից 5 տոկոս պահումով:
Երկուսի նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Այս գործով, ինչպես զինվորականների շատ գործերով, քննությունը ընթացել է արագացված ընթացակարգով:
Կարդացեք նաև
2019 թվականի սեպտեմբերի 2-ին նախաքննության մարմինը շարքային Վոլոդյա Այվազյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ըստ որի. «Նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի խառը ականանետային մարտկոցի «վասիլյոկ» ականանետային դասակի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, 2019 թվականի մայիսի 12-ին` ժամը 01:00-ի սահմաններում, ճամբարային հավաքների գտնվելու վայրում` իր կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելու հարցի շուրջ պարզաբանման կապակցությամբ վիճաբանել է նույն զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Մուրադյանի հետ, որի ժամանակ վերջինս ապտակել է իրեն, իսկ ինքն ի պատասխան այլ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այն է` ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով ձախից հոնքային շրջանի սալջարդ վերքի ձեւով առողջության թեթեւ վնաս` առողջական կարճատեւ քայքայումով»:
Հրամանատարի` ժամկետային զինծառայող շարքային Վոլոդյա Այվազյանին մեկ անգամ աջ ափով ապտակելը գնահատվել էր «ֆիզիկական ցավ» պատճառել:
Գործն այս տարվա մարտի 11-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հիմնվելով գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների վրա, դատարանը հիմնավորված էր համարել ամբաստանյալներին մեղսագրվածը, մեղսագրվող արարքների նկատմամբ քրեական օրենքի որակումները` ճիշտ, որոնցով էլ նրանք ենթակա են պատասխանատվության եւ պատժի:
Հրամանատարը բնութագրվել էր դրականորեն: Նա ընտանիքի միակ կերակրողն է, պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով: Զինծառայողն էլ պարգեւատրվել էր դիպլոմներով եւ շնորհակալական նամակով:
Քննության առնելով խափանման միջոցի հարցը, դատարանը Վոլոդյա Այվազյանի եւ Արթուր Մուրադյանի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը թողել էր անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող մայիսյան գործերի ուսումնասիրությունից պարզվում է, որ զինվորական հանցագործությունների մեծ մասը կատարվել է վերադասի անգործության պատճառով, կարող էին կանխվել, սակայն դրանք չեն կանխվել, քանի որ հիմնականում չեն զեկուցվել վերադաս հրամանատարությանը:
Զինծառայող-հրամանատար հարաբերությունները խաթարվում են՝ կապված վերակարգի ուղարկվելու, արտաքին տեսքը չպահպանելու, դիտողության համար:
Նկատելի է զորամասը ինքնակամ լքելու, թեկուզ մի քանի օրով, դեպքերը, մայիսին այս դատարանը քննելու էր մեկ ինքնախեղման դեպք:
Զինգործերով մասնագիտացված դատավորներ Նապոլեոն Օհանյանն ու Գնել Գասպարյանն ամեն օր լսելու են մեկից ավելի զինվորական գործեր:
Դիտորդ Սարգիս Մարությանը մարտական դիրքի գետնատնակում մարտական դիրքի ավագ, կոչումով ավագ սերժանտ Կարեն Անտոնյանի կողմից արտաքին տեսքը կարգի բերելու արված դիտողությունը չընդունելու հարցի շուրջ վիճել էր, ապա ապտակել վերադասին` Կ. Անտոնյանին: Ապտակելու համար պարզաբանում պահանջելու պատճառով բռնություն է գործադրել եւս մեկի` դասակի համանատար, ավագ լեյտենանտ Թաթուլ Խաչատրյանի նկատմամբ՝ պատճառելով վերջինիս առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Զինծառայող Հովհաննես Ներսիսյանի գործը դարձյալ բռնության տարրեր է պարունակում: Նա սեռական բնույթի հայհոյանքներ է տվել համածառայակցին, ապա ծխախոտի գողություն կատարելու պատճառաբանությամբ, պատժելու նպատակով խլել է համածառայակցի` Զ. Բադալյանի անձնական իրերն ու հիգիենայի պարագաները, հալածանքի ենթարկելով Զ. Բադալյանին: Վերջինս իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակել որովայնի շրջանում, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներում ինքնասպանությունն ավարտին չի հասցրել: Բացի այդ, Ներսիսյանն ինքնակամ թողել է զորամասի տարածքը եւ մեկնել տուն, մի քանի օրից վերադառնալով: Ահարոն Սահակյանը` նույն զորամասի պարետային դասակի հրամանատարն էլ, տեղեկանալով շարքային Հ. Ներսիսյանի կողմից առանց թույլտվության զորամասը լքելու եւ տուն գնալու մտադրության մասին, չի զեկուցել վերադաս հրամանատարությանը, դրսեւորել է իշխանության անգործություն: «7-ի գործով» մեղադրվում է նաեւ Արգամ Մկրտչյանը` նույն զորամասի վաշտի հրամանատարը: Կապիտանն ականատես լինելով ավագ լեյտենանտ Ե. Մուսինյանի կողմից շարքային Ա. Մուրադյանին ծեծի ենթարկելու դեպքին, դրսեւորել է իշխանության անգործություն, մեկ այլ դրվագով էլ, ականատես լինելով Ա. Շահնազարյանի կողմից շարքային Հ. Ներսիսյանին ծեծի ենթարկելու եւ նրան նվաստացնելու միջադեպին, կատարվածի մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:
Վերադաս ղեկավարությանը չի զեկուցել նաեւ կապիտան Գրիգոր Գզողյանը` պետը եւ պաշտոնատար անձը տեղյակ լինելով Դավիթ Կիրակոսյանի եւ Էդգար Խանումյանի վիճաբանության մասին, ժամանակին չի զեկուցել:
Էդգար Մարտիրոսյանն էլ` զորամասի դասակի հրամանատար-հետախուզության պետը, իր անձնակազմին «վերկաց» հրամանը դանդաղ կատարելու համար քաշքշել եւ ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Օնիկ Գրիգորյանին` վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ:
Ժամկետային զինծառայող Հ. Ա.-ն կատարել է անդամախեղում. կուլ է տվել կոտրած ասեղ, ինչի հետեւանքով տեղափոխվել է Մարտակերտի զինվորական հոսպիտալ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2020