Դասեր չենք քաղում մեր պատմությունից մոռանում ենք աստվածային խոսքերը՝ «այն ինչում մեղադրում ես, մի օր կմեղադրի նաև քեզ»: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի դրոշակակիրները այլախոսներին ծեծի են ենթարկում խորհրդարանում, այնուհետև մեղադրում են սադրանքների մեջ: Չեմ բացառում միգուցե և սադրանքներն առկա են, սակայն ուր մնացին այն բաց ձեռքերով արդարություն պահանջող կանայք և տղամարդիկ:
Բարեբախտաբար հեռու եմ Էդմոն Մարուքյանին կողմնակից կամ համախոհ լինելուց, նկատել եմ անհիմն և հիմնավորված ինչպիսի լարված իրավիճակներ է ստեղծում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավագանու նիստերին, սակայն այդ ինչպես է ստացվում, որ ավտոբուսի առջև պառկած և իմ կողմից ձայն ստացած հեղափոխականները կարողանում էին իրենց անհնազանդության ժամանակ ներողություն խնդրելով հանուն հեղափոխության կանգնեցնել երկիրը և մարդկանց բացատրել, որ դա հանուն երկրի ազատագրման է, սակայն ներկայումս առանց բռունցքների չեն կարողանում հասկացնել երկու-երեք լուսավորականների, որ ճիշտ չէ սադրելը և խաղաղ ու քաղաքակիրթ գործընթացների արդյունքում լռեցնել «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն իրենց ազգանվեր գործունեությամբ:
Միգուցե այսօր արդեն, ինչպես հեղափոխության ժամանակ էր, ճշմարտությունն այդքան էլ իրենց կողքին չէ և կիսատ ճշմարտությունը, որն ըստ «Իմքայլականների» արտահայտում է Էդմոն Մարուքյանը, ու «Լուսավոր Հայաստանն» այդ պատճառով են բարկացնում իմ ընտրյալներին, ովքեր շեղված լինելով իրական ճանապարհից, չեն կարողանում լռեցնել մանիպուլյացիան և սադրանքները:
Այն, որ ուժը ելք չէ բազմիցս է ապացուցվել և միշտ որպես հակահարված վերադարձել է կիրառողին: Ահա և նախագահ Քոչարյանը վառ օրինակ: Մարդ, որ իր հանգուցյալ ընկերոջ՝ լուսահոգի Վազգեն Սարգսյանի մորը պահելով նախագահականի առջև ամբողջ երկրով մեկ հայտարարում էր, որ ինքն է միակ տղամարդը, այսօր իր նկատմամբ իրականացվող դատաիրավական գործընթացից դժգոհում և արդարադատություն է պահանջում: Միգուցե և ճշմարիտ, սակայն որևէ մեկը նրա բարձրացրած բողոքի ձայնը չի լսում, իսկ ինչո՞ւ չի լսում, մի՞թե վերացել է մարդասիրության գաղափարը Հայաստանում, իհարկե ոչ, պարզապես արդարադատության բումերանգը հետ է վերադարձել` այն համակարգը, որը ստեղծել է նա, անկարող է այսօր իրեն իսկ տալ այն, ինչը միգուցե և օրինաչափության սկզբունքներից դրդված պարտավոր է տալ:
Կարդացեք նաև
Ես չեմ պատրաստվում կողմնապաշտություն անել և հայտնել իմ աջակցությունը Սասուն Միքայելյանին կամ Էդմոն Մարուքյանին: Այդ ապտակը միայն վերջինինս չէր, այն ճլոթի էր հայ ժողովրդին, հեղափոխության արդյունքում երազանքները գտած և այսօրվա իրականության մեջ օր օրի հիասթափվող մարդկանց: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «մատի և մատանու արանքը մտնելը անշնորհակալ գործ է»: «Իմ քայլը» ու «Լուսավոր Հայաստանը» թող լուծեն իրենց խնդիրները: Ինձ որպես ընտրողի ավելի մտահոգում է այն հանգամանքը, որ թավշյա դրոշակակիրները բռնել են բռնության ճանապարհը և հաճախակի են սպառնում կամ ուժ գործադրում, այնուհետև արդարանում: Թեկուզ և եթե արդարացի համարենք այն հանգամանքը, որ «իմքայլականներին» սադրում են:
Եվ այսպես, եթե Էդմոն Մարուքյանի հայհոյանքից հետո Ալեն Սիմոնյանը ջարդեր նրա քիթը, ինչ-որ տեղ կհասկանայի, նույնիսկ կընդունեի, սակայն Ա.Սիմոնյանն ուրիշի քիթը կոտրեց՝ երևի դրա համար էլ խորհրդարանական բոլոլան շարունակվեց: Եվ եղավ անընդունելին՝ քաղաքական գործընթացի և խմորումների արդյունքում ծեծկռտուք: Պատգամավորին ծեծեցին խոսելու համար, սակայն նրա վիրավորական խոսքերի համար կարելի էր լուծում գտնել, օրինակ՝ Է.Մարուքյանի նկատմամբ օրենքով սահմանված կարգով քաղաքակիրթ պատժամիջոցներ կիրառել և հիմա կատարվածը որպես ազատ խոսքի լռեցման ձև չէր դիտարկվի: Այստեղ չեմ կարող չարձանագրել, որ ամենից հետո այս խորհրդարանի ընդունած, այսպես կոչված քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը պետք է սարկազմ դիտարկել կամ հասարակ մահկանացուների համար զսպաշապիկ: Ուսումնասիրելով մերօրյա քաղաքական գործիչների վարքագիծը՝ ես ավելի շուտ կառաջարկեի քաղաքական ենթամշակույթի դեմ պայքարի օրինագիծ ընդունել: Թէ չէ տպավորություն է ստեղծվում, որ օրենքում ամրագրել եք ձեր՝ քաղաքական գործիչների «գողական» գնալու իրավունքը, իսկ մեզ՝ «հարիֆներիս» պարտադրում եք բարեկիրթ լինել: Հարգելինե՛րս, եթե այդպես է, ապա այդ օրենքը ձեր դեմ է, քանի որ բարեկիրթ մարդիկ ընտրում են իրենց նմաններին և եթե օրենքն իրոք աշխատի և թղթի վրա չմնա, իսկ դուք չփոխվեք, հաջորդ ընտրություններին ցերեկով ճրագը ձեռքներս քաղաքական գործիչ չենք գտնի, որ ձայն տանք: Համեմատելով ձեր վարքագիծը և ընդունած օրենքը՝ ակամայից պատկերացնում ես հարբեցող ծնողի, ով խրատում է իր ճանապարհը բռնած որդուն և նրա գլխին բարեկեցության քարոզ է կարդում:
Ես չէի անդրադառնա այս թեմային, եթե չլսեի երկկողմանի անհիմն արդարացումները, սակայն թույլ տվեք հիշեցնել, որ առաջին քայլերը դուք արեցիք, ինչպես և պրակտիկայում ընդունված է, գնալով ոչ մեծ ծանրության հանցագործության` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով` ծեծ, հիմա արդեն լրջանում է, մոտենում եք ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու հատկանիշներին` խուլիգանություն, այստեղից արդեն մեկ քայլ է առանձնապես ծանր հանցագործություն կատարելուն: Ի դեպ առօրյայում հենց այդպես էլ լինում է՝ սովորաբար բոլորն էլ իրենց քրեական ենթամշակութային կարիերան սկսում են թեթև հանցագործություններից: Ես հիմա ուրախ եմ ձեզ համար, որ անձեռնմխելիություն ունեք, այլապես բարելավելու էիք ոստիկանների բացահայտման ցուցանիշները:
Ես կարծիքներ լսեցի, որ բոլոր երկրներում էլ նման բաներ լինում են, ողջ համացանցը ջանասերների ձեռքով հեղեղված էր այլ երկրների խորհրդարանական «էքշններով» և ինչ-որ մարդիկ շտապեցին այս ամենը արդարացնել, սակայն կարծում եմ սա պետք է դատապարտել, որպեսզի մենք՝ շարքային քաղաքացիներս, չընդօրինակենք նմանատիպ վարքագիծը, թե չէ երկիրը քաոսային իրավիճակում կհայտնվի: Եվ սա էլ դեռ ոչինչ, եթե վարչապետը չվերհիշեր հայտնի ջրով շշի առակը և ճիշտ է դատապարտում էր, սակայն սարկազմով էր մոտեցել հարցին և քաղաքացիների աչքից չվրիպեց, որ Սասուն Միքաելյանի ճլոթուց գեղարվեստական հաճույք էր ստացել:
Ցավում եմ, թեև նրա համար, որ հեղափոխության հետ կապված ավելի մեծ հույսեր ունեինք: Միամտորեն կարծում էինք, որ երբ գաք իշխանության օրենքը միատեսակ կգործի` երկակի ստանդարտներ չեն լինի: Բայց արի ու տես ամենը մնաց այնպես, ինչպես հայտնի անեկդոտում` միայն թղթաբանությունը շատացավ: Այնպես, որ ճլոթին Մարուքյանինը չէր, այլ մեր երազանքների պետությանը, որը ձեզ հետ միասին երազում էինք, իսկ այսօր մենք ձեզանից անհույս աղերսում ենք:
Կարծում եմ Սասուն Միքայելյանի առաջարկը լավն է, Էդմոն Մարուքյանը վերջինիս հետ պետք է իրոք իր մանդատը վայր դնի՝ ապացուցելով, որ իրենք իրոք ժողովրդի ընտրյալներն են, ինչը ողջունելի է նաև Ալեն Սիմոնյանի պարագայում:
Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ