ԱԺ ծեծկռտուքը ու շարունակվող բազարը. պետք է սկսել տարանջատվել
Զրոյական մակարդակ, սեփական դերի զրոյական գիտակցում, պետության ընկալման զրոյական աստիճան։
«Քֆուրը, պիսկելը» խփելը մեր քաղաքական միտքն են։ Ու մենք ուզում ենք այս որակներով թուրք-ադրբեջանական ճնշմանը դիմանա՞լ։ Ուզում ենք 21-րդ դարում պետությո՞ւն ունենալ։ Ուզում ենք տնտեսական ճգնաժա՞մ հաղթահարել։ Մենք ուզում ենք առաջադեմ երիտասարդներին, լավ կադրերին կարողանանք պահե՞լ Հայաստանում։ Կփախչեն երկրից ու հետ չեն նայի։ Չենք գտնի մի նորմալ հիմնավորում, որ ասենք՝ մի՛ գնացեք։
Իրենք իրենց համար պառլամենտ են սարքել, իրենք իրենց պարգևավճարներ են տալիս, իրենք իրենց փառաբանում, իրենք իրենց կուռք են ընտրել, իրենք իրենց՝ ստրուկ ընկալել, իրենք իրենց խանդում ու սատկացնում են։
Կարդացեք նաև
Մենք ի՞նչ կապ ունենք սրա հետ։ Լայն հասարակությունը ի՞նչ կապ ունի սրա հետ. վարակի ալիքի առաջ հայտնված ժողովուրդը, գործազրկության և սովի առաջ անօգնական հայտնված ժողովուրդն ի՞նչ կապ ունի։ Տապալելով աշխատանքի բոլոր ուղղությունները՝ իրար «պիսկում են»։
Հետո լուրջ դեմքերով քննարկում ենք, թե ինչո՞ւ է բանակում խաղաղ պայմաններում այդքան ողբերգություն լինում։ 18 տարեկաններն անում են նույնը, ինչ՝ երկրի քաղաքական էլիտան` քֆուր, սուտի գողականություն։ Դրան գումարած՝ 18 տարեկանների ձեռքին կա ավտոմատ։ Կասեք՝ դա առաջ էլ է եղել. այո, իհարկե եղել է, և այսօր ստացվում է՝ դուք պարզապես օրգանական շարունակությունն եք այն ամեն վատի, որ եղել է, միայն ավելի եք կատարելագործվում ու նոր հորիզոններ նվաճում՝ խորացնելով քաղաքական-հասարակական դեգրադացիան։
Քաղաքական և տեսակային ինֆանտիլիզմը բերում է «քֆուրին և պիսկելուն»։ Երկու տարի անընդհատ այս փոքր երկրում ագրեսիա ու թշնամանք քարոզելու արդյունքը սա պիտի լիներ։ Ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Երկրով մեկ լինելու է ընդհանուր քրեածին վիճակի վատացում, ռազբորկաների ու սամասուդների հաղթարշավ։ Բոլորն անթաքույց լուծում են անձնական հաշիվներ, և մենք՝ մեծով-փոքրով, ներքաշվում ենք այս պղտոր հոսանքի մեջ։
Բարձր մշակութային արժեքներ, քաղաքացիական գիտակցություն, օրենքի և իրավունքի գերակայություն, հումանիտար և սոցիալական արժեհամակարգ և այլ նմանատիպ հասկացությունները շուտով սկսելու են մեզ անհասանելի մի բան թվալ։
Գեղարքունիքի դեպքը սամռկեցուցիչ էր որպես փաստ, բայց կրկնակի սամռկեցուցիչ էր դրա անարձագանքությունը։
Դրանից հետո պարզ է դառնում, որ մեր գալիք փուլի հերոսները լինելու են դիշովի քֆուրչիները, պիսկողները, վիզ կտրողները, շեֆի հրամանով խփողները։ Քննարկումն ընթանալու է միայն «ճշտի» ու հարվածի ուժգնության աստիճանը որոշելու շուրջ։
Իրար սատկացնող ԱԺ-ն աննկատ ընդունում է օրենքներ, որոնք հիմք են դնելու մի քանի սերունդի վենդետաների։ Սերնդեսերունդ փոխանցվելու է գույքի և խլված սեփականության բազարը։ Ո՞վ, որտե՞ղ հղացավ այս օրենքները, որտե՞ղ որոշվեց՝ դրանք բերել և փաթաթել մեր երկրի վզին, ու՞մ շահերն են դրանք սպասարկում. հարցերի պատասխանները կորում են օնլայն և ֆիզիկական բազարների աղմուկի մեջ։
Նախօրեին 88-ի անարժանապատիվ ծափը ինդուլգենցիա էր շեֆին՝ նույն ոճով շարունակելու, ինդուլգենցիա էր՝ խփելու ու հաշվեհարդարի, խրախուսանք էր բռնությանը։ 88-ը դա չի հասկացել, լինենք անկեղծ, 88-ը այդքան չի էլ մտածել։ Բայց հետագա ընթացքի որակը դրանից չի փոխվում։
Ու հարցը, միևնույն է, մնում է անպատասխան. ի՞նչ կապ ունենք մենք բոլորս այս ամենի հետ։ Ինչու՞ պիտի ողջ երկիրն ու բնակչությունը պատանդ մնան մի փոքր խումբ մարդկանց անձնական հաշիվներին, անձնական թշնամությանը, կուլիսային պայմանավորվածություններին, դրանց խախտումներին, ինչու՞ պիտի մենք մասնակցենք այս էժան թատրոնին ու դեռ այսքան բարձր գին վճարենք տոմսի համար։
Այսօր առաջացել է խնդիր՝ այս ամենից տարանջատվելու։ Հանրային դեմքերը, որոնք գտնվում են իշխանությունից դուրս, պիտի ձևակերպեն այն խնդիրները, որոնք կանգնած են երկրի առաջ, և որոնք որևէ կերպ չեն առնչվում ԱԺ ֆասադային պրոցեսներին։ Գտնել ասելիքի և օրակարգի ընդհանրություններ. սա կոնկրետ լուծում պահանջող խնդիր է։ Կա ռիսկ, որ մենք բոլորս բաց ենք թողնում ետնաբեմում շարունակվող վտանգավոր գործընթացները։
Միաժամանակ, քաղաքական իշխանության ներսում գտնվող առավել առողջ և պատասխանատու դեմքերից պահանջվում են կոնկրետ քայլեր՝ տարանջատվելու այս ամենից։ Խոսեք, արտահայտվեք, ցույց տվեք ձեր անհամաձայնությունը, հանդես եկեք որպես ինքնուրույն գործիչներ։ Կոտրեք լռության ու միատարրության պատը։ Հրաժարական տվեք, եթե դա է միակ լուծումը։ Գտեք ձևը՝ տարանջատվելու, որպեսզի վաղը չկիսեք պատասխանատվությունն այն վտանգավոր զարգացումների համար, որոնք այսօր ձեր լուռ համաձայնությամբ են հնարավոր դառնում։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»