Աշխատանքային քննարկում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` լաբորատոր փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, գործադրի ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված անձինք:
ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն իրենց բողոքն են հայտնել` տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ները մրցակցում են պետական նույնանման գործունեություն իրականացնող լաբորատորիաների հետ, ինչի արդյունքում էլ հայտնվել են ծանր դրության մեջ:
Կարդացեք նաև
Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ պետության հետ մրցակցել իրենք անկարող են: Կառույցների ներկայացուցիչները նշել են, որ պետական եւ մասնավոր փորձաքննություն իրականացնող ընկերությունները չպետք է ունենան միեւնույն գործառույթը:
Համակարծիք չլինելով ներկայացված դժգոհությունների հետ` պատգամավորները նշել են, որ եթե չլինեն մրցակցային պայմաններ, ապա գործառնության որակը կտուժի: Որպես օրինակ մատնանշվել է պետական եւ ոչ պետական բուհերի գործունեությունը: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են ծառայությունների որակը բարձրացնելով` հասնել առավելագույնի: Միեւնույն ժամանակ ընդգծվել է, որ պետական ՊՈԱԿ-ները չպետք է ունենան արտոնյալ կարգավիճակ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել խնդիրն առավել խորքային ուսումնասիրել եւ եւս մեկ քննարկում անցկացնել նախարարությունում:
ՀՀ Ազգային ժողով