Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակ կողմը նստած հաց ու սոխ էր ուտո՞ւմ». «Իմ քայլի» պատգամավորը կոպիտ տոնով նախատեց ՄԻՊ-ին

Մայիս 12,2020 11:35

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր բավականին կոշտ ու բարձր տոնով գնահատեց մարդու իրավունքների պաշտպանի՝ 2019թ.-ի տարեկան զեկույցը, որը ներկայացվում է ԱԺ նիստում: Նրա խոսքով՝ զեկույցում շատ թերություններ եւ ոչ ամբողջական նկարագրություններ կան: «Կանանց իրավունքների մասին ավելի համապարփակ պետք է խոսեիք, ոչ թե երկու տողով»,-դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին՝ ասաց պատգամավորը:

Հակոբյանին չի գոհացրել նաեւ, իր խոսքով, ՄԻՊ-ի անտարբերությունը՝ ՀՀ-ում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի վերաբերյալ. «Երկու տարի շարունակ իշխանությունը եւ նրա առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, հոգեբանական բռնության, էլ չասեմ, թե կանանց մասին ինչ են խոսում, ինչ տեռորի են ենթարկում իշխանական կանանց, իսկ ձեր գնահատականը զրոյական է: Ես այստեղ միտում եմ տեսնում: Դուք աշխատել եք այս իշխանությունից առաջ եւ հիմա, եւ այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք դուք աշխատում եք»:

Ըստ պատգամավորի՝ Արման Թաթոյանը երկակի չափանիշներով է աշխատում. «Ինչպե՞ս է լինում, որ դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք վերաբերմունք՝ մեր գործընկերոջ ասածի մասին, բայց խորքային գնահատական չէք տալիս իրավիճակին: Ի՞նչ է, հակառակ կողմն իր համար նստած հաց ու սոխ էր ուտում, իսկ մեր գործընկերը եկավ ու վիրավորե՞ց…ես ձեզ խոհեմության եւ անաչառության կոչ եմ անում»:

Հիշեցնենք՝ Արման Թաթոյանը բացատրել էր, թե ինչու է արձագանքել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին ուղղված արտահայտությանը եւ ինչու չի արձագանքել Էդմոն Մարուքյան-Սասուն Միքայելյան միջադեպին:

Վաղարշակ Հակոբյանին զայրացրել է նաեւ այն փաստը, որ ՄԻՊ-ը չի արձանագրել քաղաքական մեծամասնության ներկայացուցչի հանդեպ բռնության գործադրմանը. «Ձեր կանոնադրությունում չկա կետ, որ նման դեպքերում դուք պետք է լռեք: Կիսով չափ որեւէ բանում ներգրավվելն անթույլատրելի է, եւ սա արժանանալու է հստակ քաղաքական գնահատականի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031