Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը «սոցիալական հեռավորություն» է սահմանում

Մայիս 12,2020 22:00

Անցած շաբաթների ներքին եւ արտաքին իրադարձությունները ստիպեցին պաշտոնական Երեւանին իրերը կոչել իրենց անուններով եւ բացահայտորեն սահմանել այն «կարմիր գծերը», որոնք ոչ միայն մենք չենք անցնելու, այլեւ թույլ չենք տա, որ ուրիշները հատեն, որքան էլ որ դրան ձգտեն, հղում անելով կամ հեռավոր անցյալին, կամ հեռավոր վայրերի հետ կապված ինչ-ինչ «սկզբունքներին»՝ Կազանից մինչեւ Մադրիդ, թաքնվելով «փուլային-փաթեթային» ծխածածկույթի հետեւում։

Իհարկե, իմաստ չունի երկար-բարակ կանխատեսումներ ծավալել, թե ինչ է լինելու Ղարաբաղյան կարգավորման գործընթացում եւ հայ-ռուսական հարաբերություններում վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից կամ մեկ տարուց, ի վերջո ամեն ինչ էլ կարող է լինել, եւ Երեւանը պետք է պատրաստ լինի ցանկացած ուղղությամբ զարգացումների, սակայն ակնհայտ է, թե ինչ հաստատապես չի՛ լինի։

Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունները գազի գնի, ռուսական ընկերություններում քրեական գործերի եւ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, Բաքվին թեւ տալով, ազդակ հանդիսացան, որպեսզի Ալիեւի ռեժիմը փորձի դիվանագիտական դաշտում գրոհել Հայաստանին եւ Արցախին։ Դրան զուգահեռ, թեւ տալով Հայաստանի ներսում տարբեր կուսակցություններին, ազդեցության քաղաքականացված խմբերին, սոցցանցերի ակտիվիստներին, ԶԼՄ-ներին եւ «ԶԼՄ-ներին», պարոն Լավրովի հայտարարությունները մեկնարկ տվեցին գրոհին նաեւ Հայաստանի ներսում։ Ընդ որում, բավականին թափանցիկ շարժառիթներով արշավն այն աստիճանի կացնային էր, որ վերածվեց յուրօրինակ «ինքնալյուստրացիայի». հստակորեն ուրվագծվեց ինչ-ինչ սուբյեկտների մի շրջանակ, որը «հավատում է» պարոն Լավրովին եւ միաժամանակ «չի հավատում» Հայաստանի ԱԳ նախարարին, որքան էլ որ գերատեսչությունն ուղիղ տեքստով, բանավոր կամ գրավոր, պարզաբանի, թե ինչն ինչոց է։

Տպավորություն կա, որ Ազգային ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո «Լուսավոր Հայաստանի» վրա թանձրացող հասարակական անվստահության ստվերը տարածվեց նաեւ այն չափազանց կարեւոր արձանագրման վրա, որը բարձրաձայնեց այդ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Հիշեցնենք, որ նա վարչապետ Փաշինյանի եւ նախարար Մնացականյանի հետ հանդիպումներից հետո հայտարարեց հետեւյալը. «Հրապարակային հայտարարություններից դուրս որեւէ մտահոգիչ բան չկա: Ինձ համար Արցախի հիմնախնդրի վերաբերյալ եղած շահարկումները փարատված էին նախկինում, հիմա էլ են փարատված: Այս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված, որեւէ փաստաթուղթ չի բանակցվում»։ Կարեւոր չէ, թե որքանով հիմնավորված կարելի է համարել այն մոտեցումը, որ պարոն Մարուքյանը եւ նրա կուսակցությունը սպասարկում են նախկինների «մտահոգ» շրջանակի օրակարգը, սակայն այդ շրջանակի կողմից Լավրովին ինտենսիվորեն եւ աղմկոտ «հավատալու» գործընթացը բոլոր դեպքերում կարելի է քաղաքականապես «թաղված» համարել եւ ցավակցել պարոն Լավրովին։

Ինչ վերաբերում է Բաքվին պահվածքին, ապա այն որեւէ քննության չի դիմանում նույնիսկ պարզ մեղսունակության տեսակետից։ Ալիեւի ռազմական գերատեսչության ղեկավարը հանկարծ որոշեց, որ հայկական կողմը պետք է հաստատապես գնա ինչ-ինչ սադրանքների, որոնք հաստատապես ստիպելու են «խաղաղասեր» Ադրբեջանին դրանք «կանխել», եւ դրանից ելնելով հրապարակային հրաման է արձակում սահմանին տեղակայված ռազմական կառույցներին «պատրաստ լինել», «ավելի լավ պատրաստ լինել»։ Իհարկե, պաշտոնական լուսանկարների պարզ «ֆեյս-կոնտրոլը» բավարար է, որպեսզի հօդս ցնդեն բոլոր սպասումները, թե այդ գերատեսչության մեջ ինտելեկտուալ բարձունքներ են նվաճելու, եւ պարզ է, որ նման հայտարարությունները գալիս են անձամբ Ալիեւից, սակայն բաց է մնում հարցը. մի՞թե կարելի է այդ աստիճանի թերագնահատել դիմացինի մտավոր ունակությունները։ Հայկական կողմը պարզապես այլեւս հարկ չհամարեց դրան լրջորեն անդրադառնալու, ընդամենը ԱԳ նախարարը պատգամավորների հետ քննարկմանը մեկ նախադասություն ասաց, որ Հայաստանն ուղղակի մերժում է սպառնալիքի լեզուն, ընդունում է բանակցությունների լեզուն, եւ շարունակելու է բանակցել։ Անշուշտ, կարիքը չկա հիշեցնելու Դավիթ Տոնոյանի նախազգուշացումը, որը նա բարձրաձայնեց ամիսներ առաջ ռուսական լրատվամիջոցներին, որ նոր պատերազմը հանգեցնելու է Ադրբեջանի կողմից նոր տարածքների կորստին։

ԱԳ նախարարը նաեւ ասաց, որ փոխզիջումը, որի հիման վրա հնարավոր է խնդրի լուծումը, չի կարող լինել միակողմանի կամ անհամաչափ։ Այսինքն, Լավրով չէ, ով ուզում է լինի՝ մեզ չի՛ կարող թելադրել քայլեր, որոնք սպառնալիքի տակ են դնելու Արցախի անվտանգությունը եւ ապագան։ Իհարկե, պարոն Լավրովի հայտարարությանն ի պատասխան՝ Հայաստանի ԱԳ նախարարը սխալ կլինի, որ ուղիղ տեքստով ասի, որ նա ուղղակի հին բանսարկու է եւ խաբեբա, ինչի մասին վկայում է պարոն Լավրովի վերջին տարիների հրապարակային գործունեությունն ընդհանրապես։ Սակայն, «Լավրովին հավատացողների» ակումբն ըստ ամենայնի հենց դրան էլ ձգտում էր, փորձելով լարվածություն ստեղծել Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների մթնոլորտում, որն առանց այն էլ անամպ չէ։

Իսկ նացիզմի դեմ տարած Հաղթանակի 75-ամյակին ընդառաջ ռուսները որոշեցին Երեւանին եւս մեկ «նվեր» մատուցել։ Ռուսական պետական գործակալություն ՏԱՍՍ-ը հրավիրում է Ալիեւին հարցազրույցի՝ «Մեծ Հայրենական պատերազմում Ադրբեջանի ահռելի դերի» վերաբերյալ դատողություններ անելու եւ հայ ժողովրդի, Հայաստանի ուղղությամբ քարեր նետելու նպատակով։ Եվ ադրբեջանական պրոպագանդան մեկ օրում «անջատում է» Արցախի թեման եւ «միացնում» Նժդեհի մասին իր հնամաշ սկավառակը։ Չեկիստական այդ ստոր, բայցեւ՝ պարզունակ հնարքը բերեց որոշակի հետեւանքների, ոչ այնքան հաճելի՝ ոչ ռեժիսորի, ոչ էլ կատարողի համար։ Նախ, Ալիեւն ուղղակի արհամարհանքի արժանացավ ռուսական մամուլում, երբ նրան հիշեցրեցին հրապարակումներից մեկում, թե ինչ է տեղի ունեցել մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի տուն-թանգարանների հետ Չարդախլու գյուղում, իսկ «Մոլոտովի կոկտեյլի» ադրբեջանական ծագման մասին Ալիեւի պատմած զվարճալի պատմությունը բազմաթիվ քաղաքացիների տոնական տրամադրությունն ուղղակի դարձրեց էլ ավելի տոնական, գումարած ռուսական մամուլի հեգնանքը։

Ռուսական հարթակում այս ստորացուցիչ գզվռտոցը, որի մեջ հայկական կողմի ցանկությունից անկախ մեզ ներքաշեցին, բերեց ոչ թե նրան, որ մենք էլ մեր կողմից սկսենք «արդարանալ» ռուսների առաջ, ինչին էլ ձգտում էին Մոսկվայում, այլ ստիպեց հաղթահարել ընկալումների իներցիան։ Եվ առաջին անգամ էր, երբ Հայաստանի ղեկավարն իր Մայիսի 9-ի պաշտոնական ուղերձում միանգամայն արդարացիորեն չի օգտագործել «Մեծ Հայրենական պատերազմ» եզրույթը, իսկ մայրաքաղաքը զերծ էր շովինիզմի, ատելության եւ նեոկայսերապաշտության խորհրդանիշի վերածված «գեորգիեւյան ժապավեններից»։

Այո՛, այլեւս միայն հաշվարկ, հանդարտություն եւ առողջ բանականություն, եւ վաղուց էր պետք մտածել, որ գրեթե երեսուն տարվա անկախություն ունեցող պետությունը պետք է պատշաճ «սոցիալական հեռավորություն» սահմանի եւ ապահովի ոչ միայն կորոնավիրուսի համավարակի հետ կապված, այլեւ տարբեր խողովակների վրա պարազիտացած հակաքաղաքակրթական մնացուկներից, որոնց հոգեվարքի ականատեսն ենք։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031