ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վիճել է լրագրողների հետ, ինչից հետո ընդհատել է ճեպազրույցը և հեռացել:
Ելույթի ժամանակ ամերիկացի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսն ախտորոշող թեստերն ամենաշատն են անցկացվել՝ մյուս երկրների համեմատ: CBS հեռուստաընկերության լրագրող Վեիցզյա Ցզյանը հետաքրքրվել է, թե ինչու է ԱՄՆ նախագահը կորոնավիրուսի թեստավորումը դիտարկում որպես համաշխարհային մրցակցություն և անընդհատ շեշտում այդ մասին, այն դեպքում, երբ ամերիկացիները շարունակում են մահանալ:
«Մարդիկ մահանում են ամբողջ աշխարհում: Այս հարցը ավելի լավ է Չինաստանին տաք: Ինձ մի՛ հարցրեք, Չինաստանին հարցրե՛ք: Եթե նրանց հարցնենք, անսովոր պատասխան կստանաք»,-պատասխանել է նախագահը:
Այնուհետև CNN-ի լրագրողն է փորձել հարց տալ, բայց Ցզյանը հետաքրքրվել է՝ ինչու է Չինաստանի մասին հենց իրեն ասում: «Այս հարցը հստակ որևէ մեկին ուղղված չէ, այլ ցանկացածին, ով տհաճ հարցեր է տալիս»,-ասել է Թրամփը:
Կարդացեք նաև
CNN-ի լրագրողի հարցերին նա հրաժարվել է պատասխանել՝ հայտարարելով, որ վերջինիս խոսքի հնարավորություն տրվել է, սակայն նա դա անտեսել է:
Միջադեպից հետո Թրամփն ուղղակի դադարեցրել է ճեպազրույցը:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Նախագահի խոսքով՝ մամուլը վերահսկողությունից դուրս է եկել: «Նայեք, թե ինչպես են նրանք միասին աշխատում (դավադրություն է): Նրանք ժողովրդի թշնամին են, բայց մի անհանգստացեք, մենք կհաղթենք նոյեմբերին»,-գրել է ԱՄՆ նախագահը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ