Լրահոս
Օրվա լրահոսը

Հետկորոնավիրուսային Հայաստանը

Մայիս 12,2020 09:00

Այս սյունակը պատրաստելիս՝ ես դուրս բերեցի 39 թեզեր, որոնք ինձ հանդիպել են հետկորոնավիրուսային աշխարհին նվիրված տարբեր հոդվածներում: Այդ բոլոր դրույթների դժբախտությունը նրանում է, որ քաղաքակիրթ աշխարհը, որը խորհում է թեմայի շուրջ, մտածում է բացարձակապես այլ կատեգորիաներով՝ դրանք Հայաստանի համար դժվար ընդունելի են եւ բացարձակապես ժամանակավրեպ: Իսկ ոչ քաղաքակիրթ աշխարհը համակերպվել է կորոնավիրուսի հետ:

Բայց քանի որ ես եւ դու, իմ համեստ ընթերցող, մեզ ինտելեկտուալ ենք համարում, արի, ամեն դեպքում, մի քիչ մտածենք: Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետ դեռ որոշ ժամանակ ստիպված ենք ապրելու: Պարզ չէ, թե երբ կհայտնագործեն դեղամիջոց կամ պատվաստանյութ դրա դեմ, եւ ինչ կարժենա այն: Տարբեր փորձագետներ տարբեր ժամկետներ են նշում, բայց բոլորը համակարծիք են մի բանում՝ կորոնավիրուսը դեռեւս մեկ-մեկուկես տարի հրատապ խնդիր կլինի:

Նախեւառաջ, եւ այդ հարցում մենք բացառություն չենք, մարդիկ շատ հանգիստ ընդունեցին պետության փորձերը՝ խցկվել իրենց անձնական կյանքը: Դա բավականին տագնապալի նշան էր նրանց համար, ում այդ հարցը մտահոգում է: Մյուս կողմից՝ մենք բոլորս մեր անձնական տվյալները հանգիստ տալիս ենք Գուգլին, եւ տարբեր ֆեյսբուք-ինստագրամներին, եւ այդ դեպքում, պետությունն ինչո՞վ է պակաս, որ նույն տվյալները նրան էլ չփոխանցենք:

Վերահսկման հանդեպ մարդկանց հանդուրժողական եւ համբերատար վերաբերմունքի մասին առաջինը ուշադրություն հրավիրեց (դեռ մարտի 20-ին) Նոյ Յուվալ Հարարին: Նրա շատ հետաքրքիր հոդվածը՝ «World after coronavirus» («Աշխարհը կորոնավիրուսից հետո») հրապարակվել է Financial Times պարբերականում: Դրանում շոշափվում են շատ խորը թեմաներ, ինչպիսիք են մարդկանց վստահությունը պետական ինստիտուտների (եւ ոչ միայն) հանդեպ, հասարակության ինքնակազմակերպումը, կրթության կարեւորությունը: Թեզերն ամենեւին նոր չեն, բայց շատ լավ են ձեւակերպված:

Երկրորդ, պետք է հասկանալ, որ մարդկությունը տապալեց գլոբալ, էքզիստենցիալ խնդրի հանդիպելու պարագայում համախմբվելու թեստը: Շատերը, հատկապես ինտելեկտուալները ԱՄՆ-ից, անվերապահորեն մեղադրում են դրանում Թրամփի վարչակարգը, որպես հակընդդեմ օրինակ բերելով 2008-ին ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարը, 2014-ին էբոլայի համաճարակի դեմ պայքարը, երբ ԱՄՆ-ը անգնահատելի ներդրում ունեցավ այս խնդիրների լուծման հարցում: Իսկ ահա կորոնավիրուսի պարագայում ամեն երկիր ստիպված է պայքարել իր ուժերի ներածին չափով: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես են շատ խոշոր եւ ուժեղ երկրներ դժվարանում այս համավարակի դեմ պայքարում: Համախմբման քննությունը չանցանք նաեւ մենք՝ Հայաստանում: Տապալված կարանտինը եւ վարակվածների անընդհատ աճող թվերը դրա լավագույն ապացույցն են:

Երրորդը, եւ դա արդեն մեզ էլ է վերաբերում, փոքր երկրները, հիմնականում, վատ չեն գլուխ հանում համավարակից, բայց տնտեսապես շատ ավելի կտուժեն, քան մեծ երկրները: Արդեն հիմա ակնհայտ է, որ համավարակը եւ դրան հաջորդած կարանտինը շատ ծանր հարված հասցրին Հայաստանի զբոսաշրջային ոլորտին: Այնքան ծանր, որ պարզ չէ՝ կկարողանա՞ այն ոտքի կանգնել, թե՞ ոչ: Ակնկալվում է մեր երկրի տնտեսության մեջ մշտապես կարեւոր դեր խաղացող տրանսֆերների լուրջ կրճատում, պղնձի գնանկումը նույնպես ցավոտ հարված կլինի: Մի խոսքով՝ այս, եւ շատ հավանական է նաեւ՝ հաջորդ տարին մեր համար «կուշտերից» չեն լինելու:

Չորրորդը, պետք է հասկանալ, որ կարանտինը գործատուներին ցույց տվեց, որ կարելի է աշխատել նաեւ տնից: Տեսակոնֆերանսները, զում-չաթերը եւ ավտոմատացման այլ հրաշքները հստակորեն ցույց են տալիս, թե ինչի եւ ում հաշվին կարելի է տնտեսել բիզնեսի համար այս բարդ ժամանակներում: Ես կարծում եմ, որ տարբեր ոլորտներում կլինեն աշխատակազմերի վերանայումներ եւ ոչ այնքան կարեւոր աշխատակիցների կրճատումներ, ինչպես նաեւ շատ աշխատակիցների կտեղափոխեն  հեռահար աշխատանքի՝ գրասենյակային տարածքների վարձակալության գումարները նվազեցնելու նպատակով:

Հինգերորդը, մենք շատ հանկարծակի հայտնաբերեցինք, որ Հայաստանում նույնպես, ինչպես ողջ աշխարհում առաջացել է մի դասակարգ, որը շատ դիպուկ անվանել են Digital proletariat: Դրանք թվային հարթակների (մեր դեպքում՝ տաքսիստներ, առաքման ծառայությունների աշխատակիցներ եւ այլն) աշխատողներն են, որոնք ներգրավված են էլեկտրոնային ծառայությունների ոլորտում:

Եվ վերջապես, մի քանի հղումներ նրանց համար, ովքեր հետաքրքրված են ներքոբերյալ ինտելեկտուալ տեքստերով:

– Սա FInancial Times-ի այն բաժինն է, որը նվիրված է կյանքին՝ կորոնավիրուսից հետո:

Նոյ Յուվալ Հարարիի վերոնշյալ հոդվածն է:

-շատ հետաքրքիր մտորումներ են ունիվերսալ բազային եկամուտի մասին, հեղինակը վստահ է, որ համավարակը մարդկությանը կստիպի անցնել այս մոդելի ներդրմանը:

Ս. Յ.

«Առավոտ» օրաթերթ

12.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031