Այսօր Կենտրոնական բանկի առաջ կազմակերպված ցույցն ավարտվեց ոստիկանների եւ ցույցի մասնակիցների միջեւ տեղի ունեցած քաշքշուկով, ինչի արդյունքում երկու քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանություն: «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները ԿԲ-ի առաջ բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ բանկերի եւ վարկային կազմակերպությունների, նրանց բնորոշմամբ՝ «վաշխառուական գործունեության»:
Aravot.am-ի հարցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ցույցի երկու մասնակից տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնի բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածը խախտելու համար, այն է՝ ոստիկանության օրինական գործողություններին չենթարկվելը, ինչի առիթով կազմվել է արձանագրություն:
ԿԲ առաջ կազմակերպված ցույցին միացել էին բանկերից տուժած տասնյակ քաղաքացիներ, որոնք հերթով ներկայացնում էին իրենց գլխին եկածը՝ նշելով, որ վարկերի բարձր տոկոսների պատճառով այսօր ե՛ւ բիզնեսն են կորցրել ե՛ւ մնացել պարտքերի մեջ: Նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանի խոսքով, Կենտրոնական բանկի թույլտվությամբ ստեղծվել են՝ «Mogo», «varks.am», «Good credit» եւ այլ վարկային կազմակերպություններ, որոնք «վաշխառությամբ» են զբաղված, քանի որ շատ բարձր տոկոսներով են քաղաքացիներին վարկեր տրամադրում, իսկ Կենտրոնական բանկն էլ չի վերահսկում այդ բարձր տոկոսները: Իսկ մարդիկ էլ ճարահատյալ վերցնում են այդ վարկերը՝ մեկը՝ վիրահատության համար, մյուսը՝ դեղ գնելու կամ մեկ այլ կենցաղային խնդիր լուծելու:
Կարդացեք նաև
«Կենտրոնական բանկը նպաստում է, որպեսզի երկրում ֆինանսական խնդիրներ տեղի ունենան: Հազարավոր քաղաքացիներ կան, որ դժգոհ են եւ պատրաստ են միանալ բողոքի այս ցույցին, բայց արտակարգ դրության, տրանսպորտի բացակայության պատճառով չեն կարողացել գալ»: Նրա խոսքով՝ 1000-ից ավելի քաղաքացիների ստորագրություն են հավաքել՝ «ընդդեմ «վաշխառուների», որոնք դժգոհ են բանկերի եւ վարկային կազմակերպությունների գործելակերպից»:
Ցույցի եկած քաղաքացիներից մեկը պատմեց, որ արտակարգ դրության այս օրերին, կառավարության որոշմամբ ընտանիքին հատկացրած 68 հազար դրամից երեսուն հազարը բանկը բռնագանձել է, քանի որ վարկի վճարման պարտք է ունեցել: Սակայն, ըստ քաղաքացու, բանկը նման իրավունք չուներ, քանի որ այդ գումարը կառավարությունը փոխանցել էր ընտանիքին՝ ապրելու համար, ոչ թե վարկը մարելու, իսկ վարկը չի վճարել, քանի որ բանկը երկու ամիս վարկային արձակուրդ էր տրամադրել, հետեւաբար, իրավունք չուներ այդ գումարին մատով դիպչել:
Ցույցի կազմակերպիչների խոսքով, կառավարությունը, նախքան այդ գումարները փոխանցելը, պետք է այդ հարցերը կարգավորած լիներ, որպեսզի բանկի համար կառավարության փոխանցած գումարն անձեռնմխելի լինեին:
Նախաձեռնության անդամների խոսքով, Կենտրոնական բանկը լիցենզիաներ տրամադրելով նշյալ կազմակերպություններին, նպաստում է, որպեսզի նրանք, իրենց բարձր տոկոսներով, «քաղաքացիներին թալանեն»:
«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Գեւորգ Հովհաննիսյանը մատնացույց անելով ԿԲ աշխատակիցների թանկարժեք ավտոմեքենաները, ասաց. «Տեսե՛ք, քանի հազար դոլարանոց ավտոմեքենաներ են վարում, որքան աշխատավարձեր են ստանում, ու տեսե՛ք, գյուղերում այդ վարկերի տակ մնացած քաղաքացիները ոնց են ապրում»:
Ցույցի ընթացքում նախաձեռնության անդամներին ոստիկանները հայտնեցին, որ Կենտրոնական բանկից պատրաստակամ են դիմումն ընդունել եւ բողոքը լսել: Սակայն այդպես էլ հանդիպումը տեղի չունեցավ: Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ նշելով, որ նրանց դիմումներին արդեն իսկ տրվել են պատշաճ պատասխաններ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ