Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղարշակ Հակոբյան, չփորձեք սպառնալ ՀՀ ՄԻՊ-ին». Արման Թաթոյանի կետ առ կետ պատասխանները «Իմ քայլին»

Մայիս 12,2020 13:43

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ԱԺ պատգամավորների՝ իր գործունեության մեկ տարվա զեկույցի մասին գնահատականները երեք խմբի է բաժանում.

-Քաղաքական

– Քաղաքական+անդրադարձեր մարդու իրավունքներին

-Մարդու իրավունքների խնդիրներ:

ԱԺ նիստում այսօր նա չցանկացավ անդրադառնալ քաղաքական ելույթներին. «Կարեւորում եմ ապաքաղաքական հարցերը, որոնք նպաստում են մարդու իրավունքների վիճակի բարելավմանը: Երեկվա հարցուպատասխանը մեկ հարցի շուրջ էր պտտվում՝ ատելության խոսք եւ վիրավորանք»: Թաթոյանի բնորոշմամբ՝ պատգամավորներից, այդ թվում հարցադրումներ հնչեցին, թե ՄԻՊ-ն ինչու չի արձագանքել այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ տեղի ունեցածին: «Նորից ասեմ, որ ՄԻՊ-ն անդրադառնում է պետական եւ տեղական ինքնակառավարման, նաեւ՝ հանրային ծառայություններ մատուցողների կողմից իրավունքների խախտման դեպքերին: ՄԻՊ-ը ոչ թե պետությանն է պաշտպանում քաղաքացուց, այլ քաղաքացուն՝ պետությունից: Իսկ պետության իմիջի տեսանկյունից այդքան էլ նպատակահարմար չէր քննարկումներն այդքան նվիրել ատելության խոսքին, որովհետեւ ՄԻՊ տարեկան զեկույցում այլ խնդիրների էլ ենք անդրադարձել, որոնք հազար էջից ավելի են»:

Թաթոյանը վստահեցրեց, որ իր զեկույցներն օբյեկտիվ են եւ դրանցում կան դրական զարգացումներ, որոնք ազնվորեն են նշված. «Բայց, կարծում եմ, կարելի էր անդրադառնալ հարցերի, թե, օրինակ, ինչու են մարդիկ ամիսներով մոռացվում հոգեբուժարաններում, ինչու հոգեբույժների բավարար քանակ չունենք, ինչպես անենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները դպրոց գնան, ինչու են անվճար դեղերն անարդյունավետ, ինչու են մարդկանց զրկում նպաստից, ինչու է չարաշահման բացահայտման դեպքում բեռը մնում տուժածի վրա»:

Արման Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ տարեկան զեկույցում ազնվորեն արտացոլել են բոլոր հարցերը, թեեւ պատգամավորների նկատառումների մեծ մասը վերաբերում էր այս տարվա դեպքերին. «Զինվորների առնչությամբ, օրինակ, հրապարակման չենթակա խնդիրներ կան, բայց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ միշտ քննարկումների մեջ ենք, դատապարտյալների առնչությամբ էլ՝ Նաիրա Զոհրաբյանի հետ: Բաբկեն Թունյանն էլ ասաց, թե ինձ շատ առաջարկներ է հղել, իսկ ես չեմ պատասխանել: Ես ինձ հետ բերել եմ այն նամակները, որոնցով պատասխանել եմ պարոն Թունյանին, ավելին՝ ուղարկել օրենսդրական նախագծեր: Տեղեկանքի տեսքով էլ բերել եմ Վահե Էնֆիաջյանի հնչեցրած բոլոր հարցերի պատասխանները»:

Թեեւ երեկ Արման Թաթոյանը գնահատել էր երեխաներին սեռական բռնությունից պաշտպանող կոնվենցիայի ընդունումը, այսօր էլ նա գնահատական հնչեցրեց, քանի որ «Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանը կրկին հարցրել էր այդ մասին. «Այն կօգնի արմատախիլ անել մանկապղծության ցանկացած դեպք: Պարոն Գրիգորյան, ձեր արձագանքելու ձեւն ինձ ստիպում է թվեր հրապարակել նաեւ կալանքի դեպքերի հետ կապված: 2019թ.-ին ներկայացվել է կալանքից ազատման 1984 միջնորդություն, որոնցից բավարարվել է 1802-ը, այսինքն՝ 98%-ը: Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ թիվ է»:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր կոպիտ տոնով էր արտահայտվել ՄԻՊ աշխատանքի մասին՝ ասելով, որ Թաթոյանը երկակի չափանիշներով է մոտենում այս կամ այն իրադարձություններին, որոնք կապված են քաղաքական գործիչների հետ: Արման Թաթոյանը դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին. «Պարոն Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել, չհամարձակվեք իշխանական դիրքերից խոսել ՀՀ ՄԻՊ-ի հետ…»:

RA National Assembly session took place

Այստեղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն Արման Թաթոյանին հորդորեց պատգամավորների հետ հարգալից խոսել: Թաթոյանը շարունակեց. «Մյուս անգամ չփորձեք սպառնալ ՀՀ ՄԻՊ-ին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները: Ավելին՝ դուք անգամ չէք տիրապետում նրան, որ ՄԻՊ-ը չի աշխատում կանոնադրությամբ, եւ ես ձեր հետ քննարկելու բան չունեմ: Իսկ կանանց իրավունքներին մի հսկա բաժին է նվիրված»:

Ապա Թաթոյանն ԱԺ նախագահությանն ու պատգամավորներին շնորհակալություն հայտնեց գործակցության, քննարկումների համար եւ շեշտեց՝ անկեղծորեն պատրաստակամ է, եւ իր համար քննադատությունն էլ է կարեւոր. «Պատկերացնո՞ւմ եք, որ գամ ու ինձ միայն գովեն»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Այնուամենայնիվ, իհարկե, դուք ձեր պարտականությունները կատարում եք ձեր ու շատերիս համար լավ ձեւով, բայց պետք է հաշտվել, որ այս կամ այն պատգամավորի համար կարող է որեւէ բան գոհացուցիչ չլինել: Դա պատգամավորի իրավունքն է, կներեք… Ես ձեր հանդեպ անթաքույց համակրանք ունեմ, բայց անընդունելի եմ համարում ձեր անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մյուսի ելույթի հանդեպ: Դուք եւ բոլորս ավելի հարգալից ու հանդուրժող պետք է լինենք բոլորի հանդեպ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031