Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուզում եմ», «կարող եմ», «պետք է»՝ մասնագիտություն ընտրելու բանաձեւ

Մայիս 13,2020 12:00

– Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու:
«Բժիշկ», «պարուհի», «հոգեբան». փոքր տարիքում հեռու-մոտիկ բարեկամների հետաքրքրությունը բավարարում էին այս պատասխաններով: Մեծացան ու փոխարենը դարձան սննդի անվտանգության մասնագետ, աստվածաբան ու փրկարար:

Հայաստանում մասնագիտություն ստանալը սերտորեն առնչվում է բուհ ընդունվելու հետ: Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանի կարծիքով՝ պատճառը սովետական կարծրատիպն է. եթե ընտանիքը համարվում է միջին խավ, ապա երեխան պետք է ստանա բուհական կրթություն. «Բուհ գնալը պետք է չլինի ինքնանպատակ, դպրոցականը պետք է իրազեկված լինի ու կատարի գիտակցված ընտրություն, ինչը դեռ լիարժեք չունենք մեր երկրում»: Ըստ Հ. Գեւորգյանի՝ առաջինը դպրոցը պետք է իրականացնի իրազեկման ու կողմնորոշման գործառույթը, բայց նման մոտեցում եթե կա՝ մանկավարժի կամ դպրոցի տնօրենի նախաձեռնությունն է, որը գնահատելի չէ, որովհետեւ չկան սկզբունք ու մեթոդաբանություն:

Շատերը մասնագիտություն ընտրում են՝ հաշվի առնելով դրա մոդայիկությունը: Դա է պատճառը, որ շատ դպրոցականներ նախընտրում են դառնալ իրավաբան, բժիշկ ու տնտեսագետ: Վերջին տարիներին մեծացել է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը: Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրենն ընդգծում է. «Թեեւ պատկերը շատ չի փոխվել, այնուամենայնիվ, ունենք աշակերտներ, որ ծնողների շնորհիվ, մեր կենտրոնի կամ այլ դասընթացների մասնակցելով, ստանալով խորհրդատվություն, դուրս են գալիս այդ կարծրատիպերից»:

Հենց այդպիսի խորհրդատվության շնորհիվ էլ Մարիամ Միքայելյանը հասկացավ, որ ուզում է դառնալ սննդի անվտանգության մասնագետ. «Ընտրել եմ այս մասնագիտությունը, որովհետեւ կան հեռանկարներ, պահանջարկ ու մեծ հետաքրքրվածություն: Շատ եմ ցանկանում աշխատել գիտահետազոտական ընկերություններում, սննդի անվտանգության վարչությունում, բայց ավելի շատ կցանկանամ ունենալ օծանելիքի արտադրություն, իսկ մասնագիտությունը տալիս է նաեւ դրա հնարավորությունը»: Մարիամը շեշտում է՝ աշխատաշուկայում մասնագետները քիչ են, բայց իր բաժնի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, որովհետեւ ֆակուլտետը դպրոցականներին ներկայացնում է մասնագիտության հնարավորություններն ու հեռանկարները:

«Մասնագիտական կողմնորոշումը բավականին լուրջ գործընթաց է,- նշում է մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանն ու ընդգծում, որ դեմ է Dasaran.am-ի մոտեցմանը, ըստ որի՝ դպրոցականը նշում է նախընտրելի առարկան, ծրագիրն առաջարկում է առարկային համապատասխան բուհերն ու ֆակուլտետները,-պետք է հասկանալ, որ մարդ ընտրում է մասնագիտություն, ոչ թե առարկա կամ ուսումնական հաստատություն: Dasaran.am-ը դիտարկում է առարկայական նախընտրությամբ, ինչը շատ սուբյեկտիվ է: Դպրոցականը շատ պատճառներով կարող է չսիրել որեւէ առարկա, բայց դա չի նշանակում, որ նա այդ առարկան չգիտի կամ չի կարող սովորել»: Հ. Գեւորգյանը դեմ է նաեւ թեստերի առանձին օգտագործմանը. «Թեստը գործիքակազմ է, ինչպես զրույցը, հարցազրույցը, դիտարկումը, որոնք նպաստում են ծառայությունների ընթացքին, այսինքն՝ կարելի է դրանք կիրառել ու արդյունքը վերլուծել, բայց սխալ է առանձին օգտագործելը»: Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրենը շեշտում է՝ պետք է լինեն թեստի կիրառման ցուցումներ, չի կարելի մասսայական բոլոր թեստերը կիրառել իրար հետեւից կամ տարբեր տարիքային խմբերի տրամադրել նույն թեստը:

Մասնագիտություն ընտրելու բանաձեւի հիմքում 3 գործոն է՝ «ուզում եմ», «կարող եմ», «պետք է»: Ցանկությունը, կարողությունն ու պահանջարկը համադրելով՝ Արմինե Ավթանդիլյանը գտել է իր ոսկե միջինը՝ աստվածաբանի մասնագիտությունը. «Մասնագիտությունը պահանջված է, բայց հետաքրքրվածությունը քիչ է: Շատերը մտածում են, որ  գալով Աստվածաբանության ֆակուլտետ, պարտադիր է դառնան հոգեւորական կամ միանձնուհի, բայց իրականում չկա այդպիսի բան. մենք ստանում ենք աշխարհիկ կրթություն»: Արմինեն դպրոցում դասավանդել է հայոց եկեղեցու պատմություն, կիրակնօրյա վարժարաններում դասավանդել է Աստվածաշունչ, աշխատել է նաեւ հայորդաց տանն ու եկեղեցուն կից գրասենյակում. «Մասնագիտական ապագաս ավելի շատ պատկերացնում եմ գիտության մեջ: Շատ եմ ուզում ձեռագրերի հետ աշխատել՝ ուսումնասիրել չուսումնասիրված ձեռագրեր, կամ աշխատել կրթական ոլորտում՝ աստվածաբանության շրջանակներում»: Նա հպարտությամբ շեշտում է՝ եթե ստանաս աստվածաբանական կրթություն՝ կունենաս հումանիտար լավագույն կրթությունը. «Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ՝ միանշանակ նորից կընտրեի աստվածաբանությունը»:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Շուշան Խուրշուդյանի՝ հասարակության մեջ մասնագիտության ընտրության վերաբերյալ ձեւավորված է կարծրատիպային մտածելակերպ, որն առավել ընդգծված է կանանց նկատմամբ. «Հայաստանում կանայք իրենց կրթությամբ չեն զիջում տղամարդկանց, սակայն կանայք կրթության իրավունքի իրականացման մեծ խնդիրներ ու խոչընդոտներ են ունենում: Կանանց հատուկ դեր է վերագրված, երբ կանայք այդ դերից դուրս են գալիս, չեն ընդունվում: Հատկապես մարզերում հասարակությունը չի խրախուսում այն կանանց, որոնք լսարան կամ հրապարակ են փորձում գրավել իրենց ակտիվ խոսքով, հրապարակային կոչերով»:

2008-2018թթ. վիճակագրությունը ցույց է տալիս, որ բուհ ընդունվողների ընդհանուր թիվը նվազում է: Եթե 2008թ.-ին բուհ ընդունվածների թիվը 27.600 էր, ապա 2018թ.-ին՝ 9500: 2008թ.-ին տղաները կազմում էին բուհ ընդունվողների 48.7%-ը, իսկ 2018թ.-ին թիվն աճել է՝ հասնելով 53.4%-ի: Աղջիկների դեպքում պատկերը հակառակն է՝ 2008թ.-ին՝ 51.3%, 2018թ.-ին՝ 46.6%:

Ոստիկան, զինվորական, փրկարար, իրավաբան, լրագրող… Եթե Հայաստանում 20 տարի առաջ այս մասնագիտությունները «աղջիկների համար չէին», ապա այժմ այս ոլորտներում աղջիկ մասնագետների հաճախ կարող ենք հանդիպել:

Հայկուհի Մելքումյանը նրանցից մեկն է: Ավարտել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, մասնագիտությամբ փրկարար է. «Ընտրել եմ այս մասնագիտությունը, քանի որ կարծում եմ, որ այն աշխարհի ամենամարդասիրական մասնագիտությունն է: Փրկարարը պատրաստ է օգնել ցանկացած պահի՝ անկախ օգնության կարիք ունեցողի սեռից, տարիքից, ազգային պատկանելությունից: Փոքրուց պատրաստակամ եմ եղել օգնել բոլորին, երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, ընտրեցի փրկարար լինելու վեհ կոչումը»: Հայկուհու ծնողները սկզբում անհանգստանում էին, բայց հետո, հասկանալով, որ որոշումն անբեկանելի է, ընդունեցին այն, իսկ շրջապատում շատերը կարծում էին, որ դա աղջկա մասնագիտություն չէ, եւ համոզում էին հետ կանգնել ընտրությունից, չէին հավատում, որ մինչեւ վերջ տեր կկանգնի որոշմանն ու կդառնա փրկարար. «Միգուցե պատճառը մասնագիտությանս հանդեպ անսահման սերն է: Եթե սիրես այն, ինչով զբաղվում ես՝ դժվարությունները առիթ չեն դառնա հրաժարվելու համար»: Արդեն 5 ամիս է՝ Հայկուհին աշխատում է ԱԻՆ-ում՝ հպարտությամբ կրելով փրկարարի համազգեստը:

Լիլիթ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031