«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել «Գիտնականը և Նախագահը» վերնագիրը կրող գիրքը՝ նվիրված Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին:
Ընթերցողին հրամցվող սույն ժողովածուն, կազմված գլխավորապես արխիվային փաստաթղթերից եւ մամուլի հրապարակումներից, հրատարակվում է բանասեր, պատմաբան, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյա հոբելյանի առթիվ։
Սույն ժողովածուն պարզապես «հում նյութերի» մատուցմամբ ներկայացնելով հայ քաղաքական կյանքում վերջին շուրջ երեք տասնամյակի կենտրոնական դեմքի եւ գլխավոր դերակատարի, միջազգային ասպարեզում լայն ճանաչման արժանացած քաղաքական ու պետական գործչի, ակադեմիական շրջանակներում հայտնի գիտնականի կերպարը, արդյունավետ միջոց է դառնում ճանաչելու կամ պատկերացնելու որոշումների ընդունման միջավայրն ու խոհանոցը պայմանավորած իրողություններն ու հանգամանքները՝ կարեւոր մի հիմք ժամանակի պատմության ընկալման եւ անաչառ ներկայացման համար։
Առանց չափազանցելու՝ հազարավոր են Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ասված, պարզ դրականից մինչեւ հիացական խոսքերը, նրա գործունեությանը տրված ամենաբարձր արժեւորումներն ու գնահատականները, եւ դա՝ նրա քաղաքական գործունեության հենց սկզբից եւ առ այսօր։ Խիստ բազմազան են նաեւ դրանց հեղինակները՝ սովորական քաղաքացուց մինչեւ միջազգային բարձր մակարդակի քաղաքական, պետական եւ ազգային գործիչներ, տարբեր բնագավառների հեղինակություններ, միջազգայնորեն հայտնի ակադեմիական գիտնականներ։
Կարդացեք նաև
Անաչառությունը պահանջում է արձանագրել, որ դրական գնահատականների եւ արժեւորումների կողքին, Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեության դարձյալ սկզբից, եւ առ այսօր, իր ֆիզիկական ծավալով նույնքան առատ է նաեւ բացասականը՝ կոշտ քննադատությունները, ինքնամոռաց ու ագրեսիվ մերժողականությունը, բայց դրանք, որպես կանոն՝ վերագրումների, հերյուրանքների, զրպարտությունների, չարախոսությունների, ավելի հաճախ՝ պարզ զազրախոսությունների տեսքով։ Ելույթներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը բարեխղճորեն թվարկել է իրեն հասցեագրված համարյա բոլոր հիմնական մեղադրանքները:
Տրամաբանորեն՝ գնահատականների եւ վերաբերմունքի թե՛ դրական, թե՛ բացասական այս երկու իրողություններն էլ, որպես հիմք պիտի ունենային եւ ունենան Լեւոն Տեր-Պետրոսյանի նույն քաղաքական գործունեությունն ու դրա արդյունքները։ Արդ՝ ինչպե՞ս բացատրել այս հակասականությունը. ինչպե՞ս է, որ նույն հիմքը մի դեպքում առաջացրել է վերաբերմունքի խիստ դրական, մյուս դեպքում՝ ծայրահեղ բացասական ընկալում, գնահատական եւ վերաբերմունք՝ ձեւավորելով երկու ծայրահեղ հակադիր բեւեռ։ Այս փաստը պետք չէ շրջանցել կամ անտեսել՝ թեականության առջեւ չթողնելով այսօրվա եւ վաղվա ընթերցողին ու հետազոտողին։
Բնականաբար, դրական ու բացասական գնահատականի կարող է արժանանալ ամեն մի քաղաքական կամ պետական գործիչ։ Յուրահատուկը դրանց երկուսի էլ, արդեն շուրջ երեսուն տարի ձգվող անընդհատությունն ու տեւականությունն է եւ չթուլացող, անգամ խորացող ինտենսիվությունը եւ բեւեռացումը, եւ դա հատկապես այն դեպքում, երբ քաղաքական կյանքում առաջին պլանում է հայտնվում Առաջին նախագահի ֆիգուրը։
Ասենք, որ սա, թերեւս եզակի դեպքերից է, երբ քաղաքական–պետական գործչի մասին բացասականի հիմքում շատ կարեւոր ինֆորմացիա է դրված, ինչի բացահայտումը մեծապես լրացնում է եւ ամրապնդում նրա կերպարը դրական բեւեռում։
Հենց նման, շատ կարեւոր արդյունք է ստացվում բացասական բեւեռի հիմքերի ճանաչումից, շարժառիթների վերլուծությունից։ Դա Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական եւ պետական գործչի գործունեության բնութագիրն ու կերպարը ամբողջացնում է շատ կարեւոր գծերով, որոնք կա՛մ չկան, կա՛մ բավարար չափով չեն արտահայտված դրական բնութագրերում ու գնահատականներում։ Օրինակ՝ կեղծ ու վտանգավոր գաղափարախոսությունների, արկածախնդրության դեմ նրա պայքարը։ Բայց ոչ միայն։ Նրա նկատմամբ վերաբերմունքի ծայրահեղ բեւեռացման այս իրողության հիմքերի ու պատճառների բացահայտումը որոշակիորեն նպաստում է Հայաստանի վերջին երեսունամյակի պատմության դինամիկան եւ ելեւէջները քննելու, ընկալելու, գնահատելու, ընդհուպ՝ այսօրվա քաղաքական իրողությունները հասկանալու եւ կողմնորոշվելու համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: