Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Արզումանյանը՝ կարանտինի շրջանում Շոտլանդիայի եւ Երեւանի կոնսերվատորիաների ու մեր օպերային թատրոնի մասին

Մայիս 13,2020 13:00

Երբ որոշ երկրներ «մատների արանքով էին նայում» կորոնավիրուսին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի ռեժիսոր Նաիրե Ստեփանյանն ու դիրիժոր, կոնսերվատորիայի պրոֆեսոր Հարություն Արզումանյանը փետրվարին Erasmus+ ծրագրի շրջանակներում այցելել էին Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա, որն, ի դեպ, համարվում է Մեծ Բրիտանիայի առաջադեմ եւ նորարարական կոնսերվատորիաներից մեկը։

«Առավոտի» հետ զրույցում Հարություն Արզումանյանը հայտնեց, որ ծանոթացել են Շոտլանդիայի կոնսերվատորիայի եւ ուսանողական դասընթացների առանձնահատկություններին, զուտ ուսանողական  ուժերով իրականացրած բեմադրություններին։ Մեր զրուցակիցը նշեց, որ շուրջ հինգ տարի առաջ Թագավորական կոնսերվատորիան ուսանողական ծրագրերն էլ ավելի հարմար ու արդյունավետ կազմակերպելու նպատակով  կառուցել է նոր մասնաճյուղ։ «Հենց այդտեղ պատրաստվում են ներկայացման դեկորները, կարվում զգեստներ, կարճ ասած՝ ստեղծում այն ամենը, ինչ անհրաժեշտ է ներկայացման համար։ Տեղադրված է նաեւ լուսաձայնային  հրաշալի տեխնիկա։ Մի խոսքով՝ օպերային թատրոնների ապագա արտիստները, լուսաձայնային ինժեներները, հատուկ օպերային թատրոնների զգեստներ ու դեկորներ պատրաստող մասնագետները մե՜ծ փորձ են ձեռք բերում՝ հետագայում թատրոններում աշխատելու համար»,- ասաց դիրիժորը։

Նաիրե Ստեփանյանը, Հարություն Արզումանյանը եւ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի ուսանող, մեցցո-սոպրանո Անուշ Մարտիրոսյանը։

Հարություն Արզումանյանն ի պատասխան հետաքրքրությանը, թե կորոնավիրուսի պատճառով ստեղծված  իրավիճակում հեռավար ուսուցումը կոնկրետ մեր կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողների համար արդյունավե՞տ է, պատասխանեց. «Մենք՝ դասախոսներս, ի դեպ՝ ոչ միայն վոկալ բաժնի, ամենօրյա հեռահար կապի մեջ ենք, աշխատում ենք մեր օպերային թատրոնի ապագա մեներգիչների հետ հետեւյալ  կերպ. գտնում ենք տարբեր օպերաներից նվագախմբային նվագակցության ձայնագրություններ, հանձնարարում ուսանողներին պատրաստել, օրինակ՝ այդ արիաները, մի քանի օր հետո ունկնդրում նրանց եւ այլն»։ Erasmus+ ծրագրի շրջանակներում Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայում էին գտնվում մեր կոնսերվատորիայի մի քանի ուսանողներ։ Հետաքրքրվեցինք՝ հիմա նրանք պանդեմիայի պատճառով դարձյա՞լ այնտեղ են, թե՞ վերադարձել են հայրենիք։ Արվեստագետը նշեց, որ կատարելագործման նպատակով Թագավորական կոնսերվատորիա մեկնած մեր ուսանողները վերադարձել են։ Հավելեց նաեւ, որ Թագավորական կոնսերվատորիայում մեծ հիացմունքով էին խոսում հայաստանցի ուսանող երաժիշտների մասին։ Ինչ վերաբերում է վոկալիստներին, դիրիժորը հավաստիացրեց, որ գովեստի խոսքեր էին շռայլում հատկապես հայ ուսանող վոկալիստների հասցեին։

Մեր զրուցակցին կեսկատակ-կեսլուրջ փոխանցեցինք կոլեգաների՝ իր հասցեին հաճախ հնչեցվող այն միտքը, թե մեր օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումների (եւ օպերա, եւ բալետ) 99 տոկոսը ղեկավարում է Արզումանյանը եւ հետաքրքրվեցինք՝ բազմազբաղ դիրիժորն ինչպես է տանում ինքնամեկուսացման վիճակը։ «Ի տարբերություն շատերի՝ հանգիստ եմ տանում եւ կարգապահ լրացնում եմ զբաղվածությանս հետեւանքով եղած այն բացը, որն ունեցել եմ մինչեւ պանդեմիան։ Հիմա հնարավորություն ունեմ նաեւ հաճույքի համար լսել իմ շատ սիրած ստեղծագործությունները, ընթերցել։ Կապվում եմ գործընկերներիս հետ, օրինակ, եթե այս չարաբաստիկ վիրուսը չլիներ, հունիսին ծրագրել էինք մեր հանդիսատեսին հրավիրել Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետի պրեմիերային, որը ղեկավարելու էի ես։ Հետո նախատեսված էր Հովհաննես Հովհաննիսյանի ռեժիսուրայով Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի պրեմիերան, դարձյալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ սկսվել էին Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նոր բեմադրության աշխատանքները, ընդ որում՝ Մարտիրոս Սարյանի հրաշագեղ էսքիզներով… Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ բացառիկ քայլ է կատարել. 2020 եւ 2021 թվականները հայտարարել է սպենդիարյանական տարի»,- պատասխանեց դիրիժորը։ Իսկ թե ինչպես է պատկերացնում մեր օպերային թատրոնի վերաբացումը, Հարություն Արզումանյանն ասաց. «Լիահույս ենք, որ դա տեղի կունենա սեպտեմբեր ամսին։ Ցավալի է, բայց բոլոր ոլորտների, այդ թվում նաեւ մշակույթի մարդկանց, կորոնավիրուսը թելադրեց իր պայմանները։ Օրինակ, չեղարկվեցին ամռանը կայանալիք աշխարհի մարզական մեծագույն միջոցառումները, որին սպասում էին ու հեռահար հետեւում  շուրջ  5 միլիարդ հանդիսատես։ Դա ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է, Տոկիոյի օլիմպիական խաղերը եւ այլն։ Նկատենք, որ ի՜նչ ահավոր է այս «թագավիրուս» կոչեցյալը, քանի որ օլիմպիական խաղերի պատմության ընթացքում միայն երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով էին դրանք չեղարկվել։ Այնպես որ, որեւէ կոնկրետ բան ասել Երեւանի օպերային թատրոնի մասին՝ չեմ կարող։ Հիմա այդ մասին հստակ դեռ չի կարող ասել աշխարհի ցանկացած թատրոնի ղեկավար»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031