Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ցույց Մարալիկում. «Ինչո՞ւ մենք պարգեւավճար չենք ստացել, օրական 10-ից ոչ պակաս կանչեր ենք սպասարկել»

Մայիս 12,2020 14:53

Շիրակի մարզի Մարալիկ համայնքի հիվանդանոցի մի խումբ աշխատակիցներ այսօր բողոքի ցույց էին անում: Նրանց նախորդ ամսվա աշխատավարձը 20%-ով կրճատվել է: Այսինքն, ինչպես ներկայացրեցին հիվանդանոցի բուժքույրերն ու այլ աշխատակիցները, ինքնամեկուսացված օրերի համար չեն վարձատրվելու:

Երբ այս համայնքում նոր կորոնավիրուսի դեպքեր հաստատվեցին, համայնքում խիստ սահմանափակումներ մտցրեցին, բուժաշխատողները, հիվանդանոցի բուժաշխատողները, որոնց մոտ եւս կորոնավիրուս է հաստատվել, հոսպիտալացվել էին, նրանց հետ շփում ունեցած բուժաշխատողներն էլ՝ մեկուսացվել, մի մասն էլ իրենց տներում ինքնամեկուսացել:

Այսօր ցույցի մասնակիցները դժգոհում էին. «Մեզ թույլ չէին տալիս աշխատենք, ինքնամեկուսացվել էինք, հետո անցանք աշխատանքի ու հիմա մեզ ասում են, որ պետք է անաշխատունակության թերթիկով վճարվենք: Համ հիվանդանանք, համ էլ ցածր ստանա՞նք: Ուր դիմում ենք՝ բանավոր պատասխան են տալիս, թե էդպես է որոշված՝ չենք աշխատել. բյուլետենով պիտի վճարեն: Ինչ ասեցին՝ բանավոր հրամանով էր, բայց եթե կա իրոք գրավոր հրաման, իմանանք, մենք էլ հաշտվենք: Ուղղակի վստահ ենք՝ նախարարը տեղյակ չի»:

Ցույցի մասնակիցներն ասացին, որ զանգահարել են առողջապահության նախարարության առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին, որն էլ անաշխատունակության թերթիկի հիման վրա վարձատրելը պայմանավորել է, թե մարզի առողջապահական վարչության հետ համաձայնեցված է. «Մենք ասացինք, թե ինչո՞ւ պիտի աշխատավարձի 80%-ը ստանանք, նա էլ զայրացավ ու պատասխանեց՝ ես կարո՞ղ եմ արթիկցուն էլ, լեննականցուն էլ 100% վճարեմ, մարալիկցուն էլ՝ 100»:

Ցույցի մասնակիցներից մեկն էլ, որ շտապօգնության հերթապահ բուժքույրն էր, պնդեց՝ օրը 24 ժամ աշխատել են, սկզբում տեւական ժամանակ նույնիսկ պաշտպանիչ արտահագուստ ու այլ միջոցներ չեն ունեցել, բայց կանչերի գնացել են. «Բացի դրանից, ասում են՝ հունվարից 30% բուժաշխատողների աշխատավարձը բարձրացել են: Այդպես չէ, մերը 20% է: Խոսում են բուժաշխատողների պարգեւավճարներից: Մենք գիտենք, որ բոլոր մարզերում պարգեւավճարներ են տվել: Ինչո՞ւ մենք պարգեւավճար չենք ստացել, օրական տասից ոչ պակաս կանչեր ենք սպասարկել»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը հղում արեց կառավարության այս տարվա մարտի 12-ի թիվ 296-Ա այս տարվա եւ 2011 թվականի կառավարության որոշումներին՝ ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատավարձեր վճարելու մասին: Բացի այս, Ասլանյանն ասաց՝ նախարարության գլխավոր քարտուղարից ստացել են պարզաբանում, թե ինչպես պետք է տրամադրեն անաշխատունակության թերթիկները. «Պարզ մեկնաբանված է՝ կորոնավիրուսային վարակի հետ կապված կարանտինի, բժշկական հսկողության ներքո գտնվող անձանց, մեկուսացման 14 օրերի համար տրամադրել ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, այն բուժհիմնարկից, որտեղ գրանցված են»:

Ըստ Ասլանյանի, բոլոր նրանք, որոնք չեն աշխատել, կառավարության որոշմամբ վարձատրվելու են բյուլետենի թերթիկով, այդպես է սահմանվում իրավական կարգավորմամբ. «14 օրերի համար իրենք պետք է ունենան անաշխատունակության թերթիկ»:

Ինչ վերաբերում է շտապօգնության բուժաշխատողի այն դժգոհությանը, որ պարգեւավճարներ չեն ստացել, այն դեպքում, երբ պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե կորոնավիրուսային իրավիճակում աշխատող բուժաշխատակիցները պարգեւավճարներ են ստանում, Ասլանյանն այսպես արձագանքեց.«Ո՞վ պիտի տա այդ պարգեւավճարը: Մենք մարզում ունենք մի ինֆեկցիոն հիվանդանոց, բոլորը դրան մատնացույց են անում: Նրանք ահագին բարերարներ ունեն, ու այն վերապրոֆիլավորված է կորոնավիրուսի հետ աշխատելու: Միակ վերապրոֆիլավորվածը Գյումրու ինֆենկցիոն հիվանդանոցն է, միայն նրանք են ստացել պարգեւավճար, այլ բուժհիմնարկների համար նախատեսված չէր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031