Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտարարեցինք, որ ստրատեգիական ուղղություն է, սակայն եկան կառավարողներ, որոնք գյուղատնտեսությանը սկսեցին այլ կերպ վերաբերվել. «Փաստ»

Մայիս 12,2020 12:56

Վերջին տվյալներով, այս տարվա մարտի 1-ից Հայաստան է վերադարձել 63 000 մարդ: Նրանք, որոնք արտերկիր, հատկապես Ռուսաստանի Դաշնություն էին մեկնել արտագնա աշխատանքի:

Բայց այստեղ առաջ է գալիս հաջորդ՝ ամենակարևոր հարցը. ի՞նչ անել այս անելանելիության պայմաններում, երբ պետք է մարդկանց ապահովել աշխատանքով:

Իրավիճակը մեղմելու համար նախաձեռնությամբ հանդես եկան մարզպետարանները, որոնք նախաձեռնել են աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ մարզերում աշխատանք գտնելու հարցում: Այս դեպքում խոսքը բացառապես շինարարական աշխատանքների մասին է:

Բայց ակնհայտ է, որ 60 հազարից ավելի մարդու ուղղակի անհնար կլինի տեղավորել աշխատանքի հենց շինարարության ոլորտում: Այս հարցում կարող է օգնության գալ գյուղատնտեսության ոլորտը: Տարբեր հաշվարկներով Հայաստանի տարածքում այսօր հողերի շուրջ 60 տոկոսը չի մշակվում, ընդ որում, ամենատարբեր պատճառներով:

Արդյոք ստեղծված իրավիճակում պետությունը չպե՞տք է հաշվարկված քայլ անի՝ երկրում պահելով վերադարձած քաղաքացիներին, նրանց համար շահավետ պայմաններ ստեղծելով գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու համար: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է, որ կառավարությունը վաղուց տեղյակ է այս խնդրին, իրենք պարբերաբար հանդիպումների ժամանակ տեղյակ են պահել, որ մարդիկ վերադարձել են Հայաստան և այժմ չեն կարող այլևս մեկնել արտագնա աշխատանքի:

«Այստեղ այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, պետք է գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվեն, բայց նրանց համար անհասանելի են թե՛ գյուղատնտեսական վարկերը, թե՛ այլ ծրագրերը: Մեծ հաշվով, կառավարությունը գյուղատնտեսական ծրագիր չունի: Նա մատը մատին չտվեց, բայց գյուղացին հասկացավ, որ մի բանով պետք է զբաղվի: Օրինակ՝ Շիրակի մարզում բանկերի մոտ հսկայական հերթեր են գոյացել վարկեր ստանալու համար: Տեսեք՝ Շիրակի գոտում անցած տարվա համեմատ մոտ 10 տոկոսով ավելացել են կարտոֆիլի ցանքատարածությունները, մինչդեռ մենք սպասում էինք, որ դրանք կպակասեն: Հարց է, սակայն, թե մարդիկ ի՞նչ են ցանել: Հիմնականում՝ անորակ սերմեր, և ռեկորդային բարձր բերքի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Բայց ստացվում է, որ մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ առանց կառավարության աջակցության: Կառավարությունն այստեղ ոչ մի կապ չունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

«Մի տեսակ անտարբերություն կա: Այստեղ կարևոր է հարցը՝ որո՞նք են երկրի համար ստրատեգիական ուղղությունները: Մենք հայտարարեցինք, որ գյուղատնտեսությունը ստրատեգիական ուղղություն է, սակայն եկան կառավարողներ, որոնք գյուղատնտեսությանը սկսեցին այլ կերպ վերաբերվել: Ղեկավարը պետք է հասկանա, թե Հայաստանն ուր է տանում»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031