Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբյանը՝ կնոջ վրա ծխախոտ հանգցնող ամուսնու եւ բռնարարի տնից նրա կնոջն «առեւանգելու» մասին

Մայիս 12,2020 12:28

«Իհարկե, մեր երկրում կան բազմաթիվ կանայք, որոնք պետք է հասկանան՝ իրենք իրավատեր են: Եթե նրանք չլինեին, մենք չէինք ընդունի ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքը: Այո, շատ կանայք չգիտեն իրենց իրավունքները»,-ԱԺ նիստում այսօր խոսելով ՄԻՊ տարեկան զեկույցի մասին՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց. «Ինձ դիմել էր կին, որի ամուսինը գրաֆիկով՝ օրվա ռեժիմով, ծխախոտը հանգցնում էր…այդ կինը վախենում էր դիմել ոստիկանություն, որովհետեւ հարեւանները կպատժեին: Այո, նման կնոջը պետք է բացատրել, որ նա իրավատեր է եւ քաղաքացի է նույնքան, որքան այդ սադիստը, որը պետք է լինի այնտեղ, որտեղ իր տեղն է»:

Զոհրաբյանը պատմեց, որ վերջերս մեկ այլ կին էր դիմել, որին թաքուն «օպերացիայով» առեւանգել ու հեռացրել են տնից. «Գիտե՞ք ինձ ով զանգեց ու փորձեց ահաբեկել: Ոչ թե այդ կնոջ ամուսինը, այլ մայրը՝ ասելով, թե ինչու եմ խառնվում, ինչու եմ քիթս խոթում իր աղջկա ընտանիք: Այդպես չպետք է լինի, նաեւ մտածելակերպ փոխելու խնդիր ունենք»:

Պատգամավորը շեշտեց, որ ըստ ոստիկանության տրամադրած վիճակագրության՝ չնայած օրենքի առկայությանը, շատ քիչ թվով կանայք են դիմում իրավապահների եւ բարձրաձայնում ֆիզիկական-հոգեբանական բռնության ենթարկվելու մասին:

Ապա Նաիրա Զոհրաբյանն ամբիոնից ցույց տվեց բռնության ենթարկված կանանց դիմանկարները, ինչին տեղից բղավելով արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ու ինչ-որ բան ասաց ՄԻՊ զեկույցի մասին: Զոհրաբյանը պատասխանեց. «Ես կանանց մասին էի խոսում, ոչ թե ձեր, եւ խնդրում եմ՝ բացարձակ մի ոգեւորվեք»:

Պատգամավորն այնուհետեւ հրավիրեց ոստիկանության ուշադրությունը. «Մի քանի ԶԼՄ-ներ դիմել են ինձ եւ հայտնել, որ ոմն անձ, որի հեռախոսահամարը պարզված է, զանգում եւ լրագրողներին սպառնում է, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում: Կարծում եմ՝ ԶԼՄ-ներն արդեն դիմել են իրավապահներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031