Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատ բան ունեմ ասելու». Պողոս Պողոսյանի պաշտպան

Մայիս 12,2020 19:33

Վերաքննիչ դատարանը Պողոս Պողոսյանի որդուն`Սեւակ Պողոսյանին, ճանաչեց տուժողի իրավահաջորդ

2001 թվականին «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի որդին`Սեւակ Պողոսյանն այսօր դատարանում միջնորդություն ներկայացրեց`իրեն տուժող իրավահաջորդ ճանաչելու մասին: Գործով  տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Պողոս Պողոսյանի եղբայրը`Անդրանիկ Պողոսյանը: Թեեւ գործի այս փուլում դատարանին իրավունք վերապահված չէ տուժողի իրավահաջորդ ճանաչելու իրավասություն, սակայն  Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի (Կուկու) պաշտպան Ռոբերտ Բեջանյանը չառարկեց միջնորդության դեմ:

Aravot.am-ի հետ զրույցում պաշտպանն ասաց, որ մարդկային գործոնն է հաշվի առել`որդին ցանկանում է ներկա լինել եւ հասկանալ, թե ինչ է կատարվել հոր հետ: Չառարկեց նաեւ դատախազը: Դատարանն ընդունեց միջնորդությունը եւ տուժողի իրավահաջորդ ճանաչեց Պողոս Պողոսյանի որդուն`Սեւակ Պողոսյանին:

Ապա` դատարանը բավարարեց նաեւ Սեւակ Պողոսյանի միջնորդությունը`հետաձգել նիստը` գործի նյութերին ծանոթանալու համար: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 16-ին ժամը 15. 00-ին:

Ձեր կարծիքով գործն ի՞նչ ընթացք կստանա`Aravot.am-ի հարցին Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը պատասխանեց` չեմ կարող գուշակել, դատարանի փոխարեն ենթադրություններ անել: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը գործի քննությունը միտումնավոր ձգձգում չի տեսնում, եթե քննությունը ձգվում է, ապա ըստ Ռոբերտ Բեջանյանի ձգձգվում է կորոնավիրուսի վարակով պայմանավորված սահմանափակումներով: Նախորդ դատական նիստի հետաձգումն իր միջնորդությամբ`գործի նյութերին ծանոթանալու համար եւ այսօրվա հետաձգումը նա օրինաչափ է համարում: Ռոբերտ Բեջանյանից նաեւ հետաքրքրվեցինք`ծանոթացե՞լ է գործի նյութերին, ինչ կարծիք ունի, ի՞նչ առարկություններ ունի իր պաշտպանյալը: Պաշտպանն ասաց, որ շատ բան ունի ասելու, պատասխանն էլ պատրաստել է, բայց այդ ամենի մասին կխոսի դատարանի դահլիճում:

Հիշեցնենք, վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կազմով՝ Կարեն Մարդանյանի, Արմեն Բեկթաշյանի, սկսվել է դատախազության բողոքի քննությունը՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը բեկանելու և նոր դատաքննություն նշանակելու պահանջով:

Խոսքը 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Հարությունյանի և Պողոս Պողոսյանի «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է, որի հետեւանքով Պողոս Պողոսյանը սպանվել է: Տեսնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին`Պողոսյանն ասել էր`«Պրիվետ, Ռոբ»:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի` 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Դեպքի վերաբերյալ, սակայն, վերջերս դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչները: Հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:

Ելնելով վերոգրյալից՝ Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ, որի ընթացքում, ըստ դատախազության հաղորդագրության, կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, ով տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք:

Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից: Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում՝ գործով հարցաքննված անձանց՝ մի խումբ անձանց կողմից Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հիմնականում գլխին հարվածներ հասցնելու վերաբերյալ ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031