ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականը բազում հարցեր է առաջացրել հանրության ու ոլորտի ներկայացուցիչների շրջանում։
Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը, որը անցած տարի սեփական դիմումի հիման վրա ազատվեց աշխատանքից, «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց՝ չի ցանկանում նախկին իշխանությունների մարդ-նախարարների էֆեկտը շարունակվի։
Նախկին փոխնախարարը կարծիք հայտնեց, որ իր հրաժարականի պատճառները գուցե դեր խաղացել են նախարարի հրաժարականի հարցում։ «Այս ամեն ինչը երևի դրանցից մեկի ճչացող փաստերի հետևանք էր։ Մի քանի ուղղություններով ես հայտարարություն ներկայացրի, նախարարությունը շտապեց դրանք հերքել, չնայած, որ բոլոր հերքումները սուտ էին։ Բոլոր գործողությունները, որոնք նախարարությունն ասում էր՝ արել ենք, ըստ էության, քայլերն արվել են հենց իմ նախաձեռնությամբ։ Բոլոր փաստաթղթերն առկա են։ Մեծ ճնշումների տակ էր դա կատարվում։ Փորձում էինք ճեղքել հին համակարգի պահպանությունը։ Ավելի շատ աջակցում էին հին համակարգին, որպեսզի խնդիրները չգնան լուծումների փուլով։ Մասնավորապես՝ Սևանա լճում այնպիսի տեղեկատվություն էր վեր հանված ու բացահայտված, որոնց պետք է լուծում տրվեր։ Մենք լուրջ գործերով պետք է զբաղվենք։ Մարդկանց իմիտացիոն ու մանիպուլյացիոն դաշտը պետք է սահմանափակվի, որպեսզի ապագայում գոնե նվազեցնենք սուբյեկտիվ սխալների հնարավորությունը։ Այլապես, մենք գնում ենք կործանման ճանապարհով։ Ոլորտը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Շարունակել առանց տեսլականի, կույր կառավարումն անընդունելի է»,- ասաց ոլորտի նախկին պաշտոնյան։
Այսեր Ղազարյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ բնապահպանության նախարարությունում չեն ցանկացել բարձրաձայնել նախկին տարիներին Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման, պահածոյացված սիգի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկատվությունը։ «Սևանա լիճը կանաչում է, Սևանը մեռնում է, ֆոսֆորի քանակությունը լճում սլացիկ բարձրանում է, ասում ենք` ձկնաբուծական ցանցավանդակները մեկ օր շուտ պետք է հանենք, բայց մարդիկ, չգիտեմ՝ ինչ են մտածում… Սևանը կորցնում ենք: Շատ հարցեր կան, որոնց պատասխանները չկան»,- իր հարցազրույցներից մեկում բարձրաձայնել էր Ղազարյանը։
Կարդացեք նաև
Ղազարյանը բացահայտել է, որ չնայած այն բանին, որ վերջին տարիներին, երբ հանրապետությունում սիգի որսը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո` յուղի և տոմատի մեջ: Իսկ բնապահպանության նախարարությունը լռել է` ոչինչ չձեռնարկելով:
Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: