Ստոկհոլմում գործող «Խաղաղության հարցերի ուսումնասիրության միջազգային ինստիտուտի» (SIPRI) ղեկավար Դեն Սմիթը մտավախություն ունի, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին ահաբեկչական սպառնալիքը կբարձրանա: «Դա մասնավորապես վերաբերում է Իրաքին և Սիրիային: Իրաքում արդեն իսկ դիտարկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվության վերականգնման նախանշաններ»,-հայտարարել է Սմիթը:
Նա նաև նշել է, որ Եմենում հակամարտությունը կարող է խորանալ, Աֆղանստանում ևս ակնկալվում է «Թալիբան» ծայրահեղական շարժման դիրքերի ուժեղացում:
International Crisis Group վերլուծական կենտրոնի ղեկավար Ռոբերտ Մելին ևս ակնկալում է, որ աշխարհում լարվածության աճ է գրանցվելու: «Կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով տնտեսության փլուզումը իր ազդեցությունն է թողնելու հակամարտությունների բոլոր օջախների վրա: Մենք գտնվում ենք անկարգությունների դարաշրջանի մեկնարկի փուլում»:
Մելին, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք Սպիտակ տանը զբաղեցրել է Մերձավոր Արևելքի հարցերով համակարգողի պաշտոնը, նշել է, որ համավարակից առաջ էլ մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով Հոնկոնգում, Իրաքում, Սուդանում, Ալժիրում կամ Լատինական Ամերիկայում իրականացվող քաղաքականության դեմ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ