Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան. Շարունակելու ենք պայքարել, որպեսզի այս օրենքը փոփոխվի, և նրա գործողությունը սահմանափակվի միայն իրական հանցագործների դեմ պայքարով

Մայիս 12,2020 14:03
aporini

«ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Մեր կուսակցությունը և ես անձամբ, այդ օրենքի նախագծի ի հայտ գալու պահից, հետևողականորեն պայքարել ենք ներկայացված տեսքով նրա ընդունման դեմ, համարելով, որ կոռուպցիայի և հանցագործության դեմ պայքարի քողի տակ, այն կարող է հարվածել բազմաթիվ անմեղ մարդկանց, որոնք որևէ հանցագործություն երբևիցե չեն գործել, և ակամա մեղավոր են դարձել հիմա, քանի որ որպես բարեխիղճ գնորդ, գույք են ձեռք բերել այն տարիներին, երբ դրա միջոցների հավաստագրումը ոչ ոքից չէր պահանջվում։

Նախագահը, ստորագրելով այս չարաբաստիկ օրենքը, զուգահեռ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ոչ միայն ընդունել է մեր բերած փաստարկները, այլև դրանց ավելացրել է նորերը՝ մասնավորապես նշել է, որ այս օրենքը իրավապահ մարմինների ձեռքում կարող է դառնալ կոռուպցիայի և կամայականության գործիք։ Նա նաև նշել է, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, օտարերկրյա ներդրողներ, իրավաբանական և մասնագիտական հանրության և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և անհատ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են ներկայացրել՝ օրենքի սահմանադրականության, դրա կիրառման արդյունքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև տնտեսության զարգացման, ներդրումային միջավայրի և ֆինանսական կայունության վրա օրենքի հնարավոր բացասական ազդեցության և հետևանքների վերաբերյալ:

Դրանով հանդերձ, նախագահը տարօրինակ որոշում է կայացրել այդ օրենքը ստորագրել, թեև շատ ավելի տրամաբանական կլիներ՝ ներկայացված հիմնավորումների ծանրության ներքո, հրաժարվել այն ստորագրելուց, և ուղարկել Սահմանադրական դատարան՝ ստուգելու օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը և նրանով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին։ Ես ծայրահեղ հիասթափված եմ նախագահի այդպիսի որոշմամբ՝ մի բան է, երբ այսպիսի օրենք ընդունում է իր քաղաքական կարճատեսությամբ և նեոբոլշևիկյան հակումներով հայտնի գործող քաղաքական մեծամասնությունը, լրիվ այլ բան է, երբ այն ստորագրում է տարեց, փորձառու, և «աշխարհ տեսած» երկրի նախագահը, որը հստակ տեսնում է այս օրենքի մեջ դրված ականները, բացահայտ նշում է դրա մասին իր հայտարարության մեջ, սակայն վարանում է գործադրել իր սահմանադրական լիազորությունը՝ կանխելու այդ ականների հնարավոր պայթյունները։

Մենք շարունակելու ենք պայքարել նրա համար, որպեսզի այս օրենքը փոփոխվի, և նրա գործողությունը սահմանափակվի միայն իրական հանցագործների դեմ պայքարով։ Դրա հնարավորությունները, նույնիսկ նախագահի ստորագրելուց հետո, կան, և մենք դրանք լիարժեք օգտագործելու ենք։ Համոզված եմ, որ մեր քաղաքացիների օգնությամբ, մենք տեսանելի ապագայում կհասնենք դրան, մինչ այդ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր իմ գործընկերներին, որոնք այս ընթացքում սկզբունքային պայքար մղեցին այս օրենքի ընդունման և ստորագրման դեմ՝ այն առնվազն հնարավորություն տվեց հասարակության համար բացահայտել այս օրենքի վտանգները, և հիմքեր նախապատրաստեց դրանք հետագայում չեզոքացնելու համար։


Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031