Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Ըստ հրապարակված վերջին տվյալների՝ երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է։
Մայիսի 11-ից սկսած Թուրքիայում համավարակի կանխարգելման նպատակով արված սահմանափակումները մեղմանալու են, և հանրությունը վերադառնալու է նոր կանոններով սահմանված կյանքի։
Այս մեղմացումներն այստեղ ապրող հայաստանցիների մի մասի մոտ այսպես ասած «բարի լուր» է, քանի որ, նրանց կարծիքով հույս կա, որ վիճակը հետզհետե կկարգավորվի և կվերադառնան աշխատանքի։ Մինչ նրանք համավարակի՝ Թուրքիայի համար այս ռիսկային փուլում համբերատար և լավատեսորեն սպասում են վիճակի կարգավորմանը, մյուսները՝ շաբաթներ առաջ վճռել են հայրենիք վերադառնալ (վերադարձողների մեջ կան հայրենադարձվող ընտանիքներ) և համբերատար սպասում են իրենց գնալու օրվան։ Շատ ընտանիքներ այս օրերին ապաստան են գտել իրենց մտերիմների տանը, քանի որ հանձնել են իրենց վարձակալած տները, ավելին՝ մյուս անհարմարությունների հետ մեկտեղ (մեկ սենյակում՝ 2 ընտանիք, 5 երեխա, հեռավար դասեր) նաև մնացել են առանց դրամի։
Ինչպես գիտենք՝ Թուրքիայից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպչական մասի պատասխանատվությունն իր վրա է վերցրել գործարար Գագիկ Մուշեղյանը։ Նա Թուրքիայում կամավոր կերպով հավաքագրում է ՀՀ վերադառնալ ցանկացող հայաստանցիներին և կազմակերպում վերջիններիս վերադարձի գործընթացը՝ ՀՀ ԱԳՆ-ի, ինչպես նաև թուրքական և վրացական համապատասխան մարմինների անմիջական աջակցությամբ։ Գագիկ Մուշեղյանից տեղեկացանք, որ Թուրքիայից Հայաստան ՀՀ քաղաքացիների երկրորդ խմբի վերադարձը կկազմակերպվի մայիսի 14-ից մինչև մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում։ Այս պահին 191 ՀՀ քաղաքացի Հայաստան վերադառնալու որոշում է կայացրել և գրանցվել։
Կարդացեք նաև
«Ցուցակները վերանայել և վերջնական ճշտումներ ենք կատարել, բոլոր փաստաթղթային հարցերը՝ լուծել։ Կարանտինային ռեժիմի փոփոխությամբ պայմանավորված՝ 7 կամ 4 ավտոբուսով է իրականացվելու մեր քաղաքացիների տեղափոխումը։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ ուղևորի ուղեբեռը սահմանափակ է՝ 1 ճամպրուկ և մեկ ձեռքի պայուսակ (ինչը դժգոհություն է առաջացրել մեկնողների շրջանում)։ Վերջիններս թուրքական սահմանից դեպի վրացական սահման ոտքով են անցնելու և իրենք են ձեռքով տանելու իրենց ուղեբեռը։ Ընդ որում այդ ամենը պետք է կազմակերպվի արագ և առանց իրարանցում ստեղծելու։ Ի վերջո նրանք սահման են անցնելու համաճարակային արտակարգ իրավիճակի պայմաններում։ Մեզ այս մասին սահմանապահ ոստիկաններն են տեղեկացրել։ Թուրքական կողմից ոչ մի խնդիր չունենք, սպասում ենք, որ մոտ օրերս Հայաստանը պետք է լուր տա, որ երկրորդ խումբը արդեն կարող է ճանապարհ ընկնել»,- ասաց Գագիկ Մուշեղյանը։
Ավետիքի և Արփինեի ընտանիքը՝ 3 անչափահաս երեխաներն ու ամուսնու ծնողները Թուրքիայից ՀՀ հայրենադարձվող ընտանիքներից մեկն է։
«Համավարակից առաջ բոլորս էլ աշխատանք ունեինք և վաստակում էինք բավարար չափով գումար մեր կարիքները հոգալու համար։ Իրականում Թուրքիան մեզ աշխատանքից բացի ոչինչ չի տվել, իսկ այդ նույն աշխատանքը Հայաստանում չկար։ Մենք այստեղ վարձով էինք ապրում, իսկ տանտերը համավարակի այս օրերին համառորեն տան վարձն էր պահանջում։ Քանի որ հիմա չենք աշխատում, նաև չենք կարողանում վճարել։ Լավագույն տարբերակը՝ վերջնականապես հայրենիք վերադառնալն է»,- պատմեց Արփինեն։
Լիլիթ Պողոսյան, Թուրքիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: