Ազգային ժողովում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին Երեւանի մանկապարտեզներից մեկի տնօրենի անդրադարձը քննադատությունների առիթ է դարձել։ Հաստատության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հոլովակ, որտեղ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ապտակում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին եւ գրել․ «Չափալախն ինֆորմացիայի փոխանցման միջոց է»։
Բռնությունը կարծես թե արդարացնող մասնագետի վերաբերյալ, նորից ֆեյսբուքյան գրառմամբ, առաջինը տեղեկացրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Գիտե՞ք ինչու է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԸ այդպիսի նախադասություն գրում, որովհետեւ նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երեւանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ»,- գրել է Խաժակյանը՝ հավելելով, որ քաղաքապետի տեղակալը կարող է ցույց տալ քաղաքապետին, թե իր կնոջ քույրն ինչպե՞ս է արդարացնում ԱԺ-ում տեղի ունեցածն իր կարգավիճակում՝ մանկապարտեզի տնօրենի դերում։
Նրա գրառմանն արձագանքել է նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ նշելով, որ տնօրենի գրառման սքրինշոտը (լուսանկար) անպայման կուղարկի համապատասխան մարմիններին. եթե մանկապարտեզի տնօրենն ապտակը համարում է տեղեկատվության փոխանցման միջոց, ապա վտանգավոր է երեխաների համար։
Կարդացեք նաև
«ՀԺ»-ի հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց, որ հաստատության անվանումը դիտավորյալ չի նշել․ չարժե դրա անվան հետ կապել։ Երեւույթը, ըստ նրա, նկարագրել է, անհրաժեշտ տեղեկատվությունն էլ փոխանցել Երեւանի քաղաքապետարանին։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ խոսքը, եթե չի սխալվում, Երեւանի հ․ 85 մանկապարտեզի մասին է, իսկ հարցի վերաբերյալ դիրքորոշում կարող ենք համարել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը։ Այն հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու հարցի հետ կապված, նշեց, որ գրառման մեջ կա նաեւ զգուշացում։ Այն, ըստ Կարապետյանի, թեեւ ընդհանրական է, անձնավորված չէ, բայց արտահայտում է ընդհանուր դիրքորոշումը։
Անի ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում