Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի զանգը, Քենթի նուրբ ակնարկը

Մայիս 12,2020 13:20

ՌԴ ԱԳ նախարարը «ոչ օգտակար» հայտարարություններ էլ է անում, նկատում է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը

Թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Հայաստանի արտգործնախարարները շատ լավ գիտակցում են այն դրական դերը, որ Միացյալ Նահանգները խաղում է՝ օգնելով շարունակել երկխոսությունը, անցյալ շաբաթ հայտարարեց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում, պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին: «Մենք ակտիվորեն ներգրավված ենք գործընթացի մեջ՝ օգնելով կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկխոսությունը, որի հիմքում է խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակը, հիմնվելով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Դա ներառում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, սակայն նաեւ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Լեռնային Ղարաբաղի դեպքում այդ սկզբունքները կողմերը տարբեր կերպ են մեկնաբանել»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Ի պատասխան հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կիսում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված հայտարարությունը ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ, Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել էր. «Ես չեմ մեկնաբանելու Ռուսաստանի արտգործնախարարին, ասեմ միայն, որ նա վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ, այդ թվում Դոմբասի իրավիճակի վերաբերյալ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խորը ներգրավված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության ընթացքն ապահովելու գործում»:

Անդրադառնալով հետկորոնավիրուսային աշխարհում ԱՄՆ-ի առաջնահերթություններին, Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել էր՝ տարածաշրջանի երկրների նկատմամբ դրանք իրենց հիմքում անփոփոխ են մնալու. «Մենք ցանկանում ենք, որ այդ երկրները հաջողության հասնեն, կառուցեն բարգավաճող, ժողովրդավար, պատասխանատու պետություններ, ապահովեն իրենց անվտանգությունը, հակազդեն դրսից եկող որեւէ ագրեսիայի կամ ազդեցության»:

Կորոնավիրուսի վարակի տարածման շրջանում մտահոգող խնդիրներից մեկն է Ռուսաստանից եւ Չինաստանից կառավարվող ապատեղեկատվության ալիքը, նկատել էր Քենթը: Մասնավորապես, ապատեղեկատվության լուրջ տարափ է տարածվում ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում բացված բիոլաբորատորիաների մասին: Այդ բիոլաբորատորիաների նպատակն է օգնել երկրներին հակազդել բիոլոգիական վտանգներին, եւ դրանք հենց հիմա ծառայում են այդ երկրներին. «Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում այդ լաբորատորիաների միջոցով է կատարվում թեստավորումը եւ պայքարը կորոնավիրուսի դեմ հենց հիմա»:

Մինչդեռ ապատեղեկատվություն իրականացնող ուժերը փորձում են կեղծ տեղեկություն տարածել, թե այդ լաբորատորիաները ստեղծում են վարակներ, այլ ոչ թե պայքարում դրանց դեմ: «Ռուսաստանը այդ հին սուտը կրկին ու կրկին տարածում է, խոսելով Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի լաբորատորիաների մասին: Մենք տեսնում ենք՝ ինչպես են այդ սուտը տարածում Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող քաղաքական ուժերը, լրատվամիջոցները: Վերջերս նկատելի է նաեւ, որ այդ ռուսական ապատեղեկատվությունը լաբորատորիաների վերաբերյալ սկսել է տարածել նաեւ Չինաստանը: Մինչդեռ, կրկնեմ, հենց այդ լաբորատորիաներում է կատարվում կորոնավիրուսի թեստավորումը, հենց այդ լաբորատորիաներն են օգնում երկրներին պայքարել COVID վարակի տարածման դեմ»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը:

Երկու տարբեր թեմաներ՝ Ղարաբաղյան հակամարտություն եւ կորոնավիրուսի վարակի տարածման հարցում Ռուսաստանից կառավարվող ապատեղեկատվության ալիք, բայց հենց այս երկու հարցերում ամերիկացի դիվանագետը նրբորեն զուգահեռներ է անցկացրել՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը կարող է ոչ օգտակար հայտարարություններ անել:

Ջորջ Քենթն, իհարկե, դիվանագիտորեն չի հակադրվում Լավրովին՝ ԼՂ հարցում, բայցեւ հիշեցնում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու հիմնարար սկզբունքները՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, սակայն նաեւ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք:

Ասել է թե, այս սկզբունքներից մեկի գերակայությունը կողմերից որեւէ մեկին պարտադրելը՝ չի բխում խաղաղ կարգավորման շահերից: Նկատենք, թե ինչ մթնոլորտում ամերիկացի դիվանագետը հանդես եկավ նման մեկնաբանություններով:

Անցած օրերին Նիկոլ Փաշինյանը եւ Զոհրաբ Մնացականյանը պարզաբանումներով հանդես եկան ԼՂ կարգավորման վերաբերյալ: Արտգործնախարարի՝ ԱԺ-ում ելույթին արդեն անդրադարձել ենք:

«Ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր դիրքորոշման մասին այնքան բան չի ասել, որքան մեր կառավարությունը` կիլոմետրերով բազմիցս մենք մեր դիրքորոշումն ենք արտահայտել», -ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Մեզնից պատասխան կարո՞ղ է պահանջել, այո, կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը: ՀՀ ժողովուրդը մեզ վստահության քվե է տվել, որ մենք գնանք, բանակցենք: Մեզ ոչ ոք չի կարող ասել` ի՞նչ եք բանակցում, ասում եմ` ինչ-որ պետք է, այն էլ բանակցում ենք: Երբ մենք կհամարենք, որ այդ բանակցության արդյունքում ունենք մի բանաձեւ, որ կարող ենք ներկայացնել Անվտանգության խորհրդին, ԱԺ-ին, ժողովրդին եւ հանրությանը, կգանք, կներկայացնենք, որովհետեւ Ղարաբաղի հարցում կա մի շատ կարեւոր բանաձեւ՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, ոչինչ որոշված չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ իշխանություններն ինչքան լիազորություն ունեն, բանակցում են, բանակցությունների գնալիս չեն վախենալու՝ ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից։

Պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե Ադրբեջանը միտված չէ լուծել խնդիրը քաղաքակիրթ միջազգային նորմերին համապատասխան, Փաշինյանը հավելել էր. «Եթե ձեր ասածը ճիշտ է, որ Ադրբեջանը տրամադրված չի հարցի կարգավորման, ուրեմն չի կարգավորվի հարցը: Մենք ասում ենք՝ հնարավոր է իրագործել միայն այնպիսի լուծում, որը ընդունելի է Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Բա, եթե հեշտ լիներ հարցի լուծումը, հիմա հարյուր անգամ լուծված կլիներ: Եթե դուք համոզված եք, ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է եւ ուզում է հարցի լուծում: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ: Ռուսաստանն էլ է ուզում, ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ, կարեւորը նրբությունների մեջ է: Եթե պարզվի, որ Ադրբեջանը չի ուզում հարցի լուծումը՝ չի լուծվի հարցը»:

Ահա՝ ՀՀ ԱԳ նախարարի, ապա վարչապետի ծավալուն պարզաբանումներից հետո ռուսական կողմի նախաձեռնությամբ անցյալ շաբաթ կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը։ «Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներին հասցեագրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ գործընթացին», ասվում էր ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Ըստ ամենայնի, ռուսական կողմը հայկական հրապարակային ելույթների հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ է ցանկացել լսել՝ հենց բանակցողներից: Կարելի է ենթադրել, որ Մոսկվային, որը, ըստ էության, բանակցային գործընթացի որոշ մանրամասներ գաղտնազերծեց՝ հայկական կողմից ստացված լրացուցիչ մեկնաբանությունների առիթով այնքան էլ ոգեւորված չի լինի:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը վստահաբար ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ: ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ այն ձեւաչափն է, որում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են՝ առանց հրապարակային կշտամբանքների: Տպավորություն է ստեղծվում, որ Միացյալ Նահանգների համար հարմար իրավիճակ է, երբ կարգավորմամբ ակտիվորեն զբաղվում է Ռուսաստանը, եւ եթե Մոսկվային հաջողվի ինչ-որ առաջընթաց գրանցել, Վաշինգտոնը կողջունի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031