Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգության հարցը տեղափոխվել է Թուրքիայի խորհրդարան. Ermenihaber.am

Մայիս 12,2020 20:10

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։ Նա գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղված ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածնի եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չէր հաջողվել։

Փայլանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դեպքի առթիվ բերման ենթարկված անձնավորությունը իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովհետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։

Հայ պատգամավորն ընդգծել է նաև, որ ատելության մթնոլորտի պայմաններում Բաքըրքյոյում և տարբեր շրջաններում պարբերաբար եկեղեցիների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում։ Եղել են դեպքեր, երբ ռասիստական, ազգայնամոլական բնույթի գրություններ են տեղ գտել հայկական եկեղեցիների պատերին։

Այս ամենը նկատի առնելով Կարո Փայլանը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղել է հետևյալ հարցերը.

  1. Չեք կարծո՞ւմ, որ փոքրամասնությունների կրոնական հաստատությունների հանդեպ ատելության հողի վրա իրականացվող հարձակումների վրա ազդեցություն են ունենում Թուրքիայի նախագահի կողմից գործածվող խոսքերը, ինչպես օրինակ՝ «թրի ավելցուկ» արտահայտությունն է։
  2. Ի՞նչպիսի միջոցներ եք ձեռնարկում հաճախակի հարձակման ենթարկվող փոքրամասնություններին պատկանող կրոնական հաստատությունները պաշտպանելու համար։
  3. Ըստ իս՝ ատելության հողի վրա իրականացվող այս հարձակումներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ուղղորդվում են պետության ներսում գտնվող տեսանելի կամ անտեսանելի կենտրոնների կողմից։ Հակառակը կարո՞ղ եք պնդել։

Հիշեցնենք, որ Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ հանցագործին հայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովhետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։

Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ հանցագործը ձերբակալվել է, և նախաքննությունը շարունակվում է։

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031