Մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը և դրան հետևած Նիկոլ Փաշինյանի ելույթը նրա երկամյա կառավարման յուրահատուկ գնահատականն էր։ Բացի էական խնդիրների բացահայտումից, այդ միջադեպը մի նրբերանգ էլ ուներ։ Ոչ վաղ անցյալում միևնույն դաշինքի անդամներն այսօր իրար են ծեծում ու մեղադրում նախկինների հետ կապի մեջ։ «Ելք» խմբակցության երրորդ համարը առաջինին մեղադրում է նախկին ռեժիմի սպասարկու լինելու մեջ, իսկ հինգերորդ համարը ծեծում է նրան, մինչդեռ, փաստն այն է, որ բոլորն էլ նույն խմորից են հունցված։ Խորհրդարանում տեղի ունեցածի, ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի շուրջ զրուցում ենք ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ։
–Որպես նախկին խորհրդարանական, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքը, դրան հաջորդած Փաշինյանի ելույթը։
-Տգեղ, տհաճ բան տեղի ունեցավ խորհրդարանում, կրկնակի ամոթալի էր, որ դա եղավ Շուշիի ազատագրման օրը, եռակի ամոթալի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ եղավ, քառակի ամոթալի, որ խորհրդարանական մեծամասնությունը բռունցքներով փորձում էր լռեցնել ընդդիմադիր խմբակցության ղեկավարին։ Մեր խորհրդարանի պատմության մեջ եղել են նման միջադեպեր, երբ պատգամավորի են հարվածել, բայց ողջ խմբակցությամբ հարձակվել մեկ պատգամավորի, խմբակցության ղեկավարի վրա, երբեք չի եղել։ Նախկինում նման դեպքերն իշխանությունը միշտ դատապարտել է։ 1996-ին, երբ Շավարշ Քոչարյանին հարվածեցին, Լևոն Տեր-Պետրոսյանը չասաց, թե լավ են արել, սադրել է։ Մեր ժամանակ էլ տհաճ միջադեպերը միշտ հարթվել են, դատապարտվել ու համարվել խորհրդարանական մշակույթին ոչ հարիր։ Երբ Արամ Մանուկյանի հետ միջադեպ էր եղել (խոսքը 2014-ին ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի վրա իր տան շքամուտքի մոտ հարձակման մասին է-Ռ.Խ.), ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իրեն ճղում էր, թե ինչպես կարելի է ընդդիմադրի վրա ձեռք բարձրացնել, այն դեպքում, որ Մանուկյանը քաղաքական ուժի ղեկավարին հայհոյել էր, ու նրան քաղաքացիներից մեկը հայրական ապտակ էր հասցրել։ Մենք նիստ արեցինք ու հայտարարեցինք, որ դա անթույլատրելի է և բռնություն է։ Արամ Մանուկյանն այն ժամանակ սադրանք թույլ չէ՞ր տվել, իսկ այսօր, երբ Էդմոն Մարուքյանն իր համար խելոք ելույթ էր ունենում, սադրու՞մ էր։ Խորհրդարանում ամեն ինչ լինում է, մենք էլ ենք բարձր տոնով բանավիճել և՛ Փաշինյանի, և՛ Մարուքյանի հետ, իհարկե, երբեք գործը բռունցքներին չի հասել, բայց անգամ դրանից հետո, որպես իշխող ուժի ներկայացուցիչ, ես միշտ ներողություն եմ խնդրել, ղեկավարությունն էլ դատապարտել է, ոչ թե կանգնել ասել ենք, թե «պադյեզդներում կփռենք ասֆալտին»։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, պառլամենտարիզմի թաղումն էր։ Մայիսի 8-ը եռատոնի և սգո օր է՝ պառլամենտարիզմի թաղման։ Փաշինյանն ասում է` քանի որ դուք մեզ քննադատում եք, մենք էլ ձեզ ծեծելու ենք, տեսեք, խորհրդարանում ենք ծեծում, «պադյեզդներում» էլ ենք ծեծելու։ Այսպիսի վարչակարգ 1930-ականներին եղել է Գերմանիայում։ Ով Հիտլերին թթու խոսք էր ասում, գեստապոն հետևից գալիս էր։ Հիմա էլ Նիկոլն ունի «հեղափոխության պահապաններ», որոնք այս կամ այն մարդուն են պատժում։ Ֆաշիստներն էլ 1937-ին ունեցել են «հեղափոխության պահապանների» խումբ, և ով նացիոնալ-սոցիալիստներին քննադատում էր, սպանում էին։ Սա խայտառակություն է։ Այս իշխանությանը միշտ պետք է հակառակորդ, թշամու կերպար։ Սկզբում ՀՀԿ-ն էր, Երևանի քաղաքապետի ընտրությանը չմասնակցեցինք, իրենք իրենցով էին, ասացին` սևեր ու սպիտակներ, հետո Հրայր Թովմասյանը դարձավ թշնամու կերպար։ Այսօր խորհրդարանում հավաքված են այն բոլոր ուժերը, որոնք ողջունեցին հեղափոխությունը, չկա մի ուժ, որը նրա կառավարման անդամ չի դարձել։ Նույնիսկ իր գաղափարական թվացյալ աջակիցներին այսօր հակառակորդ է կարգել։ Այսօր Էդմոն Մարուքյանն է, վաղը կլինի Գագիկ Ծառուկյանը, հետո հերթը հասնելու է «Իմ քայլը» խմբակցությունը բաժան-բաժան անելուն։ Այս ամենը նշանակում է մեկ բան՝ Փաշինյանն այլակարծություն չի հանդուրժում։ Այդ մարդիկ կարծում են, որ Նիկոլը ֆյուրեր է, համարյա Քրիստոս է, ինչ ասում է, ճիշտ է։
–Փաշինյանի դիտանկյունից` նախկին իշխանությունը «վիզը ծռել, խեղճացած, կռացած» արտաքին քաղաքականություն էր վարում, բոլորից ինչ–որ բան էր աղերսում, փշրանք ստանալիս էլ երջանիկ լինում։ Հիմա Փաշինյանը արտաքին քաղաքականություն է ստեղծում, Ձեր տպավորությամբ, ո՞րն է այդ քաղաքականությունը։
-Եթե այդ արտաքին քաղաքականությունը Հայաստանը սորոսական գավառ դարձնելն է, միգուցե ստեղծում է։ Այդ ո՞րն է նոր քաղաքականությունը։ Նախկինում Հայաստանը ՄԱԿ-ի, Եվրասիական միության, ՀԱՊԿ-ի անդամ է դարձել, թուրքերի հետ հարաբերություններում հավասարի պես է խոսել, հայ-թուրքական արձանագրություններից շահած դուրս եկել։ Ղարաբաղյան հիմնահարցում Ալիևը բողոքում էր, որ իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը, Պուտինը, Օբաման, Օլանդը հինգ հայտարարություն են արել, որտեղ ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր են համարել։ Եթե այսքանից հրաժարվում է, տակը ի՞նչ է մնում։ Հայաստանի անունը փոխել ու դնել նիկոլապետություն կամ լակոտապետությու՞ն։ Իրենք դասական բոլշևիկ են: Հայաստանի փրկությունը համերաշխության մեջ է։ Հայաստանի վիճակն այսօր շատ ավելի է վատացել, քան երկու տարի առաջ էր։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: