Խեմա Մալինի՝ կյանքն ինչպես հնդկական կինոյում
1970-ականներին ԽՍՀՄ-ում հնդկական «Զիտա եւ Գիտա» ֆիլմը ամենադիտվածներից էր, այն 55 միլիոն մարդ էր դիտել: Հնդկական մելոդրաման խորհրդային կինովարձույթի բացարձակ լիդեր էր:
Գլխավոր դերակատարը Բոլիվուդի աստղ Խեմա Մալինին էր՝ Հնդկաստանի ամենահայտնի մեկը:
kulturologia.ru-ն փոքրիկ էքսկուրս է կատարել անցյալ, նաեւ ցույց տվել, թե ինչ ճակատագիր է ունեցել այս դերասանուհին հետագայում:
Կարդացեք նաև
Խեման ծնվել է հարուստ ընտանիքում, նրա մայրը հայտնի կինոպրոդյուսեր էր:
Մանկուց զբաղվել է երգեցողությամբ, պարով եւ երաժշտությամբ, ինչը Հնդկաստանում նույնքան կարեւոր է, որքան դերասանական վարպետությունը: Խեմա Մալինին տասնյոթ տարեկանից նկարահանվել է ֆիլմերում, իսկ Բոլիվուդը «ճեղքելուն» նրան որոշ առումով օգնել է մայրը: Խեման բախտ է ունեցել Ռաջ Կապուրի հետ նկարահանվել «Երազանքներ վաճառողը» ֆիլմում, որից հետո կանաչ ճանապարհ բացվեց դեպի կինո, ու բազմաթիվ առաջարկներ ստացավ:
Խեման քսանչորս տարեկանում նկարահանվեց «Զիտա եւ Գիտա» ֆիլմում, որտեղ մարմնավորում էր արտաքնապես իրար նման, բայց բնավորությամբ խիստ տարբեր քույրերի: Ֆիլմում Խեման խաղում էր իր փեսացու Սանջիվ Կումարի հետ: Վերջինս խաղում էր բժիշկ Ռավիի դերը: Սանջիվը եւս այդ տարիների ամենապահանջված դերասաններից էր, եւ Խեմայի ծնողները երջանիկ էին, որ նա իրենց փեսան է դառնալու: «Զիտա եւ Գիտա» ֆիլմում կոպտությամբ աչքի ընկնող հերոս Ռակիի դերը խաղում էր նույնքան պահանջված դերասան Դհարամ Սինխ Դերոլը, որը հայտնի էր որպես Դխարմենդրա: Նա Խեմայից մեծ էր 13 տարով, վաղուց ամուսնացած էր եւ չորս երեխաների հայր էր: Խեմայի եւ Դխարմենդրայի միջեւ սիրավեպ ծնվեց, քանի որ համատեղ մի քանի ֆիլմում էին նկարվել ու արդեն մոտիկից իրար գիտեին: Խեման նույնիսկ հրաժարվեց իր փեսացուից, ինչը զայրացրեց նրա ընտանիքին: Ութ տարի շարունակ Խեման եւ Դխարմենդրան փորձում էին օրինականացնել իրենց ամուսնությունը, ինչը չէր ստացվում: Նրանց սիրավեպի մասին գրում էին բոլոր թերթերը:
1980թ. նրանք վերջապես ամուսնացան, թեեւ սիրած տղամարդը չբաժանվեց առաջին կնոջից: 1990թ.-ից Խեման այլեւս չէր կարող երիտասարդ կանանց դերեր խաղալ, քանի որ այդքան երիտասարդ չէր, թեեւ հրաշալի տեսք ուներ: Նա սկսեց սերիալների արտադրությամբ զբաղվել: Իսկ 1999-ին որոշեց մուտք գործել քաղաքականություն: 2000-ականներին նա մասնակցեց Հնդկաստանի պառլամենտի վերին պալատի ընտրություններին: Դառնալով Հնդկաստանի ժողովրդական կուսակցության անդամ՝ նա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ նաեւ 2014թ.: Այժմ Խեման 71 տարեկան է, չի նկարահանվում կինոյում, սիրած տղամարդուց երկու դուստր ունի, որոնք նույնպես դերասանական կարիերա են անում:
Երբ Խեմային հարցնում են՝ իր կարծիքով ինքն ավելի շատ Զիտայի՞ն, թե՞ Գիտային է նման, հնդկական կինոյի աստղը պատասխանում է. «Երկուսին էլ նման եմ: Երիտասարդ տարիքում ամաչկոտ էի, ինչպես Զիտան, հասուն տարիքում՝ համարձակ եւ ինքնավստահ եմ, ինչպես՝ Գիտան»:
Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2020