Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի թշնամիներին թվարկելիս չի մոռացել նաև հայկական լոբբիի մասին։
Էրդողանը ելույթի ժամանակ անդրադարձել է իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) դաշինքին, որ ժամանակ առ ժամանակ քննարկման առարկա է դառնում։
ԱՇԿ-ն հանդիսանում է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը, ինչպես նաև կուսակցությանն ուղղակիորեն ենթակա «Գաղափարական օջախներ» կոչվող կազմակերպությունների միջոցով Թուրքիայի բոլոր նահանգներում թշնամական տրամադրություններ է տարածում «ներքին և արտաքին թշնամիների», այդ թվում ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ։
Այս համատեքստում Էրդողանը նշել է, որ ավելի են ամրապնդելու ԱՇԿ-ի հետ դաշինքը և «շարունակելու են համատեղ ընթացքը՝ հակառակ Թուրքիայի վրա բոլոր հարձակումներին ու իրենց թիրախավորող բոլոր խմբերի դավադրություններին»։
Կարդացեք նաև
Թուրքիայի նախագահը, մասնավորապես, ասել է․ «Շարունակելու ենք մեր սահմաններին ուղղված սպառնալիքներն ու ոտնձգությունները հետ մղել, ահաբեկչական կազմակերպություններին ու Թուրքիայի դեմ թշնամություն տարածողներ ուժերին խեղդել իրենց բներում։ Մինչև վերջ պաշտպանելու ենք մեր իրավունքները Միջերկրական ծովում, Կիպրոսում, Էգեյան ծովում։ Դաշտը չենք թողնելու FETÖ-ին (գյուլենական կազմակերպություններ, որոնք Թուրքիայում ահաբեկչական են հռչակված), PKK-ին (Քրդստանի բանվորական կուսակցություն), հայկական ու հունական լոբբիներին, թշնամություն տարածող Պարսից ծոցի չար ուժերին»։