Մայիսի 11-ին ՀՀ ազգային ժողովը վավերացրեց Լանզարոտեի կամ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը ստորագրվել էր դեռևս 2010 թվականի սեպտեմբերի 29-ին:
Կոնվենցիան ուղղված է երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանն ու բոլոր դերակատարների համագործակցությանը:
«Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված արշավը և դրա մասնակից կազմակերպությունները ողջունում են կոնվենցիայի վավերացումը, քանզի պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում երեխաները ենթարկվում են տարատեսակ բռնությունների, այդ թվում սեռական բնույթի: 2018 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում եղել է երեխաների հանդեպ սեռական բնույթի հանցագործության 76, իսկ 2019թ. ընթացքում` 85 դեպք, որոնցից շատերը ցնցել են հանրությանը՝ առաջացնելով խորը զայրույթ։
Արշավը կոչ է անում ՀՀ կառավարությանը ձեռնարկել կոնվենցիայի դրույթներին համապատասխան գործուն քայլեր զոհերի պաշտպանության և վերականգնողական միջոցառումների իրականացման, քրեադատավարական գործընթացներում երեխա-զոհերի և նրանց ընտանիքներին կրկնակի զոհականացումից խուսափելու համար համալիր կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Արշավը պատրաստակամություն է հայտնում աջակցել կառավարությանը վերոնշյալ գործընթացներում` ապահովելու առկա իրավիճակի իրական փոփոխությունը:
«Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի անդամներ