Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադրված ծախսեր Գյումրու աղքատացող բյուջեից․ բուժաշխատողների տրանսպորտի համար վճարում է քաղաքապետարանը

Մայիս 12,2020 19:20

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն ասաց, որ կապված արտակարգ դրության հետ ՀՀ պարետն ու Շիրակի մարզպետը գրություն են հղել Գյումրու քաղաքապետարան, որպեսզի այս կառույցը կազմակերպի Գյումրու բուժաշխատողների տեղաշարժը, ապահովի տրանսպորտային միջոցներով։

«24 մեքենա 400 բուժաշխատողի տեղափոխում են 12 բուժհիմնարկություններ՝ տնից աշխատատեղ և  աշխատատեղից տները»,- ասաց Լենա Ջիլավյանը՝ նշելով, որ Գյումրու քաղաքապետարանն ապրիլ ամսից կազմակերպում է տեղափոխումը և այս նպատակով  5 միլիոն 280 հազար դրամ են փոխանցել ավտոտնտեսություններին։ Մայիսի 2-ից 14-ը  ընկած ժամանակահատվածի համար ևս նախատեսվում է ֆինանսավորել  3 միլիոն 120 հազար դրամ, իսկ արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտություն կառաջանա ևս 4 միլիոն 80 հազար դրամ փոխանցելու։ Լենա Ջիլավյանը նաև տեղեկացրեց, որ  համայնքի բյուջեից ամեն մի մեքենայի համար օրական վճարում են 10 հազար դրամ։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ, դիմելով ավագանու անդամներին, ասաց․  «Եթե հանրային տրանսպորտը թույլատրեցին աշխատելու, որի հավանականությունը ոնց որ քիչ էր առավոտ հնչեցրած կարծիքներով,  բնականաբար, այս  գումարը չենք փոխանցելու, եթե արտակարգ դրությունը  երկարաձգվեց, պարզ է անհրաժեշտություն կլինի շարունակել, ուղղակի նաև հնարավորություն տվեք, որ սա  մենք ընդունենք ավագանու նիստով։ Եթե շարունակվեց,  գումարը տանք, որպեսզի արտահերթ նիստ չհրավիրենք, եթե չշարունակվեց, հանրային տրանսպորտը կսկսի աշխատել, և մենք գումարներ չենք տա։  Ծանր իրավիճակում  են նաև մեր՝ քաղաքապետարանի աշխատողները, ընդհանրապես մեր բոլոր այն կազմակերպությունները, հանրային տրանսպորտ չկա, որ մարդիկ կարողանան օգտվել։ Դրա համար ծագել են այսպիսի խնդիրներ, անհրաժեշտություն կա դրանք լուծելու»։

Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչ Արմենուհի Վարդանյանն էլ, նշելով, որ անչափ կարևոր է բուժաշխատողների անխափան աշխատանքը կազմակերպելու գործընթացը, հարցրեց, թե պարետատան հետ զրույց տեղի ունեցե՞լ է, հաշվի առե՞լ են Գյումրու բյուջեի հնարավորությունները, սուբվենցիոն ծրագրի քննարկում եղե՞լ է համայնքին աջակցելու հարցում։

Լենա Ջիլավյանն ասաց, որ նման քննարկում չի եղել և առայժմ ունեն գումար՝ արտակարգ իրավիճակների համար նախատեսած հոդվածով։

ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանն էլ առաջարկեց այդ գումարի չափով սուբվենցիայի առաջարկ անել կառավարությունը։

«Հասկանալի է, որ պիտի հատկացվի, բայց ես առաջարկ ունեմ՝ հաշվի առնելով արտակարգ դրությունից առաջացած համայնքային բյուջեի վնասները, մի կողմից առաջարկում եմ այս գումարի չափով սուբվենցիայի առաջարկ անել կառավարությանը, որպեսզի  կառավարությունը փոխհատուցի համայնքային բյուջեի վնասը, որովհետև, այնուամենայնիվ, առողջապահական ծառայությունը պետական ծառայություն է և ոչ թե համայնքային, հակառակ դեպքում համայնքը իր ծառայությունները մատուցելու մասով կունենա այս գումարի չափով դժվարություն, այսինքն՝ համապատասխան ծառայությունները կտուժեն այս գումարի չափով»։

Նա նաև առաջարկեց Գյումրու քաղաքապետարանի տարբեր բաժինների աշխատակիցների, ավագանու անդամների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողով, որոնք կհաշվարկեն համայնքային բյուջեի կրած վնասներն արտակարգ դրության պայմաններում։ Այդ գումարի չափը հստակեցնելուց հետո կմտածեն՝ որտեղից կարելի է փոխհատուցել այն, իհարկե, նախ և առաջ դիմելով պետական իշխանությանը, քանի որ արտակարգ դրությունը սահմանել է  պետական իշխանությունը, որն ունի քաղաքական պատասխանատվություն համայնքների կրած վնասը ինչ-որ չափով կամ ամբողջությամբ փոխհատուցելու համար։

Սամվել Բալասանյանն էլ, առիթն օգտագործելով, հորդորեց քաղաքացիներին մուծել հարկերը, տուրքերը, որպեսզի տույժ-տուգանքներ չկիրառվեն նրանց նկատմամբ։

«Մենք նաև տարբեր նամակներ ենք ստանում տարբեր կազմակերպություններից, ՍՊԸ-ներից, որ մենք չենք կարող համապատասխան տուրքը, հարկը վճարել, սա նույնպես շատ բարդ իրողություն է։ Ասեմ, որ ապրիլ ամսին 110 միլիոն փոխարեն հավաքել ենք ընդամենը 27 միլիոն գումար։ Սա շատ ցավալի տվյալ է, ձեզ ասեմ, որ մոտ  90-100 միլիոն պակաս, սա ծանր է նստելու, որովհետև մենք սուբվենցիոն ծրագրեր ենք անելու, բյուջեն լրիվ պլանավորված էր, իհարկե, այսօր մուտք կար, բայց շատ քիչ»,-ասաց քաղաքապետը։

Սամվել Բալասանյանը նաև ասաց, որ տնտեսված գումար ունեին․ այսօր առավոտ 491 միլիոն դրամ կար բյուջեի հաշվին, դրա հնարավորություն է տվել այս ընթացքում և՛ պահպանման, և՛ կոմունալ ծախսերը հոգալ, դիմակ, քլոր գնել։ Գյումրու քաղաքապետն ասաց, որ այս ծախսերը հաշվարկելուց հետո կդիմեն կառավարությանը՝ օժանդակելու, եթե, իհարկե, նման ծրագիր կլինի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031